Զինծառայողին պիտանի ճանաչելու վերաբերյալ որոշումը կվիճարկվի վարչական դատարանում
18:14, January 20, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՄենք արդեն տեղեկացրել ենք, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վիճարկել է առողջական խնդիրներ ունեցող զինծառայող Ռազմիկ Պետրոսյանին զինծառայության համար պիտանի ճանաչելու մասին՝ ՀՀ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 2016 թ. մարտի 3-ի նիստի որոշումը:
Վերոնշյալ որոշմամբ Հանձնաժողովն արձանագրել էր, որ զինվորական ստանդարտ կոշիկ կրելու աննշան խանգարման առկայությամբ զինծառայողը չի կարող կրել դրանք, և բացառության կարգով կթույլատրվի կրել ոչ ստանդարտ կոշիկներ: Ինչը, սակայն, չի բխում որևէ իրավական ակտից. զինվորական կոշիկներ կրելը կամ հնարավոր է, կամ՝ ոչ, իսկ երկրորդ դեպքում՝ զինակոչիկը համարվում է ոչ պիտանի զինվորական ծառայությանը:
Ռազմիկ Պետրոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի կողմից ներկայացված հայցադիմումը ՀՀ Վարչական դատարանը պատշաճ չի ուսումնասիրել և դրա վերաբերյալ անհիմն եզրահանգումներ կատարելով, 2016թ. հոկտեմբերի 7-ին մերժել է հայցադիմումի վարույթ ընդունումը: Հատկանշական է, որ հիշյալ որոշմամբ՝ դատարանը վիճարկվող ակտը վարչական ակտ չի համարել:
Վարչական դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ 2016 թ. դեկտեմբերի 1-ի իր որոշմամբ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ Վարչական դատարանը սխալ է կիրառել ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի դրույթները, իսկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները բավարար են բողոքը բավարարելու համար:
Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նաև ստորադաս դատարանի կողմից՝ վիճարկվող ակտի բնույթի վերաբերյալ արված եզրակացություններին՝ նշելով որ անհնար է նման եզրահանգումներ կատարել՝ առանց վիճարկվող ակտը հետազոտելու, առավել ևս՝ գնահատել դրա իրավաչափությունը դրա բացակայության պայմաններում: Եվ նախքան եզրակացություններ կատարելը՝ դատարանը պարտավոր էր միջոցներ ձեռնարկել որոշման առկայությունը գործում ապահովելու ուղղությամբ:
Հավելենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ռ. Պետրոսյանի զինծառայությունը ոչ ստանդարտ կոշիկով կազմակերպելու՝ հրամանատարության որոշման անօրինականության վերաբերյալ, սակայն ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Ա. Կոբալյանը հրաժարվել էր քրեական գործ հարուցել: Որոշումը բողոքարկվել է դատական կարգով: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստը նշանակված է 2017 թ. հունվարի 23-ին: