ՀՀ ՀՔԾ-ն և ՀՀ գլխավոր դատախազությունը միտումնավոր խոչընդոտում են Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքների բացահայտմանը
10:46, June 18, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք | Զինված ուժեր, Հայկ Մովսիսյան2014 թ. հունիսի 17-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Հ. Տեր-Ադամյանի, նշանակված էր Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի վերաքննիչ բողոքի քննություն: Սույն բողոքով դիմումատուի ներկայացուցիչները պահանջել են բեկանել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. մայիսի 19-ի որոշումը, ընդունել նոր դատական ակտ, թիվ 62202513 քրեական գործով Հայկ Մովսիսյանին ճանաչել տուժող, Հեղինե Պետրոսյանին ճանաչել տուժողի իրավահաջորդ, ՀՀ ՀՔԾ քննիչ Մ. Բաբայանին պարտավորեցնել տրամադրել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը և կարճված գործի նյութերի պատճենները:
Հիշեցնենք, որ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Ա. Բեկթաշյանի, մերժել էր Հ. Պետրոսյանին թիվ 62202513 քրեական գործով դատավարության կողմ ճանաչելու, քրեական գործով վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2013 թ. դեկտեմբերի 10-ի որոշումը վերացնելու և կարճված գործի նյութերի պատճենները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ներկայացված դիմումը՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի դրույթներով: Մասնավորապես, դատարանը որոշման պատճառաբանական մասում գտել էր, որ սույն գործի շրջանակներում քննիչի գործողությունները նախ պետք է բողոքարկվեին համապատասխան դատախազին, այնուհետև՝ դատարան: Այդպիսով, դատարանը գտել էր, որ թույլ է տրվել սահմանված ընթացակարգի խախտում:
Վերաքննիչ բողոքում դիմումատուի ներկայացուցիչները հղում են կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված դրույթին, որը դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման բողոքարկման համար դիմողին իրավունք է վերապահում դիմելու դատարան՝ առանց հիշյալ որոշումը վերադասության կարգով, այսինքն՝ դատախազին բողոքարկելու պահանջի պահպանման: Դիմումատուի ներկայացուցիչները վկայակոչել են նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, ըստ որի դատական պաշտպանության հիմնարար իրավունքը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր դատավարության մասնակից չեն, սակայն վարույթն իրականացնող մարմինների ընդունած որոշումն առնչվում է նրանց օրինական շահերին, ենթադրաբար խախտում է նրանց իրավունքներն ու ազատությունները: Ընդ որում, վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավարության մասնակից չհանդիսացող անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացումը պետք է լինի իրական, այսինքն՝ անձն իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ենթադրյալ խախտման յուրաքանչյուր դեպքում պետք է դատարան դիմելու և իր խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա:
Վերաքննիչ բողոքի քննությանը, սակայն, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները չէին ներկայացել և գրությամբ դատարանին տեղեկացրել էին աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստին չներկայանալու մասին: Դիմումատու Հ. Պետրոսյանի ներկայացուցիչ Արայիկ Զալյանն այդ առնչությամբ հայտնեց, որ վերջիններս չեն ներկայացել նաև առաջին ատյանի դատարանում դիմումի քննության շրջանակներում կայացված դատական նիստերին, ավելին դիմումատուի ներկայացուցիչներն իրենք են միջնորդել՝ ապահովելու ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնակցությունը, սակայն վերջիններս , այնուամենայնիվ չեն ներկայացել բողոքի քննությանը: Դատարանը փորձեց ճշտել, թե արդյոք Հ. Պետրոսյանի ներկայացուցիչն անհրաժեշտ չի համարում ապահովել նաև մյուս կողմի ներկայությունը բողոքի քննությանը՝ հաշվի առնելով նաև դատավարության կողմերի հավասարության սկզբունքը, որին Արայիկ Զալյանը դրական պատասխան տվեց:
Այդպիսով, վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց և նշանակվեց 2014 թ. հունիսի 30-ին, ժամը 14:30-ին:
Սույն գործի շրջանակներում բողոքների քննարկմանը ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչների չներկայանալու առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրում է նրանց միտումը խոչընդոտելու Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքների ու պատճառների բացահայտմանը՝ ձգձգելով գործի ընթացքը, այդպիսով վերացնելով հանցագործության «թարմ հետքերը»:
Հիշեցնենք, որ ՀՀ զինած ուժերի N զորամասի պարտադիր զինծառայող, կոչումով շարքային Հայկ Մովսիսյանը 2012 թ. նոյեմբերի 20-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով, որից մեկ շաբաթ անց ԼՂՀ քննչական մեկուսարանում նրան գտել էին մահացած: Հայկ Մովսիսյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, որը մասով կարճվել էր՝ քրեակատարողական վարչության աշխատակիցների և քննչական մեկուսարանի կալանավորների, ամբաստանյալների, դատապարտյալների արարքներում հանցակազմի բացակայության հիքով, իսկ Հայկ Մովսիսիյանի վերաբերյալ քրեական գործով պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ պաշտոնական անփութության հատկանիշներով, որտեղ հարուցվել էր թիվ 62202513 քրեական գործը: Նշված քրեական գործի շրջանակներում, սակայն, Հայկ Մովսիսյանը տուժող չի ճանաչվել, այդպիսով հնարավորություն չի տրվել իրացնել քրեադատավարական օրենսդրությամբ տուժողին և նրա իրավահաջորդին վերապահված իրավունքները: