«Քոչարյանը դադարում է Հայաստանի եւ ԼՂՀ շահերի կրողը լինել»
18:25, February 19, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի շուրջ զրուցել ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ
Ռոբերտ Քոչարյանի՝ Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայությանը սեպտեմբերին տված հարցազրույցը ամբողջությամբ հրապարակվեց նախօրեին, Սերժ Սարգսյանի ծավալուն ելույթից հետո։ Հարցազրույցում Քոչարյանը նշում է, որ իր համար Ռուսաստանն ավելին է, քան պետությունը։ Ի՞նչ տպավորություն եք ստացել այս հարցազրույցից։
Շատ դժվար է պատասխանել հարցին, թե ինչու հիմա հրապարակվեց այս հարցազրույցը։ Պետք է դիտարկել, թե ինչ տեղի ունեցավ 2015-ի սեպտեմբերից հետո. Առաջինն իհարկե հանրաքվեն էր, և սպասվում էր, որ հանրաքվեից հետո այս հարցազրույց կհրապարակվի, ինչպես խոստացվել էր, բայց հրապարակվեց Սերժ Սարգսյանի ելույթից հետո։ Ամենակարևորն, իմ կարծիքով, այն է, որ ակնհայտ դարձավ ՀՀԿ-ՀՅԴ դաշինքի կամ պաշտոնների վերաբաշխման մասին։ Կարծում եմ, բուն պատճառը Դաշնակցության մերվելն էր ՀՀԿ իշխանությանը։ Եթե հիշում եք, Ռոբերտ Քոչարյանը մեկ անգամ ելույթ ունեցավ ԲՀԿ-ի նկատմամբ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, երբ փաստորեն Գագիկ Ծառուկյանը ոչ միայն հրաժարական տվեց կուսակցության նախագահի պաշտոնից, այլ ընդհանրապես հեռացավ քաղաքականությունից։ Եվ երկրորդ անգամ այս հարցազրույցը տարածվում է արդեն Դաշնակցության՝ իշխանական կառույցներ մուտք գործելու ժամանակ։ Այսինքն՝ սրանք այն երկու կարևոր քաղաքական հենարաններ են, որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին ուներ։ Միանշանակ է, որ ՀՀԿ-ն՝ որպես պառլամենտական մեծամասնություն, Քոչարյանի հենարաններից մեկն էր, բայց ոչ հիմնականը, որովհետև կուսակցությունը ունեցել է իր նախագահը՝ Վազգեն Սարգսյանը, որը սպանվեց, այնուհետև Անդրանիկ Մարգարյանը, որը հանրության համար կասկածելի հանգամանքներում մահացավ, այնուհետև գլխավորեց Սերժ Սարգսյանը, որը երկար ժամանակ հանդես էր գալիս բարձր պաշտոններում և 2008-ի ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ գլխավորեց վարչապետի պաշտոնը։Հիշենք, որ դաշնակցականները բանտերից ազատվեցին Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո: Նրանք ոչ միայն ազատվեցին բանտերից, այլ միանգամից նշանակվեցին պաշտոնների Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Երկրորդ քաղաքական նախաձեռնությունը՝ հանձինս ԲՀԿ-ի, նույնպես Ռոբերտ Քոչարյանինն էր, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ է խոսել: Նախ, երբ իր հենարան ԲՀԿ-ն ոչնչացվեց Սերժ Սարգսյանի կողմից՝ հրապարակային սպառնալիքների ցուցադրմամբ, եւ երկրորդ անգամ, երբ ՀՀԿ-ն կլանեց իր մյուս հենարանը՝ ՀՅԴ-ն: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հենարան այս դաշտում չունի։ Իհարկե, կա որոշ տեղեկատվություն, որ Վարդան Օսկանյանն է կուսակցություն ուզում հիմնադրել, ինչը վկայում է, որ նա դեռևս չի հրաժարվել քաղաքական դաշտում իր ներկայությունն ունենալու հնարավորությունից:
Հարցազրույցի բովանդակությանը եթե անդրառնանք, այնտեղ տեսա՞ք քաղաքականություն վերադառնալու ցանկություն։
Այս հարցազրույցը հավասար է ՌԴ որևէ նախանգապետի հետ արված հարցազրույցի, լավագույն դեպքում Բաշկիրիայի, Թաթարստանի գեներալ-նահանգապետի կարգավիճակում գտնվող մարդու ընկալման շրջանակներում հարցազրույց է, քանի որ նա ամբողջովին ներկայանում է ռուսական քաղաքական շրջանակների ներկայացուցիչ, որը որոշակի ցույց է տալիս անկախության իմիտացիա Կրեմլից, իսկ իրականում ամբողջությամբ Կրեմլի ներկայացուցիչն է հանդիսանում։ Ամբողջ հարցազրույցի մեջ ես ժողովրդավարություն, մարդու իրավունքներ բառակապակցությունները չտեսա։ Այստեղ մի քանի վտանգավոր փաստ կա. ԼՂՀ նախագահ եղած անձը դավաճանում է հենց Ղարաբաղին՝ նույնականացնելով այն Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի հետ: Մարդ, որ եղել է ղարաբաղյան շարժման ակունքներում, «Կռունկ» կոմիտեի ակունքներում, այնքան է կլանված ռուսական քաղաքական համակարգի կողմից, որ նույնիսկ մոռանում է, թե ինչպես է ծագել ղարաբաղյան շարժումը: Ղարաբաղի խնդիրը Ղրիմի հետ նույնականացնելը ոչ միայն ստախոսություն է, այլ դավաճանություն ղարաբաղցիներին և Ղարաբաղի շահերին, որովհետև եղել է հստակ ղարաբաղյան ազատագրական շարժում, ղարաբաղցիների հստակ դրսևորում, ոչ թե ռուսական զենքի, փողերի սպառնալիքի տակ է կազմակերպվել ԼՂ ինքնավար մարզի ժողովրդական դեպուտատների խորհրդի նիստը 1988թ. փետրվարի 21-ին: Այն տեղի է ունեցել լիովին ազատ կամարտահայտությամբ, ինչը չենք ասի Ղրիմի դեպքում, երբ Ղրիմի խորհրդարանն, ըստ էության, «կանաչ մարդուկների» կողմից սպառնալիքների, բերման ենթարկվելու տարբերակով է որոշում կայացրել: Այսինքն՝ մարդիկ ուղղակի ինքնաձգի փողի տակ են քվեարկել, և սա բռնակցում է օրը ցերեկով։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս մեկը, ով դադարում է Հայաստանի և ԼՂՀ շահերի ու իրավունքների կրողը լինել, չնայած երկու տեղերում էլ հասցրել է լինել նախագահ։Երկրորդ՝ նա բացարձակապես չի անդրադառնում միջազգային հանրության կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների բուն պատճառներին, ընդամենը հանդես է գալիս այն դիրքորոշումից, որ պետք չէ Ռուսաստանի հետ այդ լեզվով խոսել, պետք է լեզու գտնել և համագործակցել: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը վերստին հանդես է գալիս Կրեմլի կամ Պուտինի արտահաստիքային խորհրդականի կամ ավելի շուտ սպասարկողի դերում, քանի որ խորհրդականը Պուտինի մոտ բավական բարձր պաշտոն է: Նա բացարձակապես չի անդրադառնում, որ Ռուսաստանի կողմից միջազգային հանրությանը, հարևաններին՝ Ուկրաինային, Վրաստանին ուղղված սպառնալիքներն ուղղակի անթույլատրելի են: Ես Քոչարյանի հնարավոր վերադարձը կամ քաղաքական ակտիվությունը Հայաստանի քաղաքական դաշտ համարում եմ սպառնալիք ՀՀ ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը։
Երրորդ՝ Ռոբերտ Քոչարյանը ստում է, երբ խոսում է սեփականաշնորհման մասին։ Նա թվարկում է որոշ գործարաններ, Հայաստան հյուրանոցը, օդանավակայանի սեփականաշնորհումը, հեռախոսային կապի սեփականաշնորհումը, բայց բացարձակապես չի անդրադառնում Քաջարանի լեռնահարստացուցիչ կոմբինատին։ Արդյոք այն պատճառով, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը հանդիսանում է Քոչարյանի ընտանիքի սեփականությունը։
Հաջորդը՝ երբ Քոչարյանը խոսում է հասարակական ընդվզման շարժումների մասին, ապա վերստին հանդես է գալիս Պուտինին ծառայություն մատուցողի դերում՝ հայատարելով, որ «էլեկտրիկ Երևանը» հակառուսական որևէ բնույթ չուներ։ Եվ ընդհանրապես, Ռոբերտ Քոչարյանը տարանջատում է ղարաբաղյան շարժումը որպես քաղաքական շարժում բոլոր այն մնացած բողոքի ցույցերից, որոնք Հայաստանում տեղի են ունենում՝ պայմանավորելով դրանք զուտ սոցիալ-տնտեսական խնդիրներով ու կոռուպցիայով։ Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը չի հասկանում, որ սոցիալ-տնտեսական խնդիրները, կոռուպցիան և այլն, քաղաքական բնույթի հարցեր են և ունեն միայն քաղաքական լուծումներ։ Եվ ակնհայտ քաղաքական նշանակություն և ազդեցություն ունեցող շարժումները սոցիալական շարժումների վերագրելն անհեթեթ է, քանի որ բոլոր սոցիալական շարժումները միշտ ունեցել են և կունենան քաղաքական նշանակություն ու բովանդակություն։ Այնպես որ, այստեղ հերթական անգամ նա փորձում է իրականությունը սքողել, փորձել մատրոսովի նման սեփական մարմնով փակել գնդացրի հրանոթը, թե իբր տեսեք՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան։ Նա խոստովանում է, որ Ավետիսյանների ընտանիքի սպանություն հետ կապված հակառուսական տրամադրություններ կային, բայց փորձում է դա էլ բնութագրել այնպես, որ դրանք ժամանակի ընթացքում կմարեն և հետք չեն թողնի։ Շատ կարևոր հարց է, որ նա հասկանում է՝ այս պահին Հայաստանի օրակարգում հիմնական խնդիրներից մեկը ռուսական բազայի խնդիրն է։Իհարկե, հարցազրույցը տրվել է 2015-ի սեպտեմբերին, բայց այն ժամանակ էլ մենք գիտենք, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մի քանի միլիարդ դոլարով սպառազինությունների վաճառքի հանգամանքը նա գիտեր, բայց որևէ կերպ չի անդրադառնում այս հարցազրույցում, թեև գիտի, որ այդ զենքից առաջին հերթին կա սպառնալիք ԼՂ բնակիչների նկատմամբ: Այսինքն կոնֆլիկտը, որը թեժացել է, մահացության դեպքերն ավելացել են, հենց Ռուսաստանի քաղաքական դիրքորոշման հետևանքով է, բայց նա լռության է մատնում այդ հանգամանքը։ Այսինքն՝ նա շրջանցել է Ռուսաստանի ապակայունացնող դերը թե ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ ստեղծված իրավիճակում և թե ռուսական ռազմաբազայի սպառնալիքը ՀՀ անվտանգության հարցում։Քոչարյանը վերստին շարունակում է մնալ ռուսական անվտանգության տիրույթում և դրանից դուրս՝ հնարավոր հարաբերությունների զարգացում ՆԱՏՕ-ի կամ ԵՄ կառույցների հետ՝ որպես անվտանգության կարևոր բաղադրիչներ, ընդհանրապես չի դիտարկում։ Այսինքն՝ նա մարդ է, որը բացի ռուսական գործոնից, որևէ այլընտրանք չի տեսնում և չի էլ ուզում տեսնել։ Ցավոք, պետք է արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը եզակի չէ, բայց ինչպես միշտ, նա իր այս գնահատականները հրապարակային ներկայացնում է, և ցինիզմը դրա մեջ է։
Հնարավո՞ր է, որ այս քայլով նա փորձում է իր դիրքերը վերականգնել և մրցակցել Սերժ Սարգսյանի հետ։
Բանն այն է, որ այս հարցազրույցը հենց հիմա հրապարակելը ունի նաև արտաքին վեկտոր։ Խնդիրն այն է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ այս տարի պետք է նոր համաձայնագիր ստորագրի, ինչի մասին նշում է Քոչարյանն իր հարցազրույցում, և հերթական անգամ փորձում խոչընդոտել, թերագնահատել այդ համաձայնագիրը՝ ասելով, որ դա ընդամենը մի փոքր հատվածն է ԵՄ ասոցմացման համաձայնագրից, որը փորձում էր Հայաստանը ստորագրել նախկինում: Իրականում նա վերստին նսեմացնում է այդ համաձայնագրի դերը և վերստին առավելություն տալիս տնտեսական անկայուն և թշվառ վիճակում գտնվող Ռուսաստանին։ Նա դիտավորյալ կեղծում է՝ ասելով, որ միայն նավթի գների մակարդակի պահպանումը բավարար կլիներ, որ Հայաստանը ռուսական մեծ շուկա դուրս գար։ Կարծես թե նավթի գնի բարձր գների պարագայում Հայաստանը ռուսական շուկայում լողում էր: Իրականում Հայաստանը ռուսական շուկայում միշտ ունեցել է սահմանափակ նշանակություն և ավելի շատ առևտուրը եղել է ԵՄ անդամ երկրների հետ, քան Ռուսաստանի։ Նա Հայաստանի միակ հույսը համարում է Ռուսաստանը։ Սա հպատակի ծառայություն է, որ ընդամենը ասում է՝ ես կարող եմ լավագույն ծառայությունը մատուցել ձեզ։ Քանի որ Սերժ Սարգսյանը հարափոփոխ է, այնուամենայնիվ, ԵՄ-ի հետ ունի համաձայնագիր ստորագրելու միտք, ես այս պահին հայտնում եմ, որ կարող եմ հանդիսանալ այն անձը, որ կարող է խոչընդոտել Հայաստանի հնարավոր հեռանալը ռուսական ազդեցությունից։ Որովհետև պարզ է՝ արտաքին աշխարհի կառույցների հետ ցանկացած սերտ համագործակցություն երաշխիք է՝ նվազեցնելու պուտինյան ռեժիմի և ՌԴ ազդեցությունը Հայաստանի վրա։ Նա բացարձակապես չի խոսում նաեւ այն մասին, որ իր կողմից «գույք պարտքի դիմաց» գործարքով Ռուսաստանին հանձնված տնտեսական ռեսուրսներից որևէ մեկը չի աշխատում։
Բայց Ռոբերտ Քոչարյանի վերադարձն ունի՞ արդյոք ներքին պահանջարկ։
Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես չի էլ ելնում ներքին պահանջարկից։ Նա ցինիկ պրագմատիկ գործիչ է և ասում է՝ Հայաստանում իշխանության հարցը լուծվել և լուծվելու է Կրեմլում։ Նա բացարձակապես չի էլ խորշում այդ մեխանիզմից։ Նա հանդես է գալիս մեկը, որը Հայաստանում իշխանության ձևավորման մեջ Կրեմլի որոշիչ գործոնի պահպանման ու դրա շարունակության երաշխավորն է։ Նա իր հավատարմությունն է հայտնում ՀՀ իշխանության ձևավորման հարցում Կրեմլի որոշիչ դերին, և ասում՝ պատրաստ եմ ապահովել այդ դերակատարումը աներկբա՝ ընդհուպ մինչև ՀՀ և ԼՂՀ ժողովուրդների շահերի նվաստացման և շահերը դավաճանելու հաշվին: Նա նույնիսկ իր պատմությունն է կեղծում՝ հանուն իշխանության։ Նա կարծում է, Հայաստանը դարձել է ամայի տարածք, որտեղ մարդիկ չկան, չեն մտածում։ Նա բացարձակապես մարդկային չի եղել, իսկ հիմա ընդհանրապես։