Արթուր Սաքունց. Մեր երկրում հարյուրից ավելի հարյուր տարեկան մարդ կա
10:14, November 19, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին, քարոզարշավին և ընտրացուցակներում եղած անճշտություններին:
«Ընտրացուցակների և ընտրողների քանակն ուռճացված է: Մի հետաքրքիր փաստ. ըստ ընտրացուցակների՝ մեր երկրում հարյուրից ավելի հարյուր տարեկան մարդ կա: Սա արժե գրանցել Գինեսի գրքում: Հանրային հեռուստաընկերությամբ մենք մեր տեսակետները ներկայացնելու հնարավորություն չունենք: Այնտեղ Աշոտյանն է խոսում»,- ասաց Սաքունցը:
Անդրադառնալով այն փաստին, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում իշխանություններն օգտագործում են վարչական ռեսուրսները՝ բանախոսը նշեց. «Գնալով ավելանում է վարչական ռեսուրսների կիրառումը: Պետական հիմնարկներում մարդիկ վախենում են ասել իրենց տեսակետները»:
Newsline.am-ի հարցին, թե Հելսինկյան Ասամբլեայի հայաստանյան գրասենյակներն ինչ-որ քայլեր նախաձեռնո՞ւմ են այս երևույթի դեմ, Արթուր Սաքունցը պատասխանեց.
«Կա ինֆորմացիա, բայց չկա այդ ինֆորմացիայի հասցեատիրոջ կողմից քայլ կատարելու պատրաստակամություն: Դրա համար էլ չենք կարողանում դրան իրավական ընթացք տալ: Մեր պարտականություններից մեկն է՝ գնահատել քարոզարշավի ընթացքը և համապատասխան զեկույցներ ներկայացնել: Նոյեմբերի 19-20-ը Կիևում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորում է տեղի ունենալու: Մենք կներկայացնենք այս վիճակը: Բացի այդ՝ դեկտեմբերի 1-2-ը ԵԱՀԿ անդամ պետությունների Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի ֆորումն է լինելու: Այնտեղ ևս կներկայացնենք այս իրավիճակը: Վարչապետը ղեկավարում է «Այո»-ի շտաբը, ունենք քաղաքական բանտարկյալներ, նախընտրական քարոզարշավի համար իշխանությունները վարչական ռեսուրսներ են կիրառում… Այս ամենի մասին մենք զեկուցելու ենք նշված ֆորումների ընթացքում»,- ասաց իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ newsline.am
Տես նաև՝ pastinfo.am