Արթուր Սաքունց. «Այն գործիքը, որը մշակել էր ԲՀԿ-ն, արդեն իսկ գործածվում է նաեւ իր նկատմամբ»
15:25, February 19, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ գործադրվող ճնշումներին: Նրա կարծիքով՝ նախագահ Սերժ Սարգսյանը իշխանության բոլոր լծակներն օգտագործում է, որպեսզի հաշվեհարդար տեսնի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, քանի որ վերջինս հանդգնել է չհնազանդվել եւ խախտել երկար տարիներով մշակված խաղի կանոնները. «Մյուս կողմից նա ընտրողաբար է կիրառում այդ միջոցները, քանի որ նրա ներկայացած հիմնավորումները ամբողջությամբ կիրառելի են նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ շատ-շատ պատգամավորների նկատմամբ: Բայց Սերժ Սարգսյանը նման գործողությամբ, ըստ էության, հերթական անգամ կազմաքանդում է Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները, որովհետեւ իրեն է վերագրում ե՛ւ դատավորի, ե՛ւ գլխավոր դատախազի, ե՛ւ իրավապահ մարմինների գործառույթները, այսինքն՝ ինքը հանդես է գալիս որպես մենիշխան եւ դրանով, ըստ էությամբ, ամբողջովին կազմաքանդում է սահմանադրական կարգը: Այստեղ մի կարեւոր հանգամանք կա՝ նա հանդես է գալիս ոչ թե որպես նախագահ, այլ այդ որոշումները կայացնում է Հայաստանի Հանրապետական կուսակցության գերագույն մարմնում, այսինքն՝ սա շատ նման է պոլիտ բյուրոյում ընդունված որոշումների հիման վրա պետական մարմնին հրահանգ տալու մեխանիզմին, որը դեռեւս 25 տարի առաջ պետք է պատմության գիրկն անցած լիներ»: Արթուր Սաքունցը նկատեց նաեւ, որ երկար ժամանակ նշվել է, որ Գագիկ Ծառուկյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատասխանատու են Մարտի 1-ի հանցագործության իրականացման եւ մասնակցության մեջ. «Փոխանակ՝ այդ բոլոր ռեսուրսները, որոնք հիմա կիրառվում են, օգտագործվեին Մարտի 1-ին տեղի ունեցած հանցագործության բացահայտման համար, ըստ էության սեփական իշխանության պահպանման համար են դրանք օգտագործվում, որը ցույց է տալիս, որ ոչ թե բավարար ռեսուրսներ չկային, այլ չկար որեւիցե կամք, ցանկություն, որպեսզի Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի եւ քաղաքացիների դեմ կատարված ոճրագործությունը ստանա իրավական գնահատական»: Պարոն Սաքունցը հավելեց, որ ընտրողական արդարադատության մոտեցումների ձեւավորմանը նպաստել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. «Մենք պարզունակ օրինակ ենք տեսնում, երբ այն գործիքը, որը մշակել էր ԲՀԿ-ն, արդեն իսկ գործածվում է նաեւ իր նկատմամբ, իսկ այն ժամանակ, երբ այդ գործիքն օգտագործվում էր ուրիշների նկատմամբ, նա համառորեն լռում էր, ավելին՝ աջակցում էր: Սա իրապես ողբերգական իրավիճակ է Հայաստանի պատմության մեջ, որը ցույց է տալիս՝ թե՛ իշխանությունը, թե՛ իշխանական լծակները կրող մարդիկ կամ քաղաքական ուժերը եւ թե՛ ընդդիմության դաշտում գտնվող առաջատարները ամբողջովին գտնվում են ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական տիրույթում եւ պետությունն ու պետական լծակները դարձրել են միջանձնային հարաբերությունների պարզաբանման համար կիրառվող գործիքներ, այսինքն՝ ընդհանրապես որակազրկում են պետություն եւ իրավունք հասկացությունները»:
Աղբյուրը aravot.am