ՌԴ իրավապահների կողմից հետապնդվող Ուկրաինայի քաղաքացուն Հայաստանում ապաստան հայցողի վկայական են տրամադրել
09:49, May 18, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՀ Միգրացիոն ծառայությունը ապաստան հայցողի վկայական է տրամադրել Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիին (նախկին անունը՝ Մաքսիմ Բայդակ)՝ նրա դիմումի համաձայն:
Այդ մասին Բոգդան Կալիուսսկիի պաշտպաններ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը տեղեկացել են էլեկտրոնային փոստի միջոցով 2018 թ. մայիսի 10-ին:
Բոգդան Կալիուսսկին Հայաստանի Հանրապետությունում ձերբակալվել է 2018 թ. մարտի 31-ին՝ փաստաթղթերի կեղծման և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
Իսկ 2018 թ. ապրիլի 1-ին նա կալանավորվել է և այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 1-ին հարկի խցերից մեկում, միայնակ:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի 1-ին հարկի խցերի անմարդկային պայմանների մասին բազմիցս բարձրաձայնել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները:
Նրա խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է: Որոշման դեմ Բ. Կալիուսսկիի պաշտպան Ա. Զալյանի վերաքննիչ բողոքը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. ապրիլի 23-ին ևս մերժել է:
Բոգդան Կալիուսսկին Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում դեռևս 2013 թ.-ից: Ռուսաստանի Դաշնությունում նրան մեղադրում են ահաբեկչական գործունեության իրականացման հանրային կոչեր հնչեցնելու մեջ:
Ի դեպ, ՀՀ Քրեական օրենսգրքով խոսքի ազատության նման սահմանափակում նախատեսված չէ, և այդ արարքը Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվություն չի ենթադրում:
Ինչ վերաբերում է փաստաթղթերի կեղծմանն ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ ՀՀ-ում առաջադրված մեղադրանքներին, ապա ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը հաստատել է, որ Բոգդան Կալիուսսկին իր անունն ու ազգանունը փոխել է 2017 թ.-ին օրինական կարգով, հետևաբար՝ սահմանը հատել է օրինական փաստաթղթերով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ դադարեցնել Բոգդան Կալիուսսկիի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը: