ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հյուրընկալել էր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչներին
14:24, January 19, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն2018թ. հունվարի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հյուրընկալել էր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Ակտիվ երիտասարդները՝ հանուն փոփոխության» ծրագրի ներկայացուցիչներին:
Երիտասարդները պատրաստվում են ծրագրեր իրականացնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և այդ նպատակով հանդիպումներ են ունենում ոլորտի մասնագետների, իրավապաշտպանների հետ՝ ծրագրերն ավելի նպատակային և արդյունավետ իրականացնելու նպատակով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկաայացրեց, թե ինչ ուղղություններով է գործունեություն ծավալում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ովքեր են Կազմակերպության շահառուները, ինչ հաջողություններ է գրանցել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գործունեության 20 տարիների ընթացքում:
Ա. Սաքունցը խոսեց Հայաստանում մարդու իրավունքների խախտման տարբեր դրսևորումների և դրանց կանխարգելման հնարավոր տարբերակների մասին: Այդ համատեքստում անդրադարձավ նաև աշխատանքային իրավունքների խախտմանը: Ապա երիտասարդների առաջարկով անդրադարձավ Վանաձոր քաղաքի խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին:
Մասնակիցները ներկայացրին իրենց վերհանած խնդիրները, որոնց ուղղությամբ պատրաստվում են ուսումնասիրություն կատարել: Ա. Սաքունցը ուղղորդեց, թե ինչպես կարելի է ուսումնասիրել խնդիրները, ինչպես իրականացնել մշտադիտարկում: Ներկայացրեց, թե մշտադիտարկման ինչ գործիքներ ու մեթոդներ կան, ապա խոստացավ առավել մանրամասն անդրադառնալ դրանց հաջորդ հանդիպումների ընթացքում, ինչպես նաև աջակցել ծրագրերի իրականացմանը, երբ երիտասարդները հստակեցնեն, թե որ խնդիրների լուծմանն են ուղղված լինելու իրականացվելիք ծրագրերը: