ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հովանավորում է քննիչների կողմից կեղծ ընթերակաների ներգրավումը
18:21, October 18, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | ՀՀ Հատուկ Քննչական ԾառայությունՎարույթն իրականացնող մարմինը պնդում է՝ «հավանաբար, նեգրավված ընթերականաներն իրենք են իրենց մասին կեղծ տվյալներ հայտնել»
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2015 թ. հուլիսի 15-ին բեկանեց կեղծ ընթերակաների «ներգրավմամբ» քննչական գործողություններ իրականացնելու գործով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելով վերոնշյալ քննչական գործողություններից տուժած, Վանաձորի բնակչուհի Փնջիկ Թերոյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին քննչական մարմնի որոշումը:
Վերաքննիչ դատարանի որոշումն այս մասով անփոփոխ թողնվեց նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից, որը 2016 թ. մարտի 30-ի որոշմամբ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրեց նաև վերացնելու Փնջիկ Թերոյանի իրավունքների խախտումները:
Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշման իրականացման ուղղությամբ կատարված գործողությունների և քրեական գործի կարգավիճակի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2016 թ. հուլիսի 17-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից նախ հայտնել են, որ քրեական գործի վարույթը վերսկսված է, իսկ ավելի ուշ ստացվել է ՀՀ ՀՔԾ 2016թ. սեպտեմբերի 20-ի որոշումը, համաձայն որի՝ հանցակազմի հատկանիշների բացակայության հիմքով քրեական գործի վարույթը կրկին կարճվել է:
Հատկանշական է, որ վերոնշյալ որոշմամբ ՀՀ ՀՔԾ պետին առընթեր հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Մինասյանը նշում է, որ «քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները, սակայն հանցագործության վերաբերյալ բավարար և փոխկապակցված ապացույցներ ձեռք չեն բերվել» և եզրահանգում է, որ «հավանաբար ներգրավված ընթերակաները իրենք են իրենց վերաբերյալ կեղծ տվյալներ հայտնել»: Այդուհանդերձ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ քննություն չի իրականացրել վերջին վարկածի ուղղությամբ՝ պարզելու համար «ներգրավված ընթերակաների» ինքնությունը, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ վարույթն իրականացնող մարմինը, հանձին ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանի, հովանավորում է քննիչներ Ս. Մխիթարյանի և Մ. Հարությունյանի անօրինական գործողությունները:
Հիշեցնենք՝ Փնջիկ Թերոյանի՝ 2012 թ. ապրիլի 4-ի հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված քննչական գործողությունների ընթացքում քննիչի կողմից թույլ էին տրվել մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ քննչական գործողություններում որպես ընթերականեր ընդգրկվել էին ոստիկանության աշխատակից և անձինք, որոնց ինքնությունը և բնակության վայրը անհայտ է:
Դեպքի վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննչական մարմնի որոշումը Փնջիկ Թերոյանի և վերջինիս ներկայացուցչի կողմից բողոքարկելուց հետո հարուցված քրեական գործն էլ կարճ ժամանակ անց կարճվել էր: