Խուդոյանների գործով կայացավ հերթական դատական նիստ
16:21, February 20, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք | Ոստիկանություն2015թ. փետրվարի 18-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր` Գ. Սոսյանի, սկսվեց ՀՀ ոստիկանության դեմ ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի կողմից ներկայացված հայցի դատաքննությունը: Հիշեցնենք, որ հայցվորները դեռևս 2013թ. դեկտեմբերի 2-ի լուսաբացին ՌԴ նախագահ Վ. Պուտինի պաշտոնական այցի պատճառով մի խումբ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնի ուժի կիրառմամբ հեռացվել էին ՀՀ նախագահական նստավայրի դիմացից, որտեղ նստացույց էին սկսել նոյեմբերի 28-ից:
Սույն դատական նիստին ներկա էին հայցվորները, նրանց ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, ինչպես նաև՝ գործով պատասխանող ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ Միխայիլ Սուքիասյանն ու Մարթա Մելիքսեթյանը:
Դատական նիստին չէին ներկայացել գործով ներգրավված վկաները, սակայն կողմերը չառարկեցին այդ փուլում վկաների բացակայությամբ դատական նիստը շարունակելուն:
Դատաքննության ընթացքում բացման խոսքերով հանդես եկան հայցվորների և պատասխանող ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները:
Ա. Խուդոյանի և Հ. Մակարյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը ներկայացրեց գործի հիմքում ընկած փաստական և իրավական հիմնավորումները, նշեց, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունների արդյունքում խախտվել են հայցվորների՝ հավաքների ազատության, ազատ տեղաշարժի, ինչպես նաև՝ Ա. Խուդոյանի՝ անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքները: Բացի այդ, հայցվորների ներկայացուցիչը նշեց, որ ոստիկանության աշխատակիցները արհամարհական վերաբերմունք են դրսևորել հայցվորների նկատմամբ, չեն ներկայացել, եղել են քաղաքացիական հագուստով:
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Մ. Մելիքսեթյանն իր բացման խոսքով հայտնեց, որ ՀՀ ոստիկանությունն ամբողջությամբ առարկում է ներկայացված հայցի դեմ, վկայակոչեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով ամրագրված ՀՀ ոստիկանության խնդիրները, գործառույթները՝ ոստիկանության աշխատակիցների գործողությունները որակելով որպես անձանց կյանքի և առողջության պաշտպանությանն ուղղված գործողություններ:
Բացման խոսքերի ավարտից հետո դատարանը գտավ, որ վկաների բացակայության պատճառով նիստը հնարավոր չէ շարունակել: Այդպիսով սույն գործով դատաքննությունը հետաձգվեց և նշանակվեց 2015թ. մարտի 31-ին, ժամը 15:00-ին: