Ցուցարարին վերագրվող գործողությունները դատարանում չեն ապացուցվել, բայց ոստիկանության հայցը բավարարվել է
15:27, January 18, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հավաքների և միավորումների ազատություն2018 թ. հունվարի 18-ին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանում սկսվեց ցուցարար Վարդան Բալյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի վերաքննիչ բողոքի քննությունը:
Վարդան Բալյանը 2016 թ. մարտի 24-ին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից է: ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել էր նրան վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
2016 թ. նոյեմբերի 28-ին դատարանը հայցը բավարարել էր մասնակի, և ցուցարարին տուգանել 70.000 ՀՀ դրամով:
Ցուցարարն ու նրա ներկայացուցիչը պահանջում են բեկանել վարչական դատարանի ակտը և կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 15-րդ կետով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով հայցը:
Ներկայացված բողոքում նրանք հիմնավորումներ են ներկայացրել այն մասին, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 15-րդ կետով նախատեսված զանցանքի կատարման վերաբերյալ ապացույցներ վարչական դատարանում ձեռք չեն բերվել: Գործի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցները բավարար չեն փաստելու, որ ոստիկանության ներկայացուցիչները Վ. Բալյանին պահանջ են ներկայացրել, առավել ևս, որ այդ պահանջը ներկայացվել է սահմանված կարգով։
Ընդ որում, վարչական դատարանը փաստել է, որ ցուցարարը հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելու վարքագիծ չի դրսևորվել, հետևաբար՝ դրանից հրաժարվելու պահանջ չէր կարող ներկայացվել նրան:
ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս. Մելիքյանը առարկեց բողոքի դեմ՝ նշելով, որ ՀՀ Վարչական դատարանի որոշմամբ հիմնավորվել է իրավախախտման փաստը:
Այսպիսով՝ բողոքի քննությունն ավարտվեց:
ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի 2018 թ․ փետրվարի 7-ին՝ ժամը 16։00-ին։