Ա. Սաքունցն ու Ա. Զալյանն՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ
16:44, February 20, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանն ընդգրկվել են որպես գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդներ: Նրանք ներկայացնում են ու պաշտպանելու են Ավետիսյանների հարսի՝ Արաքսյա Ավետիսյանի հոր՝ Անդրանիկ Պողոսյանի շահերը: Իսկ նրա կինը Արթուր Սաքունցի եւ Արայիկ Զալյանի հետ միասին հանդես է գալու որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:
Երեկ ու այսօր տուժողի իրավահաջորդն ու ներկայացուցիչներն այցելել են ՀՀ քննչական կոմիտե, հանդիպել կոմիտեի ղեկավարի տեղակալի հետ ու բարձրացրել իրենց հուզող հարցերը, այս մասին մեզ փոխանցեց Արթուր Սաքունցը, իսկ իրավաբան Արայիկ Զալյանը նշեց, որ ծանոթացել են գործի նյութերին ու պլանավորում են առաջիկա անելիքները. «Որոշակի գործողություններ ենք պլանավորում, որոնք առաջիկա օրերին կիրականացվեն, կմշակենք մեր քայլերը, մեր մարտավարությունը»,- նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանը:
Իսկ Արթուր Սաքունցը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, թե որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ գրություն են ուղարկել քննչական կոմիտե՝ մի շարք կարեւոր հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով.«Մասնավորապես, թե սահմանի խախտման վերաբերյալ քրեական գործ հարուցվել է, թե ոչ, նաեւ Հայաստանի եւ ՌԴ քննչական կոմիտեների միջեւ կնքված համաձայնագրի պատճենը ստանալու հարց ենք բարձրացրել, փորձաքննությունների փաթեթը, թե ինչ փորձաքննություններ են նշանակվել, քանի որ մտահոգող հարցեր ունենք, օրինակ Պերմյակովից արյան, մեզի անալիզները շատ ավելի ուշ են վերցվել, քան իր ծառայակիցներից, փաստորեն Պերմյակովից այն նմուշները, որը պետք է վերցվեր բամբակի խծուծներով՝ կրակի արգասիքի հետքերը հայտնաբերելու ուղղությամբ, չի արվել, դա լուրջ բացթողում է: Եվ իհարկե օրակարգում մնում է Պերմյակովին ՀՀ իրավապահներին փոխանցելու պահանջը»,- նշեց Արթուր Սաքունցը:
Եվ բացի այդ, ըստ Ա. Սաքունցի, որոշ հարցեր եւս պատրաստվում են քննարկել տուժողի իրավահաջորդների հետ, եւ առաջիկայում որոշ գործողություններ եւս կիրականացվեն. «Մենք բոլոր մեր հարցադրումներն ուղղելու ենք քննչական խմբին, 18 հոգանոց քննչական խումբ է ձեւավորված, եւ դա բավականին լուրջ ռեսուրս է, որ իրենք կարողանան պատշաճ քննություն իրականացնել»,- եզրափակեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը:
Աղբյուրը՝ galatv.am