Սա թալան է օրը ցերեկով. Վանաձորի փոխքաղաքապետը քանդում է ճոպանուղու շենքը
20:13, August 18, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր ինչ-որ անձինք սկսել են քանդել Վանաձոր քաղաքի ճոպանուղու շենքը, որը, տարիներ շարունակ պատկան մարմինների հավաստիացումներով, պետք է վերականգնվեր և վերանորոգվեր: Մինչդեռ այսօր տարածքում ծանր տեխնիկա էր աշխատում, տարածքում կանգնած մեքենաները բարձված էին քանդված շինտեխնիկայով: Ճոպանուղու շենքի ամբողջական ապամոնտաժմանը խոչընդոտել է «Լոռի թիվի» հեռուստաընկերության խմբագիր Նարինե Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով ներկայացնելով գործողությոնը, որից հետո տարածք ժամանեցին ոստիկանության աշխատակիցներ, Իրավապաշտպան կազմակերպությունների ներայացուցիչներ և լրատվամիջոցներ:
Տեղում զրույցներից պարզվեց, որ ճոպանուղու շենքն ապամոնտաժում է «Տրիոշին» ՍՊԸ-ը, որը պատկանում է Վանաձորի փոխքաղաքապետ ՀՀԿ-ական Արտյոմ Գրիգորյանին:
Նշենք, որ Վանաձորի ճոպանուղու շենքը հանձնվել է Վանաձորի քաղքապետարանի բալանսին երկար տարիներ առաջ և պարբերաբար ահազանգեր կային, որ շենքն աստիճանաբար թալանվում է:
Դեռ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնավաման ժամանակ երկու անգամ այցելել է ճոպանուղու շենքի տարածք, քննարկվել է բիզնես ծրագիր, ըստ որի 2.5 միլիոն եվրո գումար ներդնելու պարագայում հնարավոր կլիներ այդ տարածքում ճոպանուղի ու հանգստի գոտի կառուցել: Հետո հանգստի գոտի կառուցելու մասին խոսեց նաև նոր վարչապետ Կարեն կարապետյանը, սակայն, այդ ամենը մնաց խոսակցութոյւնների մակարդակում: Ըստ ամենայնի ներդրող այդպես էլ չգտնվեց և ՀՀԿ-ական փոխքաղաքապետը որոշել է բոլորից առաջ անցնել և քանդել շենքը:
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, վանաձորցի Էդմոն Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալի այս գործողությունները գնահատում է որպես թալան օրը ցերեկով: «Դուրս է գալիս, որ Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալը քանդում է Վանաձորի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի կառույց, որի համար իր կուսակցության անդամները վարչապետներից ներդրողներ էին խնդրում: Սա ես գնահատում եմ որպես թալան օրը ցերեկով և մանդատագողությամբ ընտրված քաղաքապետից, ըստ էության, այլ բան ակնկալել հնարավոր չէր: Այդ մարդկանց բնույթն է այդպիսին: Այդ արարքը մանր-մունր թալանչիների բան է»,-նկատեց Մարուքյանը՝ հավելելով, որ այս հացում բավականին անելիք ունեն իրավապահ մարմինները: «Պետք է քրեական գործ հարուցվի և նոր միայն պարզ կդառնա, թե ով է թույլ տվել քանդել շենքը, ինչպես է թույլ տվել, ինչպես է քաղաքապետի առաջին տեղակալը որոշել, որ քաղաքում ինչ-որ բան կառուցելու, ինչ-որ արժեք ստեղծելու փոխարեն կարող է քանդել արդեն եղածը»,-ասաց Մարուքյանը:
Նշենք, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ է լինելու շենքի քանդվելուց հետո: Շենքի տարածքում աշխատող մարդիկ թույլտվություն ունեին միայն շենքը քանդելու, իսկ կառուցելու մասով ոչ մի ծրագիր, փաստաթուղթ առկա չէր:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով դեպքի վայրում էր եղել, մեզ հետ զրույցում ասաց, որ միանշանակ գործը իրավապահներինն է, և նրանք պետք է պարզեն որնքանով է իրավաչափ այդ ընկերության գործողությունները և ով է տվել քանդման իրավունքը: Սաքունցի համար, սակայն, տարօրինակ է, որ Վանաձորի քաղաքապետը իր ընտրվելուց մեկ ու կես ամիս անց հարցազրույց է տալիս և որպես կատարված աշխատանք և առաջնահերթություն նշում է Վանաձորի ճոպանուղու վերագործարկման նպատակով սկսված աշխատանքները և հայտարարում է, որ ճոպանուղու ինժեներական աշխատանքները սկսվել են, սակայն, մի քանի ամիս անց նրա տեղակալը սկսում է ճոպանուղու շենքի քանդման աշխատանքները: «Միանշանակ պետք է այս իրավիճակը պարզաբանվի»,-ընդգծեց Սաքունցը:
Տեսանյութը՝ https://www.facebook.com/narine.avetisyan.581/videos/1615906535121021/