ՀՀ կառավարության որոշմամբ խտրական մոտեցում է ցուցաբերվում ՀՀ տարբեր ազգային փոքրամասնությունների նկատմամբ
19:34, February 20, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. փետրվարի 19ի ՀՀ կառավարության նիստին քննարկման է դրվել «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխելու մասին ՀՀ կառավարության նախագիծը, որով նախատեսվում է պետական բյուջեի համապատասխան տողով նախատեսված 20 մլն դրամ հատկացումը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով բաշխել ՀՀ ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին՝ համաձայն որոշման հավելվածի: Որոշման հավելվածով իր հերթին ներկայացված են ՀՀ Նախագահի օգնականին կից գործող ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ հանդիսացող 11 համայնքները, որոնց միջև հավասարապես բաշխվել է հատկացվելիք գումարը` 9 մլ. դրամը: 10 մլ. ՀՀ դրամը, իր հերթին, Խորհրդի որոշմամբ տրամադրվել է «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ-ին` Խորհրդի որոշմամբ հաստատվող ազգային փոքրամասնությունների տարբեր հասարակական կազմակերպությունների (այդ թվում՝ Խորհրդի անդամ չհանդիսացողների) առավել կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման համար:
Նշված որոշման ընդունումը, ըստ նախագծի հիմնավորման, բխում է «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, ՀՀ 2015թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1515-Ն որոշման պահանջներից: Վերը նշված որոշման 28-րդ կետի համաձայն` ՀՀ կառավարություն պետք է ներկայացվել առաջարկություն ՀՀ 2015 թ. պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսված հատկացումների վերաբերյալ` ըստ առանձին ստացողների բաշխման:
Կառավարության կողմից ազգային փոքրամասնություններին ֆինանսական աջակցության ցուցաբերումը կարելի է գնահատել որպես դրական քայլ, ուղղված ազգային և էթնիկ փոքրամասնությունների ներուժի զարգացմանը, ինքնության պահպանմանը, իրենց վերաբերյալ տեղեկատվության տարածմանը: Ինչը իր հերթին նաև հանդիսանում է այս խմբերի հանդեպ կառուցողական գործողություն, ուղղված համայնքի և համայնքի ներկայացուցիչների հանդեպ խտրականության վերացմանը:
Միևնույն ժամանակ այս որոշումը պարունակում է մի շարք անորոշ, և նույնիսկ հստակ խտրական դրույթներ:
Այսպես, պարզ չէ, թե ինչպես է որոշվել այս գումարները բաշխել միայն նշված Խորհրդի անդամ հանդիսացող կազմակերպությունների միջև և ինչ կարգով պետք է տրամադրվի ՀԿ-ներին «Հարմոնիա» ՀԿ-ին տրամադրված լրացուցիչ 10 մլն. դրամը:
Բացի այդ պարզ չէ, թե ինչպես է ընտրվել նշված կազմակերպությունների միջև գումարների հավասար բաշման սկզբունքը, այն դեպքում երբ նշված համայնքների անդամների թիվը ՀՀ-ում խիստ տարբեր է: Այսպես, ՀՀ-ում եզդիական համայնքի անդամների թիվը կազմում է 35 308 հազար անձ, իսկ հունական և վրացական համայնքների անդամներ թիվը` 900 և 617 անդամ, համապատասխանաբար, սակայն նրանց տրամադրվում է միևնույն չափի գումար: Նման մոտեցման արդյունքում այս համայնքների կողմից նշված միջոցներով իրականացվող միջոցառումների ազդեցությունը կարող է խիստ անհամաչափ լինել:
ՀՀ կառավարության կողմից տարբեր համայնքների հանդեպ ֆորմալ (ձևական) հավասար մոտեցում ցուցաբերելու արդյունքում, խախտվում է իրական բովանդակային հավասարության սկզբունքը: Ինչի արդյունքում մի համայնք` մյուս համայնքի համեմատ դրվում է առավել անբարենպաստ վիճակում: Նման մոտեցման որևէ իրավաչափ հիմնավորում ՀՀ կառավարության որոշման նախագծի Տեղեկանք-հիմնավորմամբ փաստաթղթում չի ներկայացվել: ՀՀ կառավարության որոշման նախագիծը այսպիսով խտրական կարգավորումներ է պարունակում, տարբեր քանակի անդամներ ունեցող համայնքներին միևնույն չափի ֆինանսական աջակցություն ցուցաբերելով:
Այլ լրատվամիջոցները նյութի մասին՝