Խաղաղությանը նվիրված միջազգային միջոցառում, Սարաևո
11:09, June 18, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն2014 թ-ի հունիսի 4-ին Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում տեղի ունեցավ Խաղաղությանը նվիրված միջազգային միջոցառման բացումը, որին մասնակցում էին 32 երկրներից ավելի քան 2500 մասնակիցներ:
Ճանաչված միջազգային եւ տեղական կառույցների ներկայացուցիչներ քննարկեցին խաղաղությանն առնչվող խնդիրներ, թեմաներ եւ ընդհանուր մտահոգություններ: Մասնակիցների ուշադրությանը ներկայացվեցին պատմությունից քաղված դասերը եւ այն հանգամանքը, որ կոնֆլիկտների խաղաղ կարգավորումը հնարավոր է եւ միակ ճանապարհն է պատերազմից խուսափելու համար:
Միջոցառումների շարքը բաղկացած էր համաժողովից, կլոր սեղաններից, ավելի քան 190 աշխատանքային քննարկումներից, որնք անց էին կացվում հրավիրված կազմակերպությունների փորձագետների եւ ակտիվիստների կողմից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը եւս հրավիրված էր խաղաղությանը նվիրված միջազգային միջոցառմանը եւ ներկայացրեց «Միլիտարիզացիան եւ դրա այլընտրանքները» թեմայով աշխատանքային քննարկումը՝ որպես օրինակ բերելով Հարավային Կովկասը եւ մասնավորապես Հայաստանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները նաեւ մասնակցեցին կայացած այլ միջոցառմներին, որոնք մասնավորապես առնչվում էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի շարժման հիմնադրմանը, որը ներկայացրեց շարժման հիմնադիրներից մեկը՝ Մերի Քյալդորը, եվրոպական ինտեգրման հիմնախնդիրներին, խաղաղության եւ ժողովրդավարության գործոններին, սոցիալական արդարությանը եւ այլ թեմաներին առնչվող միջոցառումներին:
Բոլոր հանդիպումներն ու քննարկումները տեղի ունեցան համերաշխության, հարգանքի եւ մյուսներից սովորելու պատրաստակամության մթնոլորտում: