Կոստանյանի նամակը «ոտքով» է գնում Մոսկվա… այն դեռ Չայկային չի հասել
16:40, February 20, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կատարե՞լ է արդյոք գյումրեցիներին տված խոստումը, որ կդիմի ՌԴ դատախազին՝ Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով: Չնայած փետրվարի 3-ին հաղորդագրություն տարածվեց, որ նամակ ուղարկվել է Չայկային եւ այսօր հերթական անգամ ՀՀ դատախազությունը փորձեց հավաստիացնել, որ միջնորդություն ուղարկվել է, այունամենայնիվ, լուրջ կասկածներ կան պնդելու, որ իրականում որեւէ նամակ գոյություն չունի: Խնդիրն այն է, որ դատախազությունը չնայած պահանջներին՝ հրապարակել նամակի բովանդակությունը, համառորեն չի ցանկանում այն դարձնել հանրության սեփականությունը:Ավելին, այսօր ՀՀ դատախազությունը տարածած հաղորդագրությամբ անհեթեթ համարեց նամակն ուղարկելու և դրա բովանդակության վերաբերյալ կասկածները:Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր հերթին անհեթեթ համարեց Չայկային ուղղված նամակի չհրապարակումը:«Անհարգալից ենք համարում նման վերաբերմունքը ՀՀ քաղաքացիների նկատմամբ, երբ որ Կոստանյանը չի հրապարակում նամակը, որը եղել է հանրային պահանջ՝ ՇՄ դատախազության մոտ: Ինքը ոչ միայն խոսք է տվել նամակն ուղարկել, այլ նաեւ որպես հիմնավորում ուղարկելու մասին՝ հրպարակել: Նամակի հրապարակումը չի կարող պարունակել նախաքննական գաղտնիք: Միայն պետք է լիներ իրավական հիմնավորումներ՝ Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու պահանջով»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը:«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հայտնում է, որ ՌԴ դատախազությունից ստացված տեղեկության համաձայան, իրենք նամակ չեն ստացել Գեւորգ Կոստանյանից: Անդրադառնալով այս հանգամանքին, Արթուր Սաքունցն ասաց. «Դա արդեն խոսում է այն մասին, որ առավել քան հրատապ է այդ նամակի հրապարակումը, որը եւ կապացուցի կամ կփարատի բոլոր այն կասկածները, որ նամակն ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազին, թե ոչ»:Հիշեցնենք, նամակն, ըստ դատախազության հրապարակած տեղեկությունների, ուղարկվել է Յուրի Չայկային փետրվարի 3-ին: Ըստ երեւույթին, պատասխանն արդեն պետք է հայտնի լիներ հասարակությանը, կամ գոնե հավաստիացում, որ միջնորդագիր ստացվել է Գեւորգ Կոստանյանից:«Ընդհանրապես, ես պետք է ասեմ, որ առաջին հերթին որպես ՀՀ քաղաքացի ես ՀՀ գլխավոր դատախազության նկատմամբ ունեմ պահանջ, որպես իրավապաշտպան կամակերպության ներկայացուցիչ, որ պետք է նախաքննության հետ կապված, եւ այդ ընթացքի վերաբերյալ հրապարակայնություն ապահովվի, որով կբավարարվի հանրության տեղեկացված լինելու իրավունքը եւ որը չի ապահովվում: Պետք է այդ նամակը նախ եւ առաջ հրապարակվի»,- ասաց իրավապաշտպանը:«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի պատասխանատու Դանիել Իոաննիսյանն իր հերթին ասում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը խախտել է ՀՀ տեղեկատվության ազատության մասին օրենքը: Կազմակերպությունն արդեն դիմել է դատարան: Իոաննիսյանը կարծում է, որ նման նամակ առհասարակ չկա, այլապես դատախազությունը ստիպված չէր լինի օրենք խախտել հանուն այն բանի, որ չհրապարակվի այդ նամակի բովանդակությունը:Իսկ եթե այնուամենայնիվ ուղարկել է, ապա ինչու՞ է ՌԴ դատախազությունը պնդում, որ չի ստացել նամակ Հայաստանի գլխավոր դատախազից. «21-րդ դարն է, նամակը հո ոտքո՞վ չի գնում Մոսկվա»,- ասում է Դանիել Իոաննիսյանը:Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն անդրադառնալով «առեղծվածային» նամակին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոստանյանի խոստումից անցել է 35 օր, մնաց 5 օր։ Իրեն ասեք, որ ժամ ենք դրել վրեն…»:Հավելենք, որ մեզ չհաջողվեց հուզող հարցերի պատասխանը ստանալ ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը չի պատասխանում հեռախոսազանգերին:
Աղբյուրը՝ lragir.am