«Սերժ Սարգսյանն ասում է՝ խելոք մնացեք, չընդվզեք, թե չէ կմեղադրվեք կոռուպցիայի մեջ»
16:47, December 2, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններLragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, Սերժ Սարգսյանն օրերս հայտարարեց, որ կոռուպցիան ազգային անվտանգության համար սպառնալիք է: Սա նշանակո՞ւմ է, որ այսուհետ այս երևույթի դեմ պայքարը նոր թափ է առնելու:
Նախ, կոռուպցիան Հայաստանում ազգային անվտանգության հարց եղել է նախքան Սերժ Սարգսյանի հայտարարությունը, և դա ոչ թե մեկ կամ երկու տարի է, որ այդպես է: Կոռուպցիայի ընկալման համաթվի վերջին 10 տարիների պատկերը հուսադրող չէ: Այդ համաթիվը գնալով բարձրացել է, այսինքն՝ կոռուպցիայի տարածվածությունն ու խորությունն իրապես մեծացել է: Այլ հարց է, թե Սերժ Սարգսյանն ինչո՞ւ է հիմա այդ մասին հայտարարում, այլ հարց է, թե մինչ այդ հայտարարությունը ի՞նչ քայլեր են կատարվել, որպեսզի կոռուպցիան չհանդիսանար անվտանգության սպառնալիք: Եվ կարևոր է, թե բացի հայտարարությունից ի՞նչ գործողություններ է առաջարկում Սերժ Սարգսյանը: Այս տեսակետից նա կրկնում է այն, ինչ Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր հայտարարել ապրիլյան պատերազմական գործողություններից առաջ, այն, ինչ Եվրամիության պատվիրակության ղեկավարն էր բազմիցս հայտարարել, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են բարձրաձայնել:
Ես չեմ վստահում Սերժ Սարգսյանի ասածին, որովհետև այդ խոսքերն ասվեցին մի մարմնի՝ Հատուկ քննչական ծառայության հիմնադրման 10-ամյակին, որն արդեն իսկ պետք է կոռուպցիայի դրսոևորումներ պարունակող փաստերով արդյունավետ քննություն կատարած լիներ, ինչը չի արվել: Իսկ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը խոսում է այն մասին, որ այդ չկատարելու ուղղակի պատասխանատվությունը կրում է Սերժ Սարգսյանը: Հիմա կարծես իբր թե ասում է՝ արդեն կարող եք քննություն իրականացնել: Իսկ դա դա նշանակում է, որ մինչ այդ ինքն է ասել, որ քննություն չկատարեն:
Իսկ ինչո՞ւ այս փուլում նման հայտարարություն արեց:
Քանի որ Սերժ Սարգսյանը մշտապես իր հայտարարությունները կատարում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, իմ համոզմամբ, այդ հայտարարությունը կապ ունի ապրիլին նրա նախագահական ժամկետի ավարտի և նոր վարչապետի ընտրության հարցի հետ, որպեսզի դա անցնցում ապահովվի: Իսկ կոռուպցիոն հանցագործությունների մեջ ընկղմված են հենց իշխանության ներկայացուցիչները և հենց իր թիմի կարկառուն անդամները: Ինքը դա շատ լավ գիտի, տիրապետում է տեղեկատվությանը, թե ով որտեղից ու ինչքան կոռուպցիոն եկամուտ ունի: Եվ Սերժ Սարգսյանն այս հայտարարությամբ ասում է՝ խելոք մնացեք, չընդվզեք, չարություններ չանեք, հակառակ դեպքում կմեղադրվեք կոռուպցիոն հանցագործությունների կատարման մեջ: Այսինքն՝ սա սպառնալիք է այն հնարավոր ընդդիմացողներին, ովքեր կարող են խնդիրներ առաջացնել իր կողմից նախագահի պաշտոնից վարչապետի պաշտոնին սահուն անցնելու տեսակետից: Եվ սա ընտրողական արդարադատության տիպիկ դրսևորում է:Հիշեցնեմ, որ ժամանակին հենց նույն տրամաբանությամբ էր նա հայտարարում, թե պետք է ստուգել օդից կախված այն լուրերը, թե Գագիկ Ծառուկյանն ինչ-ինչ հարկային պարտականություններ չի կատարում: Այդ հայտարարությունը կատարվեց այն ժամանակ, երբ քաղաքական լուրջ խնդիր կար: Եվ ինքն այդ սպառնալիքով քաղաքական խնդիրը լուծեց:
Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ հիմնավոր են այն ենթադրությունները, որ իշխանության վերնախավում, անկախ նրանից, նրանք պաշտոններ ունեն, թե ոչ, կան Սերժ Սարգսյանի իշխանության շարունակության ընդդիմացողներ: Եվ ինքն այս հայտարարությամբ զգուշացնում է, որ ընդդիմախոսները, եթե քայլեր կատարեն, գործ կունենան իր հետ՝ որպես կոռուպցիոն հանցագործություն կատարած անձ:
Եվրամիությունը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական աջակիցներից է, այդ նպատակով ֆինանսավորում է հատկացնում: Հայաստանի իշխանությունները կկարողանա՞ն Հայաստան-ԵՄ համաձայնագրի շրջանակներում շոշափելի պայքար մղել այս երևույթի դեմ, ի՞նչ հնարավորություն է տալիս այդ համաձայնագիրը:
Ես խիստ կասկածում եմ, որ Հայաստանի իշխանությունն այս համաձայնագիրը կիրականացնի, եթե թողնենք իշխանությանը: Ավելին, այս համաձայնագրով իշխանությունը միայն փորձում է լուծել ֆինանսական ռեսուրսների խնդիրը, որովհետև իշխանությունն իր բովանդակությամբ ու փիլիսոփայությամբ ամենևին չի գտնվում համաձայնագրով նախանշված խնդիրները լուծելու դիրքերում: Այդ խնդիրները լուծելու համար պետք չէր այս համաձայնագիրը, արդեն իսկ պայմանագրեր ու հանձնառություններ կային, որոնց կատարման դեպքում այս համաձայնագրի իմաստը կկորեր, կլիներ բոլորովին այլ համաձայնագիր, որը կոչվում է Ասոցացման: ԵՄ հետ համաձայնագրի բովանդակության հետ համաձայն լինելու դեպքում անհնար կլիներ Եվրասիական տնտեսական միության անդամագրումը, ինչը շարունակում է մնալ իշխանության հստակ դիրքորոշումը: