«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկում Վանաձորում
23:33, March 19, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունք2016 թ. մարտի 18-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը կազմակերպել էր «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկում Վանաձորում:
Քննարկումը վարում էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը, բանախոսներն էին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի փոփոխության նշանակությունը ՀՀ Սահմանադրական փոփոխությունների կոնտեքստում» թեմայի շրջանակներում Ա. Սաքունցը ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը՝ հավելելով, որ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հանրային քննարկումներ է կազմակերպել նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ Հայաստանի տարբեր բնակավայրերում:
Ա. Սաքունցը նկատեց, որ հերթական անգամ հանրային քննարկումների նախաձեռնողը ոչ թե նախագծի հեղինակներն են, այլ ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ նախագծի հեղինակները չեն ապահովում ինչպես քաղաքական ողջ դաշտի, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության մասնակցայնությունը՝ դա համարելով անհարգալից վերաբերմունք՝ հանրության նկատմամբ:
Բանախոսի դիտարկմամբ՝ ինչպես սահմանադրական փոփոխությունների հիմնավորվածության շուրջ հարցադրումներին, այնպես էլ Ընտրական օրենսգրքի նախագծի խնդրահարույց հարցերին նախագծի հեղինակների կողմից որևէ ողջամիտ պատասխան չի տրվել:
Ա. Սաքունցն իր խոսքում նշեց, որ ինչպես ցույց է տալիս ընտրական օրենսգրքի նախագծի ուսումնասիրությունը, այն ուղղված է իշխող կուսակցության կողմից կայուն մեծամասնության ձևավորմանը: Դրա մասին է վկայում կոալիցիա կազմող կուսակցությունների թվի սահմանափակումը, որով անխուսափելիորեն սահմանափակվում է կայուն քաղաքական մեծամասնություն կազմելու հնարավորությունը ԱԺ ընդդիմադիր կուսակցությունների կողմից:
Բանախոսի դիտարկմամբ՝ ոչ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ոչ էլ Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները չեն պահպանվել առաջարկվող նախագծում, և միջազգային կառույցների հանձնարարականներին ՀՀ իշխանությունները ընտրողաբար են վերաբերում:
Ա. Սաքունցը կարևորեց ընտրական օրենսգրքի վերլուծությունը սահմանադրական փոփոխությունների տրամաբանության շրջանակներում՝ նկատելով, որ հռչակված նպատակներն ու իրականացվող գործողությունները չեն համապատասխանում միմյանց:
Հաջորդիվ խոսքը տրվեց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանին, որը ներկայացրեց իր դիտարկումները ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի խնդրահարույց կարգավորումների վերաբերյալ:
Վերջինս նախ խոսեց ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ դրա մշակման նախնական փուլում առաջարկներ ներկայացնելու անհնարինության մասին, քանի որ հստակ չէր, թե կոնկրետ որ կառույցներն են զբաղվում նախագծի մշակմամբ:
Հ. Տիգրանյանի դիտարկմամբ՝ ընտրական օրենսգրքի նախագիծը պատժիչ նախագիծ է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձեցին ընդվզող վարք դրսևորել՝ մասնավորապես՝ թիրախավորվել են դիտորդներն ու լրագրողները, որոնց նկատմամբ սահմանափակումներ կիրառելով՝ ընտրական գործընթացը փորձում են դարձնել անվերահսկելի:
Բանախոսը նշեց նաև, որ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը չի անցել իրավական ակտերի մասին օրենքով սահմանված ընթացակարգը:
Հ. Տիգրանյանը, ի թիվս այլ խնդիրների, մատնանշեց նաև քվեարկության գաղտնիությունը խաթարող և բողոքարկման ոչ արդյունավետ մեխանիզմների վերաբերյալ դրույթները:
Առանձին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ զինծառայողների քվեարկության տեղամասերի մասին տեղեկատվությունը առաջարկվող ընտրական օրենսգրքի նախագծով համարվում է գաղտնի:
Հ. Տիգրանյանը խոսեց նաև քարոզչության անհավասար հնարավորությունների և էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրների մասին:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը «Ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման և քաղաքացիական մասնակցության մեխանիզմները» թեմայի շրջանակներում անդրադարձ կատարեց նոր ընտրական օրենսգրքի նախագծով ընտրատեղամասում դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների թվի սահմանափակմանը՝ դա համարելով անտրամաբանական:
Բանախոսի կարծիքով մտահոգիչ է նաև հանձնաժողովի նախագահի հայեցողությամբ դիտորդին ընտրատեղամասից հեռացնելու հանգամանքը:
Այնուհետև Լ. Բարսեղյանը խոսեց Հանրապետության խոշոր քաղաքներում քաղաքապետի անուղղակի ընտրության հնարավորության մասին, ինչը, բանախոսի դիտարկմաբ, նպատակահարմար չէ:
Վերջում բանախոսը անդրադարձ կատարեց Երևանի և Հանրապետության մյուս բնակավայրերի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների լուսաբանման հավասար հնարավորություններ ընձեռնելու անհրաժեշտությանը:
Հաջորդիվ քննարկում ծավալվեց բարձրաձայնված խնդիրների շուրջ, քննարկման մասնակիցները ներկայացրին իրենց մտահոգություններն ու առաջարկությունները նոր ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ՝ կարևոր համարելով ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը: