Շարունակվում են հետապնդումները քաղաքական բանտարկյալներ Գևորգ Սաֆարյանի և Հայկ Կյուրեղյանի նկատմամբ
11:41, January 20, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Հայկ ԿյուրեղյանՀՀ-ում քաղաքական ակտիվիստների հետապնդումները շարունակվում են նաև բանտերում. իրենց քաղաքական հայացքների համար նրանց նկատմամբ ճնշումներ կիրառելու նպատակով վարչակազմը հաճախ օգտագործում է նաև քրեական տարրերին։
2015թ. հունվարի 1-ին Ազատության հրապարակից բերման ենթարկված քաղաքական ակտիվիստ, «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով իրեն տեղափոխել առանձին խուց՝ ելնելով իր անվտանգության նկատառումներից: Նրան տեղափոխել էին քաղաքական բանտարկյալ Հայկ Կյուրեղյանի խուց, որը նույնպես առանձին խուց էր տեղափոխվել 2015թ․ դեկտեմբերի 14-ին՝ 27 օր տևած հացադուլի արդյունքում: Ի դեպ՝ Հայկ Կյուրեղյանը նույնպես հացադուլ հայտարարել էր որպես բողոքի արտահայտություն՝ խցային անբավարար պայմանների և այլ կալանավորների հետ ունեցած խնդիրների հետ կապված։
«Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը 2016թ. հունվարի 14-ին կրկին հացադուլ է հայտարարել այն բանից հետո, երբ նրան հայտնել էին, որ իրեն պետք է տեղափոխեն ընդհանուր խուց: Գ․Սաֆարյանի պահանջը մեկն էր՝ իրեն տեղավորել այնպիսի խցում որտեղ զերծ կլինի քրեական տարրերի հետ միասին գտնվելուց՝ զերծ մնալու համար նրանց կողմից հնարավոր բռնություններից:
Չնայած դրան՝ նրան այնուամենայնիվ տեղափոխել են ընդհանուր խուց: Ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի՝ հացադուլ է հայտարարել նաև Հայկ Կյուրեղյանը: 2016թ.-ի հունվարի 15-ին Գևորգ Սաֆարյանին կրկին տեղափոխել են այն խուցը, որտեղ պահվում է Հայկ Կյուրեղյանը, միաժամանակ նույն խուց են տեղափոխել ևս 4-5 հացադուլավորի, ովքեր փորձել են բախում հրահրել Գևորգ Սաֆարյանի հետ: Կոնֆլիկտին միջամտել է քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը: Գ․Սաֆարյանը տեղափոխվել է պատժախուց, իսկ Հայկ Կյուրեղյանը մնացել է մյուս հացադուլավորների հետ նույն խցում:
Գ․Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկում Գ․Սաֆարյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում: Նա ասել է. «Գևորգին գողական աշխարհի ներկայացուցիչները խցում սպառնացել են, ասել են, որ եթե իրենց հետ նույն խցում մնա, ապա իր համար շատ վատ կլինի»:
2016թ.-ի հունվարի 15-ին Գևորգ Սաֆարյանին և Հայկ Կյուրեղյանին այցելած ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքերով արհեստականորեն անտանելի պայմաններ են ստեղծում դատապարտյալների համար՝ փոքր խցում տեղավորելով 7 մարդ:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը 2016թ․ հունվարի 16-ին տարածված հաղորդագրության մեջ նշել է. «… Տեղի ունեցածը փաստում է, որ հանցավոր վարչախումբը ճիզվիտական հնարամտության իր ամբողջ զինանոցն օգտագործում է բանտում Գևորգ Սաֆարյանի և Հայկ Կյուրեղյանի կյանքը դժոխքի վերածելու համար` կալանավորումն օգտագործելով որպես խոշտանգման, նվաստացման և անմարդկային վերաբերմունքի միջոց»:
2016թ․ հունվարի 17-ին Գևորգ Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել նոր խուց: Հայկ Կյուրեղյանը դեռևս շարունակում է հացադուլը: