«Կամայական գնդակահարություններ պետք է տեղի չունենան մեր հասարակության մեջ»
12:43, December 18, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՕրերս Հատուկ քննչական ծառայությունը կարճեց այս տարվա օգոստոսի 29-ին Էրեբունում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբում 24-ամյա աղջկան պատանդ պահած 31-ամյա Գոռ Հակոբյանի սպանության առթիվ հարուցված քրեական գործը՝ համարելով, որ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ:
ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ու իրավապաշտպանները, մինչդեռ, Forrights.am-ի հետ զրույցում գտնում են, որ խախտվել է մարդու կյանքի իրավունքը և որ գործի կարճումը վտանգավոր որոշում է:
«Երիտասարդի հարազատները իրավունք ունեն դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ կյանքի իրավունքի խախտումը ճանաչելու դիմումով»,-ասաց պատգամավորը՝ հավելելով. «Միայն այնքանով, որ քննությունը չի փարատել կասկածը, ուրեմն քննությունն արդյունավետ չի իրականացվել, և այստեղ կա կյանքի իրավունքի խախտման առնվազն ընթացակարգային նորմի՝ պաշտպանական իրավունքի խախտում»:
Նախկին փաստաբան Արտակ Զեյնալյանը, դիտելով դեպքի վայրի տեսախցիկներից տարածված տեսանյութը, կասկածներ ունի, որ երիտասարդին սպանելու ժամանակ երկրորդ կրակոց է եղել: «Նաև այն հակասությունը, որ հատուկ ծառայությունների ու ոստիկանության միջև եղավ կրակոցի վերաբերյալ, ինձ թույլ է տալիս պնդել, որ երկրորդ կրակոց է եղել, ներս մտած ոստիկաններից ինչ-որ մեկը լրացուցիչ կրակել է: Ինձ համար պարզ չէ՝ դա տեղի ունեցել է, թե տեղի չի ունեցել, որովհետև հատուկ ջոկատայինը ասել էր, թե կրակել էր ուսին»-ասաց պատգամավորը: Ըստ նրա՝ գործում ապացույցների քողարկում է եղել: «Որովհետև երկրորդ կրակոցը միայն ես չէ, որ լսել եմ»,-հավելեց նա:
Նշենք, որ երկրոդ կրակոցի մասին մամուլին պատմել է նաև պատանդաված աղջիկը, ով դեպքից հետո մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածով (Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ սպանությունը):
Օգոստոսի 29-ին, Գոռ Հակոբյանը պատանդ էր պահել իր ընկերուհուն՝ սպառնալով սպանել նրան: Նա պահանջել էր 1 փաստաբանի և 5 քաղաքացու ներկայություն: Սակայն մեկ ժամ տևած բանակցություններից հետո իրավապահները դիպուկահարի արձակված կրակոցով վնասազերծել էին նրան, ով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Այդպես էլ պարզ չդարձավ, թե կոնկրետ որ քաղաքացիներին էր նա պահանջել և ինչու:
Գոռը տեղեկությա՞ն էր տիրապետում
Ոստիկանության կողմից 31-ամյա երիտասարդի սպանությունից հետո մամուլում սկսեցին վերջինիս վարկաբեկող տեղեկություններ շրջանառվել, թե նա արտաքսվել էր ԱՄՆ-ից, որտեղ դատապարտվել էր 5 մեքսիկացու սպանելու համար: Որ նա ԱՄՆ-ում գործող «Արմենիան փաուեր» խմբավորման անդամ էր և զբաղվել է հանցագործ խմբավորումներից տեղի հայերի պաշտպանությամբ:
Այս լուրերից հետո մամուլում հանդես եկավ Գոռի հարազատներից Լենա Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի պես երկրում 5 մեքսիկացու սպանելու համար Գոռը ցմահ ազատազրկված կլիներ:
«Այո, մինչեւ Հայաստան վերադառնալը նա դատապարտված է եղել, պատանեկության հասակում սխալներ էր գործել, որոնց պատճառով հայտնվել էր բանտում… բայց ոչ գողության, ոչ նարկոտիկի եւ ոչ էլ, մանավանդ մարդասպանության համար… բայց սոսկալին այն է, որ, դիմակայելով ամերիկյան բանտերում, նա սպանվեց հայի ձեռքով»,-գրել էր Գոռի հարազատը:
Նա նաև հույս էր հայտնել, որ հետաքննությունը կպարզի, թե ինչու էր Գոռը փաստաբան պահանջում, եւ ինչ հինգ անձանց անուններ էր նա տվել, որ այդպես էլ չի հրապարակվում: «Չնայած Գոռի ոչ ադեկվատ վիճակին՝ կարելի էր նրա կցկտուր բառերից հասկանալ, որ ինքն, այնուամենայնիվ, ասելիք ուներ… ինչ-որ մեկին ձեռնտու էր նրան հրեշ դարձնել՝ հասարակությանը համոզելու համար, որ «նարկոման էր՝ սպանեցինք»,-եզրակացրել էր Լենան:
Լենա Հովհաննիսյանը նաև կասկած էր հայտնել, որ Գոռի սպանությունը կապ ունի թմրանյութերի առք ու վաճառքի հովանավորչության հետ: «Կարծում եմ՝ դա էր պատճառը, որ մեր «օրենքը» սպանելով՝ փակեց նրա բերանը»:
Դեպքից շաբաթներ առաջ Գոռը մի քանի ակնարկներ է արել իր հարազատներին, որ իրեն սպանելու են, քանի որ ինքը տիրապետում է որոշ տեղեկությունների:
«Նորից հանգում եմ եզրակացության, որ սա պլանավորած սպանություն էր, այլապես նրան էլ կարող էին «վնասազերծել» այնպես, որ չխլեին նրա կյանքը: Թող կանգներ դատարանի առջեւ եւ պատասխան տար իր կատարած արարքների համար»,-գրել էր Գոռի հարազատը:
«Կամայական գնդակահարություններ չպետք է տեղի ունենան մեր հասարակության մեջ»
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գտնում է, որ իրավապահ մարմինների գործառույթը պետք է լինի ցանկացած մարդու կյանք պահելը-պահպանելը:
«Կամայական գնդակահարություններ չպետք է տեղի ունենան մեր հասարակության մեջ»,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը: Ըստ նրա՝ թե կոնկրետ այս գործը ինչ նրբություններ և ընթացք է ունեցել, հայտնի չէ, «բայց պետք է իրավասու մարմինները պատասխան տան՝ բոլո՞ր քայլերն էին արդյոք կատարված և բոլոր հնարավորություննե՞րն էին սպառված, որ մարդուն գնդահակարեցին»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ Գոռ Հակոբյանի սպանության գործով քրեական գործի կարճելը խիստ վտանգավոր որոշում է: «Որովհետև, ըստ էության, ոստիկանությունն, առանց դատարանի որոշման, սպանել է մարդուն: Սպանությունը, արտադատարանական սպանությունը չի կարող իրավաչափ լինել»,-ասաց փաստաբանը՝ շարունակելով. «Կարող է լինել հիմնավոր կասկած, որ Գոռ Հակոբյանի սպանությունը դիտավորություն էր»:
Արթուր Սաքունցի խոսքերով՝ հաշվի առնելով Շենգավիթի հրապարակում տարիներ առաջ ոստիկանների կողմից սպանված քաղաքացի Արման Ենգիբարյանի փաստը, Գոռ Հակոբյանի հետ կատարվածը ցույց է տալիս, որ եթե մեկ անգամ ոստիկանության գորոծողությունների իրավաչափությանն ու համաչափությանը չի տրվում պատշաճ իրավական գնահատական, նման գործելակերպը միտում ունի շարունակվելու:
«Հասկանալի չէ, թե ինչու և որ դեպքում է պատանդառուն ոստիկանության կողմից վնասազերծվում և մնում ողջ, իսկ որոշ դեպքերում մահանում է»,-ասաց իրավապաշտպանը՝ հիշեցնելով Գոռ Հակոբյանի դեպքից հետո Սևանում տեղի ունեցած դեպքը, երբ անձը մարտական նռնակը ձեռքին վնասազերծվեց ոստիկանության կողմից առանց կորուստների: «Հայտնի է նաև Արմավիրի մանկապարտեզում վերջերս պատանդառուի գործը»,-հավելեց Սաքունցը:
Գոռ Հակոբյանի հետ կապված, ըստ իրավապաշտպանի, շատ հարցեր կան, քանի որ աղջիկը, ում նա պատանդ էր վերցրել, իր մտերմն էր: «Դրդապատճառը մնաց չբացահայտված: Նաև թմրամիջոցի օգտագործման կամ ձեռք բերման հարցերը նույնպես մնացին անպատասխան»,-ասաց իրավապաշտպանը:
Սաքունցը հիշեցրեց ՄԻԵԴ-ի որոշումը անցյալ տարի Օձուն գյուղում ոստիկանների կողմից քաղաքացու սպանության փաստով՝ վնասազերծելու հիմնավորմամբ: «ՄԻԵԴ-ը արձանագրել էր իրավունքի խախտում: Ասել է՝ մենք ունենք նաև ՄԻԵԴ-ի նախադեպային որոշում, որ նման դեպքերում քաղաքացուն վնասազերծելու ոստիկանության գործողությունները կարող են ոչ իրավաչափ լինել»,-նկատեց Սաքունցը:
Ուստի, նրա խոսքով՝ տեղին կլինի բողոքարկել հատուկ քննչական ծառայության կողմից կայացրած որոշումը, ստանալ նյութերը և դրանց ուսումնասիրության հիման վրա հարցեր բարձրացնել: Իրավապաշտպանը նաև կոչ է անում ՀՔԾ-ին, հաշվի առնելով հանրային մեծ ուշադրությունն ու անպատասխան հարցերը, հրապարակել գործի նյութերը կամ հնարավորություն տալ, շահագրգիռ կողմերին ծանոթանալու, այդ թվում հանրությանը.
«Որովհետև սա արվել էր հրապարակային և ուղղված էր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու դեմ, որը կարող էր զոհ լինել ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների»: