Մեկնարկել է «Վանաձորի իրավաբանական կլինիկա-3» ծրագիրը
15:16, October 19, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն
2015 թվականի սեպտեմբերի 1-ին մեկնարկեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Պոպուլեքս փաստաբանական գրասենյակի կողմից Ամերիկյան իրավաբանների ընկերակցության ֆինանսավորմամբ իրականացվող «Վանաձորի իրավաբանական կլինիկա-3» ծրագիրը, որի մասնակիցները Վանաձոր քաղաքի բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ և վերջին տարիների շրջանավարտներ են:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել 20 տեսական դասընթաց, այնուհետև կկազմակերպվեն գործնական պարապմունքներ. դասընթացի մասնակիցները կսովորեն կազմել իրավաբանական փաստաթղթեր, կմասնակցեն իրավաբանական խորհրդատվությունների տրամադրմանը, ձեռք բերած գիտելիքները կկիրառեն գործնականում:
Դասընթացները վարում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Արայիկ Զալյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը, Պոպուլեքս փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Կարեն Թումանյանը, փաստաբան Արտուր Հարությունյանը:
Ի դեպ, այս տարի առաջին անգամ նախատեսվում է կազմակերպել նաև դատախաղ, որի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան՝ հանդես գալու դատավարության տարբեր կողմերի դերերում: