Կանխվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձի զորակոչը
11:55, October 19, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԱրտաշատի զինվորական կոմիսարիատը 2015 թ. փետրվարի 17-ին զորակոչելու նպատակով հաշվառել է Ուկրաինայի քաղաքացի Հ. Պ.-ին և 2017 թ. սեպտեմբերին զորակոչման նպատակով ուղեգրել բժշկական զննության:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը պատճառաբանել է, որ հաշվառման համար հիմք է հանդիսացել նրա ծննդյան վկայականում Երևանը՝ որպես ծննդավայր նշած լինելու հանգամանքը: Այսինքն՝ պաշտպանական գերատեսչությունը, հիմնվելով միայն ծննդյան վկայականում ծննդավայրի վերաբերյալ տվյալների վրա, առանց ստուգելու, ճշտելու անձի քաղաքացիությունը, անձին կցագրում է և զորակոչի ենթարկում:
Մինչդեռ ՀՀ Պաշտպանության նախարարությունը պարտավոր է յուրաքանչյուր անձի վերաբերյալ տվյալների ճշտումից հետո միայն կայացնել նման որոշումներ:
Տվյալ դեպքում Հ. Պ.-ն, ծնվելու պահին գործող «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ծնողների համաձայնությամբ ձեռք է բերել Ուկրաինայի քաղաքացիություն, որի մասին վկայում է վերջինիս տրամադրված ծննդյան վկայականը և այնուհետև Ուկրաինայի քաղաքացու անձնագիրը: Ավելին՝ 2016 թ. օգոստոսի 4-ին Հ. Պ.-ի հորը ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկանք է տրվել այն մասին, որ «Հ. Պ.-ի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ չկան, ՀՀ քաղաքացու անձնագիր վերջինս չի ստացել»:
Հ. Պ.-ի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է դեռևս 2017 թ. հունվարից և մի շարք հարցումներ ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարարություն ու ՀՀ զինվորական կոմիսարին՝ նրա հաշվառման հիմքերի վերաբերյալ:
ՀՀ Պաշտպանության նախարարությանն ուղղված 2017 թ. մարտի 3-ի հարցման պատասխանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստացել է այն ներկայացնելուց 3 ամիս անց միայն, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչապետին ուղղված վարչական բողոքով պահանջել էր պարտավորեցնել իրավասու մարմիններին՝ տրամադրելու պահանջվող տեղեկատվությունը:
ՀՀ Զինվորական կոմիսարն իր՝ 2017 թ. հունիսի 9-ի գրությամբ հավաստիացրել էր, որ Հ. Պ.-ի զինապարտության հարցը հստակեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրային վարչություն հարցումներ են ուղարկվել, և խոստացել էր դրանց պատասխաններն ստանալուն պես լրացուցիչ տեղեկացնել:
Նրանցից ավելի քան 4 ամիս պահանջվեց այդ տեղեկատվությունն ստանալու համար:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կրկնակի հարցումներից հետո ՀՀ զինվորական կոմիսար Հ. Մուրադյանից, ապա ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մ. Հակոբյանից 2017 թ. հոկտեմբերի 10-ին պատասխան ենք ստացել այն մասին, որ Հ. Պ.-ն ՀՀ զինապարտ չէ և ենթակա չէ զինվորական հաշվառման:
Փաստորեն, տվյալ դեպքում քաղաքացու և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում է հնարավոր եղել կանխել անօրինական զորակոչը:
Արդյո՞ք եղել են նմանատիպ այլ փաստեր՝ տեղյակ չենք: Նմանատիպ փաստերի վերբերյալ տեղեկություն ունենալու դեպքում կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:
Սակայն մեկ հարց է ծագում, արդյոք այս փաստը չի հանդիսանում ուղղակի հերքում ՀՀ պաշտպանության նախարարի այն պնդման, թե զորակոչի թվակազմի ապահովման խնդիր չունեն: