Արթուր Սաքունց. Իշխանությունը հակված չէ զիջումներ կատարելու
18:34, May 17, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքՎերջին ամիսներին թե՛ հանրության և թե՛ քաղաքական շրջանակներում քննարկվող կարևորագույն թեմաներից է ԸՕ-ի շուրջ հնարավոր կոնսենսուսի ձևավորումն ու 4+4+4 ձևաչափի կայացումը։ Newsline.am-ի հարցին, թե հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի վերջին առաջարկությունները, արդյոք հնարավո՞ր է, որ իշխանությունը գնա զիջումների և դրանով իսկ նպաստի կոնսենսուսի կայացմանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը պատասխանեց։
«Վենետիկի հանձնաժողովը շատ հիմնարար հարցադրումներ է կատարել։ Խնդիրը վերաբերում է ընտրությանը մասնակցածների ցուցակների մատչելիությանը, երկրորդ՝ քաղաքական կոալիցիայի ձևավորման համար քաղաքական կուսակցությունների թվի փոքր լինելուն, որովհետև նախագծով առաջարկվում է ընդամենը, որ մի կուսակցությունը կարող է երկու այլ կուսակցության հետ կոալիցիա ձևավորել, և Վենետիկի հանձնաժողովը գտել է, որ դա բավական սահմանափակում է կոալիցիայի ձևավորման իրական հնարավորությունը նաև ժամկետի առումով՝ 2-3 օրը շատ քիչ ժաանակ է, որ կարող է տրամադրվել կոալիցիայի ձևավորման համար։ Հաջորդը դրել է բավական լուրջ խնդիր դիտորդական առաքելության, այսինքն՝ հանրային վերահսկողության սահմանափակումների մասով։
Ի դեպ ասեմ, որ մենք դեռևս Աժ-ում քննարկումների ժամանակ այդ ամբողջ հարցերը բարձրացրել ենք հենց Վենետիկի հանձնաժողովի հետ անմիջական հանդիպման ժամանակ։ Այնպես չէ, որ 4+4+4 ֆորմատով էր պայմանավորված այն խնդիրները, որ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է իր վերջին ամփոփման մեջ։ Վենետիկի հանձնաժողովի այս վերջին գնահատականում արձանագրված են բոլոր այն խնդիրները, որոնք դեռևս իրենց հետ հանդիպման ժամանակ (մարտին) մենք ներկայացրել ենք, բայց իրապես այդ քննարկումը որևէ էական փոփոխության չի հանգեցրել։ Եվ Վենետիկի հանձնաժողովն արձանագրում է, որ այն նախագիծը, որն ուղարկվել է իրենց, ամբողջովին այն խնդիրներն ունի, որի վերաբերյալ մտահոգությունները ներկայացրել էինք իրենց հետ հանդիպման ժամանակ։ Այսինքն՝ իրապես 4+4+4 ձևաչափը ձևական նշանակություն ուներ և ունի։ Ու այս պարագայում, իհարկե, մենք էլի մեր դիրքորոշումը հրապարակավ ներկայացրել ենք, և ուղարկվել է իշխանություններին։ Շուտով էլի մի հայտարարություն կուղարկվի արդեն նաև Վենետիկին, որ, ըստ էության, մենք ձեր փորձագիտական վերջին եզրակացության հետ համամիտ լինելով արձանագրում ենք նաև, որ իշխանությունները բացարձակապես պատրաստ չեն որևէ փոփոխության գնալու։ Այսինքն՝ այն կարևոր խորհուրդը, որը վերաբերում էր վստահության ձևավորմանն ու կոնսոլիդացիային, որպես այդպիսին տեղի չի ունեցել, առանց որի հնարավոր չէ խոսել ընտրական համակարգի նկատմամբ վստահության մասին։ Եվ այս պարագայում իշխանությունը՝ հանձինս ՀՀԿ-ի և իր համախոհների, արդեն իսկ կոալիցիոն ուժերի, բացարձակապես հակված չէ որևէ քայլ կատարելու, իրենց կոշտ դիրքորոշումներից փոքր-ինչ զիջում կատարելու։ Իրենց դիրքերը նրանք տեսնում են միայն սեփական իշխանության լծակները պահպանելու մեջ, որևէ այլ միտք, գաղափար, ծրագիր չունեն։ Նրանց ծրագիրը կոչվում է իշխանության և կոռուպցիոն համակարգի պահպանման ծրագիր։ Եվ դրա հետևանքով իրավիճակի հետագա նույնիսկ անկանխատեսելի հետևանքների համար պատասխանատվությունն իրենք են կրելու, կամ իրենք պատրաստ են առնվազն երևի մի 50-60 հոգու կա՛մ վռնդել երկրից, կա՛մ ձերբակալել, կա՛մ կալանավորել, որպեսզի անխափան իրենց իշխանությունն իրականացնեն։ Բայց կարծում եմ՝ բավական շփոթում են իրենք, որովհետև հանրությունը, բոլոր զոհվածների հարազատները շատ լավ հասկացել են ամեն ինչ»։
Մեր դիտարկմաը՝ եթե իշխանությունները պատրաստ չեն զիջման գնալու, սա արդյոք նշանակում է, որ կոնսենսուս չի՞ կայանա ԸՕ-ի շուրջ, Ա. Սաքունցը պատասխանեց.
«Մենք չենք կարող կոնսենսուսի գնալ այնպիսի մի համակարգի հետ, որի արժեքային բոլոր մոտեցումներըր հիմնված են կոռուպցիոն մեխանիզմների և կոռուպցիոն սկզբունքների վրա։ Խնդիրն այս է՝ այդ նույն համակարգն իր ներսում ունի՞ կարողություն հաղթահարելու կամ նվազեցնելու կոռուպցիան։ Եթե մենք սա տեսնենք, գուցեև հնարավոր կլինի մտածել ինչ-որ համատեղ քննարկումների մասին։ Բայց ո՛չ սահմանադրական փոփոխությունների, ո՛չ ԸՕ-ի նախագծի փոփոխության ժամանակ մենք չտեսանք որևէ կամք կամ ցանկություն։ Եվ խոսքը մեկ-երկու տարվա մասին չէ։ Խոսքը վերաբերում է 17 տարվա երկարատև ժամանակի ընթացքում կուտակված փորձի հիման վրա ձևավորված եզրակացության հետ»: