ՎԴՕ դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը. ՍԴ-ն միաժամանակ արձանագրում է
15:54, December 19, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքՍահմանադրական դատարանն այսօր որոշեց, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի` Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը, առաջին մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
Մասնավորապես, Սահմանադրական դատարանն արձանագրեց, որ անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ պետք է ապահովվի ընտրությունների արդյունքների ամփոփման համար հիմք հանդիսացող իրավական ակտերի և փաստաթղթերի, այդ թվում՝ գրանցամատյանների, առնչությամբ ծագող ընտրական վեճերի կոլեգիալ կարգով քննությունը, օրենսդրորեն անհրաժեշտ ներդաշնակություն ապահովելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի՝ Ընտրական գործի ընդդատությունը և վարչական դատարանի կազմը, և ՀՀ ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը, 7-րդ մասի իրավակարգավորումների միջև:
Գործը դատարանում քննվում էր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության անհատական դիմումի հիման վրա:
ՀԿ-ն խնդրում էր հիշյալ հոդվածը ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածին՝ Դատական պաշտպանության իրավունքը, հակասող և անվավեր ճանաչել: Ըստ վիճարկվող դրույթի, Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
Դիմողը գտել է, որ վիճարկվող դրույթի կիրառման արդյունքում զրկվել է ստորադաս դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի իրավաչափությունը վերադասության կարգով բողոքարկելու իրավունքից, քանի որ նման հնարավորություն օրենսդրությունը չի նախատեսում:
Դիմողի կարծիքով՝ ընդհանուր սկզբունքն այն է, որ ընտրական գործերի շրջանակներում ներպետական օրենսդրությունը պետք է երաշխավորի ընտրական գործընթացին մասնակցող յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքը՝ ներառյալ դատական ակտի բողոքարկման հնարավորությունը:
Վիճարկվող դրույթը սահմանափակել է դատավարության մասնակից հանդիսացած անձի՝ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը, հնարավորություն չտալով իրացնել դատարանի՝ գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտը բողոքարկելու սահմանադրական իրավունքը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթը ոչ միայն զրկում է անձին դատարանի ոչ արդարացի դատական ակտը բողոքարկելու իրավունքից, այլև՝ ստորադաս դատարանի հնարավոր ոչ արդարացի դատական ակտով իր խախտված կամ սահմանափակված իրավունքի վերականգնման հնարավորությունից: