20 տարի անց կամ Սումգայիթից մինչեւ Շենգավիթ
00:00, December 25, 2008 | Նորություններ | ՔաղբանտարկյալներԱնդրադառնալով «Յոթի» գործով դատաքննության երկրորդ նիստին, երբ դահլիճն «օկուպացրել» էին ոստիկանության աշխատակիցները, որոնց գլխավորում էր ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի պետի տեղակալ Էդիկ Գալստյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը նաեւ մարտի մեկին զոհված Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչն է դատարանում, հիշեց 20 տարվա վաղեմության մի դեպք:
«Ես հիշեցի 1988 թվականի նոյեմբերին Մոսկվայում կայացած դատավարությունը` Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային կոտորածի վերաբերյալ: Սովորական քաղաքացիներին չէին թողնում մասնակցել դատաքննությանը, բայց մեր բարձրացրած աղմուկից հետո թույլատրեցին, եւ, մտնելով դահլիճ, տեսանք, որ աթոռների 90 տոկոսը զբաղեցրել էին քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Շենգավիթի դատարանում, փաստորեն, իրականացվեց դատաքննության հրապարակայնության սահմանափակման սովետական տեխնոլոգիա: Տեղի ունեցածը սովետական ավանդույթների վերականգնման տիպիկ օրինակ է: Մեկ տարբերություն կա, ես դա ցավով եմ արձանագրում: Սովետական ավանդույթը վերականգնվում է ասիական մոդելով, ասիական արժեքներով: Սովետական ոստիկանների խնդիրը դատարանի դահլիճի տեղերը լցնելն էր, նրանք նստած` լուռ լսում էին, իսկ հիմա Հայաստանում ոստիկանները երկրորդ ֆունկցիան են ստացել` քաղաքացիների հետ միջադեպեր հրահրել եւ այդ հիմքով գործ սարքել, ինչպես մարտի մեկին»,- հայտարարեց Արթուր Սաքունցը:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.hraparak.am/news.php