Փոխնախարարը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության
10:49, August 20, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵրեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը, ով Հովհաննես Մանուկյանի հրաժարականից հետո զբաղեցնում է նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, խախտեց երեխաների որդեգրման գործընթացի գաղտնիության կարգը: Նա նիստի օրակարգում ընդգրկված 15, 16 եւ 17-րդ հարցերով ներկայացրեց երեք անչափահաս երեխաների որդեգրման հարցերը: Մկրտչյանը նշեց բոլոր որդեգրողների եւ որդեգրվողների անուն-հայրանուն-ազգանունները, քաղաքացիությունը, ինչը բավարար է անձին նույնականացնելու համար: Արսեն Մկրտչյանը երեխաների տվյալները հրապարակելուց հետո հայտարարեց նաև, որ նրանք ունեն առողջական խնդիրներ: Հայաստանում երեխայի որդեգրման գործընթացը գաղտնի Է և սա ամրագրված է տարբեր իրավական ակտերով:
Նշենք, որ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Մկրտչյանը գաղտնի ինֆորմացիա չի հայտնել. «Հայաստանի Հանրապետության կառավարության օգոստոսի 18-ի նիստի ընթացքում ներկայացվել է որդեգրման մասին որոշման հակիրճ բովանդակությունը, և անձի նույնականացման այլ տվյալներ չեն հրապարակվել: Հետևաբար որդեգրման գաղտնիության խախտման հարց չկա»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը, անդրադառնալով փոխնախարարի հայտարարությանը, նշեց. «Եթե արդարադատության նախարարության հրապարակման մեջ կան կոնկրետ նույնականացման տվյալներ՝ անձի անուն-ազգանուն, հայրանուն, բնակության վայր, այդ ամենը արդեն բացահայտ տվյալներ են: Դրանք պաշտպանող տվյալներ են, գաղտնիությունը պետք է պահպանվի»:
Իրավանի խոսքով՝ երեխաների առողջական խնդիրների մասին տեղեկությունը, այլ խնդիր է. «Առողջական վիճակի մասին տեղեկությունները բացառապես կարող են տրամադրվել անձին, իսկ նման հայտարարություններ անելը ոչ կոռեկտ է և չի բխում ոչ երեխայի շահերից, ոչ անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության սկզբունքից և ոչ էլ անհատական տվյալների գաղտնիությունից»:
Անդրադառնալով նախարարության պատասխանին, իրավաբանը նկատեց, որ երևի նրանք նկատի ունեն, որ չեն հրապարակել նույնականացնող տվյալներ անձնագրի կամ նույնականամցման քարտի վերաբերյալ և այդքանով պահպանել են օրենքով սահմանված կարգը, բայց անձնագրային տվյալ հրապարակելը ոչ մեկիս ոչինչ չի տալիս. «Պետք է հրապարակվի անձնագրի կոնկրետ թվային տվյալ, առանց անուն-ազգանունի դա շատ դժվար է նույնականցնել, բայց երբ դա անուն-ազգանուն, հայրանուն կամ բնակության վայր է, գոնե այդ շրջանում անձին կարող են նույնականացնել, ճանաչել»:
Իրավաբանը ընդգծում է՝ ընտանեկան օրենսգիրքը սահմանում է, որ որդեգրման կարգը և որդեգրման վերաբերյալ տեղեկությունները առհասարակ բոլոր մարմինների համար գաղտնի տեղեկություն է՝ թե գրանցում իրականացրած, թե սոցիալական, թե ծնդդատան: Օրենքով սահմանվում է նաև գաղտնիության վերավերյալ տվյլաներ հայտնելու հարցով պատասխատավություն: «Ընտանեկան օրեսնգրքում գրված է պատասխանատվության մասին: Պատասխանատվություն նախատեսող օրենքում նման դրույթ չկա, թե որդեգրման գաղտնիք հրապարակելու համար ինչ պատասխանատվություն է նախատեսվում: Ամեն դեպքում դրանք պաշտպանվող տվյալներ են, կոնկրետ թվարկված չէ, թե որ տվյալն է գաղտնի, բայց երևույթ, որպես այդպիսին, գաղտնի է: Իսկ քրեական օրենսգիրքը հատուկ հանցակազմ ունի, որը քրեական պատասխատավություն է նախատեսում գաղտնիք հրապարակելու կամ համաձայնություն տալը հարկադրելու որշուման մասին: Տվյալը գաղտնի է գաղտնիության վերաբերյալ հայտարարելը, հայտնելը քրեական պատասխանատվություն է նախատեսում»,-ասաց իրավաբանը: