Գրաքննված «Խավարում» ցուցահանդեսը Վանաձորում վերաբացվելուց հետո կցուցադրվի այլ քաղաքներում ևս (Ֆոտոշարք)
15:38, December 2, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թ. նոյեմբերի 29-ին Վանաձորում վերաբացվեց օգոստոսին Երևանում փակված «Խավարում» ցուցահանդեսը:
Վանաձորում ցուցահանդեսը հնարավոր եղավ վերաբացել Հելսինկյան Քաղաքացիական Ասամաբլեայի Վանաձորի գրասենյակի և «Լոռի» հեռուստաընկերության ջանքերով:
Հովհ. Թումանյանի երեք որդիների հիշատակին նվիրված ցուցահանդեսը, որում ցուցադրված են արխիվային նյութեր խորհրդային բռնաճնշումների մասին, 2017 թ. օգոստոսի 4-ին բացվել էր Հովհ. Թումանյանի թանգարանում՝ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի ջանքերով, սակայն 22 օր անց ՀՀ Մշակույթի նախարարության պահանջով փակվել էր:
Այն առաջին անգամ վերաբացվել է նոյեմբերի 28-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում՝ տնօրեն Զարուհի Մուրասյանի ջանքերով: Վերջինիս խոսքով. «Սա մեր պատմության ողբերգական այն կտորն է, որտեղ երևում է, թե ինչպես հայ-բոլշևիկների դավաճանության պատճառով կործանվեց նոր ստեղծված Հայաստանի Հանրապետությունը: Եվ լռել դրա մասին, ցույց չտալ, և չմատուցել այն հասարակությանը, ուղղակի հանցագործություն է»:
Լոռի հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը վստահություն հայտնեց, որ ցուցահանդեսը կշարունակի իր «մարզային ճամփորդությունը» և ցուցադրությունը բաց կլինի այնքան ժամանակ, որքան կուզենա վանաձորցին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը սա համարում է պատասխան Մշակույթի նախարարությանը, որն ակնհայտ անհիմն արգելեց ցուցադրությունը:
«Մենք կողմնակից ենք, որ պատմության վերաբերյալ մոտեցումները, կարծիքներն արտահայտվեն բազմակարծության, ստեղծագործական ազատության սկզբունքների հիման վրա», նշում է Ա. Սաքունցն ու հավելում, որ կան պատմական փաստեր, որոնք կարիք ունեն բացահայտվելու, ճանաչելի դառնալու, որի հիման վրա միայն կարելի է ամբողջական կարծիք կազմել և ոչ թե դասագրքերով հրամցվածի շրջանակներում մնալ:
Ցուցահանդեսի կազմակերպիչներին ու մասնակիցներին իր ուղերձն էր հղել նաև նախաձեռնության հեղինակ Նարինե Թուխիկյանը: Դրանում նա հույս էր հայտնել, որ ցուցադրությունը ուսումնասիրության մեծ դաշտ կբացի երիտասարդների առջև:
Ցուցադրությունն իրենց համայնքներում կազմակերպելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ մի շարք այլ քաղաքներից, ինչպես նաև ԱՄՆ Ֆրեզնո քաղաքից:
Վանաձորում վերաբացված ցուցահանդեսն առաջիկայում բաց կլինի բոլոր ցանկացողների համար: