Քննիչի թյուրիմացությունը
20:31, January 19, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունք | Սահմանադրական փոփոխություններ2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, նաև Կազմակերպության կողմից որպես դիտորդ ներգրավված Ս. Սողոմոնյանը այցելել է Վանաձոր քաղաքի Նիզամի 49 հասցեում գտնվող թիվ 30/21 տեղամաս՝ քվեարկություն կատարելու նպատակով, միևնույն ժամանակ, քանի որ տվյալ տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող անձ չի եղել, Ս. Սողոմոնյանը քվեարկությանը զուգահեռ նաև դիտարկել է տվյալ տեղամասում քվեարկության գործընթացը:
Ընտրողների ցուցակում իր անվան դիմաց համապատասխան տվյալները լրացնելու ժամանակ վերջինս նկատել է, որ իր ընտանիքի անդամների անվան դիմաց կա նշում, որ վերջիններս արդեն մասնակցել են հանրաքվեին, սակայն Ս. Սողոմոնյանը, վստահ լինելով, որ նրանք չեն քվեարկել, այդ մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Արմենուհի Կյուրեղյանին՝ պահանջելով համապատասխան արձանագրություն կազմել՝ պարզելու ընտանիքի անդամների փոխարեն այլ անձի կողմից կատարված քվեարկության հանգամանքը:
Սակայն ստանալով հանձնաժողովի նախագահի՝ իր պարտավորությունը կատարելու վերաբերյալ մերժումը՝ ձեռնարկել է համապատասխան միջոցներ, որից հետո այդ դեպքի հետ կապված ահազանգ է ներկայացրել համապատասխան ընտրատեղամասային ընտրական հանձնաժողով և ոստիկանություն:
Մինչ քվեարկության ավարտը նշված իրավասու պետական մարմինների կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել ահազանգով ներկայացված հանգամանքները պարզելու ուղղությամբ, մասնավորապես՝ տեղամասային հանձնաժողովի մատյանում չի կազմվել համապատասխան արձանագրությունը:
ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։
2015 թվականի հունվարի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեի կողմից տարածվել է հայտարարություն, որով հայտնվում է, թե վերը նշված «ահազանգը, կապված Այլ անձանց փոխարեն քվեարկելու հետ, եղել է թյուրընկալման հետևանք»:
Համարելով քրեական գործի վարույթը ավարտված՝ Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում, այնուհետև դեպքի և կատարված քննության արդյունքների մասին ՀՀ Քննչական կոմիտեի կողմից հայտարարություն է տարածվել, որում նշվում է՝ «… հաղորդման հեղինակը հավաստել է, որ իր ընտանիքի անդամների փոխարեն այլ անձի կողմից քվեարկելու ահազանգը եղել է թյուրընկալման հետևանք»:
Հայտարարության վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ վարույթն իրականացնող մամինը տվյալ եզրահանգման է եկել միայն գործով հաղորդում ներկայացրած անձի և վկաների հարցաքննությունների հիման վրա, քանի որ ըստ հայտարարության՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից այլ քննչական գործողություններ, քան անձանց հարցաքննելը չեն կատարվել: Մասնավորապես, չեն կատարվել անձնագրային տվյալների համապատասխանության ստուգում, ձեռագրաբանական փորձաքննություն և այլ քննչական գործողություններ:
Քրեական գործի քննության շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունները ուղղված չեն եղել հանցագործության դեպքի բացահայտմանը, հանցանք կատարած անձանց հայտնաբերելուն և պատասխանատվության ենթարկելուն:
Իրականում նախաքննության ողջ ընթացքում Ս. Սողոմոնյանի կողմից որևէ անգամ չի հավաստվել այն փաստը, որ իր կողմից ներկայացված ահազանգը եղել է թյուրընկալման հետևանք:
Ավելին՝ իր՝ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներում Ս. Սողոմոնյանը բազմիցս նշել է, որ հաղորդում ներկայացնելիս ինքը վստահ է եղել, որ իր ընտանիքի անդամները մինչ այդ պահը տեղամաս չեն գնացել և չեն քվեարկել, իսկ վարույթն իրականացնող մարմնի այն հարցին, թե որպես դիտորդ նա ինչ գործողություններ է իրականացրել՝ պարզելու համար իր կողմից բարձրացված ահազանգը, վերջինս հստակ նշել է, որ որպես դիտորդ այլ անձանց փոխարեն ընտրելու հանգամանքը պարզելու որևէ իրավասություն չունի, ավելին՝ դիտորդը իր պարտականությունները հստակ իրացրել է՝ հանձնաժողովի նախագահին հայտնելով իր կողմից արձանագրված խախտումը»:
Ս. Սողոմոնյանի ընտանիքի անդամների քվեարկությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ հարցը տվյալ դեպքում պարտավոր էր պարզել վարույթն իրականացնող մարմինը, որը, ըստ Քննչական կոմիտեի կողմից տարածված տեղեկատվության, որևէ այլ գործողություն, քան հարցաքննել հաղորդում ներկայացրած անձին և վկաներին, չի իրականացրել:
Հարկ է նշել, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ և հանրաքվեի օրը արձանագրել և համապատասխան իրավական գնահատական տալու նպատակով իրավասու պետական մարմիններին է ներկայացրել բազմաթիվ ահազանգեր, բացի դրանից՝ Կազմակերպության կողմից տարածվել են հայտարարություններ՝ կապված դիտորդների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպառնալիքների հետ, որոնցից որևէ մեկը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել, որևէ խախտում չի կանխվել և չի բացահայտվել, որից անմասն չի մնում նաև վերը նշված ահազանգը: