«Հովհաննես Մոսյանը՝ ընդդեմ ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի» գործով կայացավ առաջին նախնական դատական նիստը
16:52, May 18, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ2016 թ. մայիսի 18-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Կ. Բաղդասարյանի, կայացավ «Հովհաննես Մոսյանը՝ ընդդեմ ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի» գործով առաջին նախնական դատական նիստը: Դատարան ներկայացված հայցով Հ. Մոսյանը պահանջել է վերացնել ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 2016 թվականի հունվարի 21-ի որոշումը, որով նրան պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տրամադրվել է 10 ամիս ժամկետով տարկետում:
Նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվորի ներկայացուցիչներ Գոհար Մոսյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը: Պատասխանողը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամի մասին, չէր ներկայացել դատական նիստին, ինչպես նաև դատարան չէր ներկայացրել հայցադիմումի պատասխան:
Դատարանը, ճշտելով հայցվոր կողմի տեսակետը՝ դատական նիստը, առանց պատասխանողի, շարունակելու վերաբերյալ, որոշեց նիստը շարունակել ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի ներկայացուցչի բացակայությամբ:
Այնուհետև Տ. Սիրադեղյանը ներկայացրեց հայցադիմումի առարկան և հիմքերը՝ նշելով, որ հայցվորի առողջական խնդիրների դեպքում պետք է կիրառվեին ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանի 7-րդ հոդվածների դրույթները, և նրան պետք է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվեր 3 տարի ժամկետով: Հայցվորի ներկայացուցիչը վկայակոչեց նաև գործով կիրառելի իրավական ակտերը:
Նախագահող դատավորը նշեց, որ վիճարկման հայցի դեպքում ապացուցման բեռը միջամտող վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի մասով կրում է վարչական մարմինը, որը, սակայն, հայցադիմումի վերաբերյալ որևէ դիրքորոշում չէր ներկայացրել դատարան:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը որոշեց պարտավորեցնել պատասխանողին դատարան ներկայացնել վարչական վարույթի նյութերը և հետաձգել նախնական դատական նիստը:
Հայցվորի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը դատարան ներկայացրեց ՀՀ Առողջապահության նախարարությունից իր հարցմանն ի պատասխան տրամադրված գրությունը, որը վերաբերում էր Հովհ. Մոսյանի մոտ առկա հիվանդության ախտանիշերին, ընդհանուր դրսևորումներին, բուժմանը:
Այդպիսով՝ նախնական դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2016 թ. հունիսի 28-ին՝ ժամը 11:30-ին: