Արթուր Սաքունց. Հավատ չկա, որ իշխանության այս նախաձեռնությունը հանուն մարդու է
09:55, June 2, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՈրևէ մեկը չի հերքում այն փաստը, որ ծխելը վնասակար է առողջությունը: Հատկապես վտանգավոր գոտում են հայտնվում պասիվ ծխողները, այսինքն` չծխողները:
Կառավարությունը, մասնավորապես Առողջապահության նախարարությունը, որոշել է «պայքար սկսել ծխելու դեմ», ընդ որում արգելվելու է հասարակական վայրերում ծխելն առհասարակ, այսինքն` եթե այժմ օրինակ սրճարաններում կան ծխողների և չծխողների համար առանձին տարածքներ, ապա շուտով դա էլ կվերանա:
Բայց փաստ է այն, որ ծխող մարդը շարունակելու է ծխել, իսկ չծխողը` ոչ: Ի վերջո, չծխողների շահերը պաշտպանելու լավագույն տարբերակը տուգանքներ սահմանելը կամ էլ ծխախոտի գինը մի քանի անգամ բարձրացնելը չէ: Որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ սա կառավարության հերթական օրինագիծը չէ` պետական բյուջե տուգանքների միջոցով ֆինանսական միջոցներ ներգրավելու համար և ոչ միայն:
Ակնհայտ է այն, որ անհնար է պաշտպանել մարդկանց մի խմբի շահերն ու իրավունքները` ոտնահարելով մյուսներինը:
Հարցի առնչությամբ «Հայաստան24»-ը զրուցեց իրավապաշպան Արթուր Սաքունցի հետ: Վերջինս նշում է, որ հստակ է այն, որ ծխելու դեմ պայքարը պետք է լինի, ու ծխելը վնասակար է:
«Ծխելը տարբեր դրսևորումներ ունի, առաջին հերթին շրջապատող մարդկանց համար: Սա աներկբա է, աքսիոմատիկ: Մի օրինակ, ՔԿՀ-ներում, երբ խցում մեկը կամ մի քանի հոգի ծխող են, իսկ նույն խցում գտնվողներից մեկը չծխող է, դուք պատկերացնո՞ւմ եք նրա վիճակը: Համատեղելիության հետ կապված ՔԿՀ-ներում չկա այդ նորմը, որ ասենք ծխելը կամ չծխելը հանդիսանա համատեղելիության հետ կապված հարց: Բայց մարդիկ ստիպված են լինում հարմարվել, այսինքն` իրապես ծխելը անհատական և հանրային տեսակետից մարտահրավեր է: Բայց ամբողջ պրոբլեմը նրանում է, որ ով և ինչ վիճակում է խոսում պայքարի մասին: Պատկերացրեք մի ցեխոտ, ճահճոտ միջավայրում խոսք է լինում, որ բոլորը պետք է կոշիկները մաքուր պահեն: Դա աբսուրդ է: Այսինքն` դու միջավայրը աղտոտում ես և սկսում ես ծխողների դեմ պայքարել, այդ դեպքում ուղղակի պետք է աղբը մաքրես. դա կոռուպցիան է, բժշկական պատշաճ և որակյալ օգնության, դեղորայքի, տեխնիկական միջոցների ապահովման հետ կապված խնդիրները: Հիմա դու վերցնում ես ծխելու դեմ պայքարը: Դա աբսուրդ է, ինքն անհամաչափ է, ոչ թե անհրաժեշտ չի, այլ ոնց որ գնաս ջունգլիներում սկսես երկնաքեր պատրաստելը, բայց ով պետք է դրանում ապրի», – ասաց պարոն Սաքունցը:
Նա նշում է, որ նախաձեռնությունը շատ լավն է, սակայն վստահություն չկա դրա հեղինակների նկատմամբ.
«Նախաձեռնության հեղինակի, իշխանության նկատմամբ չկա վստահություն, այսինքն` առաջին հայացքից ինչ լավ բան էլ առաջարկեն անվստահությունն այնքան խորն է, որ ինքն արդեն իսկ հանդիսանում է նման լավ նախաձեռնության հիմնական խոչընդտող գործոնը, որովհետև ես չեմ վստահում, չեմ հավատում, որ իշխանությունը մտահոգված է իմ առողջությամբ, որովհետև եթե ինքը մտահոգված լիներ իմ առողջությամբ, իմ նշած այդ կոռուպցիոն հարցերը չէին լինի, և երբ որ դրանց չլուծվածության պարագայում` ասում են գիտես քո մասին շատ եմ մտածում, դրա համար ծխելու դեմ պայքար եմ տանում, դառնում է հեգնանք: Սրա մեջ պետք է գտնել բուն երևույթի էությունը, երբ որ առանձին ձևակերպումների վրա ենք ուշադրություն դարձնում, բայց իրավիճակի բուն բովանդակությունը մոռացության է տրվաւմ: Չկա վստահություն, հավատ իշխանության նկատմամբ, կամ որ նրա նախաձեռնությունը հանուն մարդու է, որովհետև հանուն մարդու բովանդակային խնդիրներ կան, որոնց չլուծվածության պարագայում նման նախաձեռնությունը դառնում է ծիծաղելի, անտեղի և անհամաչափ», – ընդգծեց մեր զրուցակիցը:
Նա կարծում է, որ նման օրինագծերի միջոցով իշխանությունները կեղծ օրակարգեր են ստեղծում և փորձում շեղել հասարակության ուշադրությունը.
«Անընդհատ կեղծ օրակարգեր են առաջ քաշում: Բոլոր օրակարգային խնդիրներն անուշադրության մատնելով, լուծումներ չտալով` նոր օրակարգ են ուզում առաջադրեն, որը բուն բովանդակային և հիմնարար նշանակություն ունեցող խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակ է հետապնդում: Իրենք ի վիճակի չեն բովանդակային և հիմնարար խնդիրները լուծելու և այսպիսի փոքր միջոցառումներով փորձում են շղարշել իրենց անգործությունը, կոռումպացվածությունը, իրենց իրական բովանդակային անմարդկայնությունը, իրենք շատ լավ հասկանում են, որ համակարգը անմարդկային է իր բովանդակությամբ և այդ կոսմետիկ առաջարկներով փորձում են դա նենգափոխել, ձևափոխել, իլյուզիա ստեղծել: Սա ուղղակի արհամարհանք է հենց այդ մարդկանց նկատմամբ», – եզրափակեց իրավապաշտպանը: