Տեղի ունեցավ Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հերթական դատաքննությունը
11:23, May 18, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. մայիսի 14-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2 տարեկան 3 ամսական Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությամբ՝ դատական ճառին պատրաստվելու համար դատարանի որոշումներին ծանոթանալու անհրաժեշտությամբ:
2015 թ. մայիսի 14-ի դատական նիստին Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պատճառով չէր ներկայացել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, տուժողի իրավահաջորդը, ինչպես նաև դատավարության մյուս մասնակիցները չառարկեցին դատական նիստը Ա. Սաքունցի բացակայությամբ անցկացնելու դեմ: Դատարանը, քննության առնելով Ա. Սաքունցի չներկայանալու հարցը, որոշեց դատական նիստն անցկացնել վերջինիս բացակայությամբ:
Ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, մինչ ճառի հրապարակումը, որոշ փաստաթղթեր գործին կցելու նպատակով դատաքննությունը վերսկսելու և դրանք հետազոտելու մասին միջնորդություն ներկայացրեց: Մասնավորապես, նա միջնորդեց գործին կցել իր գրությանն ի պատասխան «Արաբկիր» ԲԿ-ի կողմից տրված նույնանման ախտորոշում ունեցող յոթ հիվանդների հիվանդության պատմագրերի պատճենները, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բժշկական սխալի հիմքով քննվող մեկ այլ քրեական գործով միևնույն դատաբժշկական կենտրոնի միևնույն հյուսվածքաբանի կողմից դատարանում տրված ցուցմունքի արձանագրությունը, որով հայտնել է, որ թարախն ու ֆիբրինը կարող են առաջանալ 10-12 ժամվա ընթացքում, ինչպես նաև ներկայացրեց միևնույն փորձագիտական կենտրոնի փորձագետ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ կատարված փորձաքննության եզրակացությունը, հետագայում կատարված կրկնակի փորձաքննության եզրակացությունը, որով հերքվել են նախորդում արձանագրված թերությունները:
Գործով մեղադրող Դավիթ Կարապետյանն առարկեց միջնորդության դեմ, նշեց, որ Լիա Միսակյանի մահվան փաստի առթիվ երկար քննություն է ընթացել, սակայն փաստաբանը ցանկանում է իր ճառում հիմնվել մեկ այլ քրեական գործով ձեռք բերված տվյալներին: Բացի այդ, նա նշեց, որ այդպիսի դատավարական ընթացակարգ չկա, որ մեկ այլ քրեական գործի նյութերը, որոնք դեռևս հետազոտման փուլում են, բերվեն և հետազոտվեն մեկ այլ քրեական գործի շրջանակներում:
Տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանը նույնպես առարկեց միջնորդության դեմ և գտավ, որ այն անհրաժեշտ է մերժել: Վերջինիս ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը հավելեց, որ նյութերը, որոնք պաշտպան Ե. Սարգսյանը ներկայացնում է դատարանին, վերաբերում են մեկ այլ քրեական գործին, ձեռք են բերվել այդ քրեական գործի քննության ընթացքում, իսկ ինչ վերաբերում է հիվանդության պատմագրերին, ապա դրանք նույնպես վերաբերում են այլ հիվանդների և քանի որ յուրաքանչյուր հիվանդի մոտ հիվանդությունը կարող է տարբեր կերպ դրսևորվել և զարգանալ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը խնդրեց մերժել ներկայացված միջնորդությունը:
Գործով մյուս ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը չառարկեց ներկայացված միջնորդության դեմ, ավելին, գտավ, որ ներկայացված փաստաթղթերը վերաբերում են նույն հանգամանքին, իսկ պատմագրերի հետ կապված նշեց, որ վարույթն իրականացնող մարմինն ինքն է այլ հիվանդությունների պատմագրեր համեմատության համար ներկայացրել փորձագետներին:
Դատարանը, քննության առնելով միջնորդությունը, լսելով կողմերի դիրքորոշումը, գտավ, որ այն ենթակա է մերժման: «Արաբկիր» ԲԿ-ի այլ հիվանդների հիվանդության պատմագրերը գործին կցելու վերաբերյալ դատարանը նշեց, որ ինչպես մարդիկ նույնը չեն լինում, այնպես էլ հիվանդությունները նույնը չեն լինում և դրանք չեն կարող համընկնել: Մեկ այլ քրեական գործի նյութերի վերաբերյալ դատարանը նշեց, որ յուրաքանչյուր գործով կատարվել են առանձին փորձաքննություններ, և մեկ այլ քրեական գործով ձեռք բերված ապացույցները չեն կարող տվյալ քրեական գործով օգտագործվել որպես ապացույց:
Դատարանի որոշումից հետո Ե. Սարգսյանը հայտարարեց, որ չէր կասկածում՝ նման որոշում է կայացվելու, քանի որ դատարանը միշտ ցույց է տվել, որ փորձագետն իր համար անձեռնմխելի է:
Այնուհետև Զարինե Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանը հրապարակեց իր պաշտպանական ճառը: Վերջինս նշեց, որ Լիա Միսակյանի մահվան փաստով հարուցված քրեական գործով իրավապահ մարմինները, ինչպես նաև դատարանը, օբյեկտիվ քննություն չեն իրականացրել, նրանք փորձել են շրջանցել օրենքն ու իրավաբանությունը, որպեսզի գոնե մեկ դեպքով որևէ բժշկի ենթարկեն պատասխանատվության: Պաշտպանը դրա միակ պատճառը համարեց համաներման ակտի առկայությունը և նշեց, որ սա միակ դեպքն է, որ համաներման ակտն ի վնաս ամբաստանյալի է գործում: Ե. Սարգսյանը գտավ, որ ամբողջ դատաքննությունից պարզ դարձավ, որ այս գործի ելքը որոշել են երկու անձ՝ դատաբժիշկ Ս. Սևոյանը և կրկնակի դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Գ. Հարությունյանը: Պաշտպանը նշեց, որ ի սկզբանե որոշել էր հետևել Գ. Հովհաննիսյանի օրինակին և հրաժարվել ճառի իրավունքից, սակայն նշեց, որ այնուհետև որոշել է անդրադառնալ դիակի դատաբժշկական և կրկնակի դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին:
Կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության վերաբերյալ Ե. Սարգսյանը նշեց, որ դրանում չեն նշվել փորձաքննության մեթոդները, դրանց կիրառման հիմնավորումները, գրականության ցանկը, որն օգտագործվել է եզրակացության կայացման ժամանակ: Ե. Սարգսյանը հայտնեց, որ այդ եզրակացությամբ չկա մեկ նախադասություն Զարինե Այվազյանի կողմից թույլ տրված թերությունների մասին: Այդ առնչությամբ նա կարծիք հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովի անդամները խուսափել են պատճառական կապին անդրադառնալ, քանի որ եզրակացությամբ նախազգուշացվել են ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության համար, մինչդեռ, հանձնաժողովի նախագահ Գ. Հարությունյանը, դատարանում որպես փորձագետ հարցաքննության ժամանակ պնդեց, որ առկա է պատճառական կապ, քանզի դրա համար չէր կարող ենթարկվել քրեական պատասխանատվության:
Ե. Սարգսյանը նշեց, որ փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել են միայն Լիլիթ Վարդանյանի կողմից թույլ տրված խախտումները: Նա հավելեց, որ քաջ գիտակցում է, որ դատարանը մեղադրական դատավճիռ է կայացնելու և մեկ անգամ ևս նշեց, որ փորձագետի հարցաքննությունը չի կարող փոխարինել եզրակացությանը: Նա ներկայացրեց մի շարք հակասություններ, որոնք առկա էին կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության և այդ եզրակացության շուրջ հարցաքննված հանձնաժողովի նախագահ Գ. Հարությունյանի ցուցմունքների միջև:
Պաշտպանն անդրադարձավ նաև շնչառական ակտի վերաբերյալ Գ. Հարությունյանի ցուցմունքում հայտնած տվյալներին, նշեց, որ փորձաքննության եզրակացությամբ նշվել է, որ հաճախաշնչություն չի եղել, մինչդեռ Գ. Հարությունյանը դատարանում պնդեց, որ երեխայի մոտ եղել է հաճախաշնչություն: Պաշտպանը չբացառեց, որ Լիա Միսակյանը մահացել է թոքաբորբից, սակայն նշեց, որ ընդունման պահին երեխայի մոտ չեն եղել թոքաբորբի ախտանիշներ: Բացի այդ, պաշտպանը նշեց, որ Գ. Հարությունյանն իր ցուցմունքում նշել է, որ ամսի 2-ին երեխայի վիճակը կտրուկ վատացել է, իսկ հետո հայտնել, որ երեխայի մոտ հիվանդության զարգացումը կայծակնային բնույթ չի կրել:
Ե. Սարգսյանն իր ճառում նշեց, որ դատարանն այդ հիմքերով պետք է բավարարեր պաշտպանական կողմի միջնորդությունները և եզրակացությունը ճանաչեր որպես անթուլյատրելի ապացույց, մինչդեռ, դատարանն արձանագրային որոշմամբ մերժել է ներկայացված միջնորդությունը:
Պաշտպանն, անդրադառնալով դիակի դատաբժշկական եզրակացությանը, նշեց, որ այն նույնպես խախտումներով է կայացվել, որոնց վերաբերյալ հիմնավորումներն իր կողմից մանրամասն ներկայացվել էին նախորդ դատական նիստին:
Ե. Սարգսյանն իր ճառում անդրադարձավ նաև բուն արարքին: Նշեց, որ եթե Լիլիթ Վարդանյանին մեղադրանք առաջադրելու համար նախաքննական մարմինը հիմք է ընդունել կրկնակի դատաբժշկական փորձաքննությունը, ապա իր պաշտպանյալ Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել առաջին հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ արձանագրված խախտումների հիման վրա, իսկ դրա դեպքում մահվան հետ պատճառական կապը չի հիմնավորվել: Բացի այդ, նա նշեց, որ նախաքննության և դատաքննության ընթացքում այդպես էլ չպարզվեց, թե երբ է արյան քննության պատասխանը հայտնվել հիվանդության պատմագրում, սակայն նշեց, որ իր պաշտպանյալը 102 հիվանդ է սպասարկել և նրա կողմից ոչ թե բացահայտ անգործություն է ցուցաբերվել, այլ նա ուղղակի սպասել է, որ մայրապետը կբերի անալիզի պատասխանը:
Պաշտպանը անդրադարձավ նաև լրացուցիչ պատիժ նշանակելու՝ մեղադրող Դ. Կարապետյանի միջնորդությանը, նշելով, որ վերջինս իր մեղադրական ճառում այդ մասով որևէ հիմնավորում չներկայացրեց, այն դեպքում, երբ մեղադրանք առաջադրելուց հետո Զարինե Այվազյանի մասնագիտական գործունեությունը չի դադարեցվել, և նա շարունակել է աշխատել նույն բժշկական կենտրոնում: Պաշտպանն անդրադարձավ նաև ամբաստանյալի դրական բնութագրին, այլ հիվանդների ծնողների կողմից տրված շնորհակալագրերին: Ամփոփելով ճառը՝ Ե. Սարգսյանը խնդրեց հռչակել Զարինե Այվազյանի անմեղությունը:
Պաշտպան Ե. Սարգսյանի ճառից հետո դատավարության մասնակիցները հանդես եկան ռեպլիկով:
Մեղադրող Դ. Կարապետյանը նշեց, որ մեկ տարի Լիա Միսակյանի մահվան հանգամանքն է քննվում դատարանում, ոչ թե Գ. Հարությունյանի և մյուսների թերությունները: Մեղադրողը մի շարք հարցադրումներ ուղղեց, նշեց, որ պաշտպանի կողմից իր ճառում պետք է հարց դրվեր, թե Զարինե Այվազյանը ճիշտ է որոշել հիվանդությունը, թե ոչ, իմացել է արյան անալիզների ստացման մասին, թե ոչ և մի շարք այլ հարցադրումներ:
Տուժողի իրավահաջորդ Գ. Միսակյանն իր ռեպլիկում նշեց, որ Զարինե Այվազյանը ոչինչ չի արել, եթե երեխան լավ է եղել, ինչու նրան հիվանդանոցից դուրս չեն գրել:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանն իր ռեպլիկում նշեց, որ պաշտպանը չանդրադարձավ անամնեստիկ տվյալներին, որոնք առկա են եղել Լիա Միսակյանի մոտ և մոր կողմից հայտնվել են ընդունող բժիշկ Լիլիթ Վարդանյանին: Նա հակիրճ ներկայացրեց անամնետիկ տվյալների ընդհանուր պատկերը և նշեց, որ հիվանդանոցում ոչինչ չի արվել, բացի ջերմիջեցնող դեղամիջոցների ընդունումից: Չեն կատարվել բժշկի կողմից նշանակված մեզի և կղանքի անալիզները, ժամանակին չի ստացվել արյան քննության պատասխանը, երբ այն պատրաստ է եղել հունվարի 1-ին 11:00-ի սահմաններում: Տ. Սիրադեղյանը նշեց, որ ըստ տուժող կողմի պատասխանի՝ հիվանդության պատմագրում հայտնվելու ժամանակը գործով չպարզվեց այն միակ պատճառով, որ գործով ներգրավված հիվանդանոցի աշխատակիցները դրանում շահագրգռված չէին: Այնուամենայնիվ, Տ. Սիրադեղյանը նշեց, որ հիվանդանոցում գտնվելու ընթացքում երեխայի վիճակը վատացել է, որի մասին փաստում է արյան մեջ լեյկոցիտների քանակի նվազումը: Նշեց, որ գործով հարցաքննված փորձագետները նշեցին, որ ստացած բուժումը եղել է հակացուցված և այդ դեպքում պետք է նշանակվեր հակաբակտերիալ բուժում: Տ. Սիրադեղյանը նշեց, որ ճառով խնդրել են մեղավոր ճանաչել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքում և պնդեց այդ դիրքորոշումը:
Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գ. Հովհաննիսյանը հրաժարվեց ռեպլիկի իրավունքից, իսկ Զարինե Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանն իր ռեպլիկում նշեց, որ մեղադրանքի կողմը չի տարբերում թերությունները պատճառական կապից և մեկ անգամ ևս պնդեց, որ իր պաշտպանյալի արարքի ու Լիա Միսակյանի մահվան միջև բացակայում է պատճառահետևանքային կապ:
Աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ դատական նիստը հետաձգվեց և, դատարանի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով, նշանակվեց 2015 թ. հունիսի 12-ին, ժամը 10:30-ին: