Վանաձորի Օրրան կենտրոնի սաները ծանոթացան երեխաների իրավունքների հետ
18:19, June 18, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներՕրրան բարեգործական հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը երեխաների իրավունքներ թեմայով դասընթաց անցկացրեց Օրրանի սաների համար:
Օրրան բարեգործական կենտրոնը այս նախաձեռնությամբ նպատակ ուներ կենտրոնի շահառու հանդիսացող երեխաներին իրազեկել իրենց իրավունքների և պարտականությունների մասին:
Դասընթացի շրջանակներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը 12-ից բարձր տարիքային խմբի շուրջ 30 երեխաների ներկայացրեց ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով և միջազգային իրավական ակտերով ամրագրված երեխաների իրավունքները և պարտականությունները:
Օրինակների և հարցերի միջոցով, երեխաների համար հնարավորինս մատչելի ձևով, ներկայացվեց դաստընթացի նյութը: Երեխաները օրինակների միջոցով ներկայացրեցին իրավունքների խախտման դեպքեր, որոնք դրսևորվել էին իրենց կամ իրենց ընկերների նկատմամբ: Դասընթացի ավարտին հարցերի միջոցով ամրապնդվեցին երեխաների ստացած գիտելիքները, իսկ ծավալված քննարկման ժամանակ երեխաները իրավաբանին ուղղեցին իրենց հուզող հարցեր, և ներկայացրեցին այն իրավիճակները, որոնցում իրենք հայտնվել են, ու իրավունքների մասին իրազեկ դառնալուց հետո գիտակցեցին, թե դրանք, որ իրավունքների խախտման դեպքեր են եղել:
Իրավաբանը պատասխանելով երեխաների հարցերին ներկայացրեց այդ իրավիճակներում երեխաների հնարավորությունները պաշտպանելու իրենց իրավուքները, ինչպես նաև նեկայացվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեությունը, Ա. Չատինյանը երեխաներին տեղեկացրեց, որ ցանկացած դեպքում, երբ կխախտվեն իրենց իրավունքները, նրանք կարող են դիմել կազմակերպություն` իրավական աջակցություն ստանալու:
Վերջում երեխաներին հանձնարարվեց երեխայի իրավունքներից առանձնացնել որևէ իրավունք և նկարել այն, ինչպես իրենք են պատկերացնում:
Առաջիկայում Ձեզ կներկայացնենք երեխաների աշխատանքները: