Նոր զարգացումներ` Գայանե Առուստամյանի գործով
18:31, October 19, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ «ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի» դատական գործով (նախագահող դատավոր՝ Հ. Այվազյան) հերթական դատական նիստը: Դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել է վարչական պատասխանատվության ենթարկել Գայանե Առուստամյանին՝ ՀՀ Ոստիկանության ծառայողին վիրավորելու համար: Հիշեցնենք, որ Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը նախորդ դատական նիստին հայտարարել էր, որ ներկայացված հայցի դեմ ամբողջությամբ առարկում են և ներկայացրել միջնորդություն սույն դատական գործի վարույթը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան՝ որոշելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172/3 հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու համար: Այսօրվա նիստին ՀՀ վարչական դատարանը մերժեց նշված միջնորդությունը: Պատասխանողի ներկայացուցիչը դատարանից ժամանակ խնդրեց, որպեսզի ներկայացնի հակընդդեմ հայց: Դատարանն այս միջնորդությունը բավարարեց: Պատասխանող կողմին տրամադրվեց 10 աշխատանքային օր ժամկետ`հակընդդեմ հայց ներկայացնելու համար: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նախնական դատական նիստի օրվա և ժամի մասին Դատարանը կողմերին նախօրոք կտեղեկացնի: Aravot.am-ը Տաթևիկ Սիրադեղյանից հետաքրքրվեց`արդյոք իրավաչա՞փ էր դատարանի որոշումը: Նա զերծ մնաց խիստ գնահատականներ հնչեցնելուց, պարզապես ներկայացրեց իր մտահոգությունը, թե իրենք այնուամենայնիվ Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր տեսնում են: Այնուհետև մանրամասնեց. «Դատարանի կողմնապահության կամ անկողմնապահության մասին խոսելը վաղ է, դա ամբողջ դատաքննությունը ցույց կտա: Այս պահին հասկացա, որ դատարանը ՍԴ դիմելու հիմքեր չի տեսնում: Բայց մենք այդ հիմքերը տեսնում ենք: Մասնավորապես ՀՀ Սահմանադրությունը պաշտպանում է անձին պետության ցանկացած ոտնձգությունից, նաև պատվի և արժանապատվության դեմ ուղղված ցանկացած ոտնձգությունից, իսկ տվյալ դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ հոդվածը նախատեսում է պետության ներկայացուցչի պաշտպանությունը, ուստի գտնում ենք, որ այն հակասահմանադրական է, քանի որ ոչ թե անձի, այլ պետության իրավունքն է պաշտպանում»:
Աղբյուրը՝ aravot.am