Բոլոր տարբերակները դատապարտված են, միակ տարբերակը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հեռանալն է
15:02, March 20, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը բուռն արձագանք ունեցավ հասարակության մեջ։ Ձեր կարծիքով, այս նախընտրական փուլում կարո՞ղ է դա իրավիճակ փոխել երկրում։
Ցավոք սրտի, ես չեմ ակնկալում, որ Արթուրի մահը կարող է, մեծ հաշվով, առաջ բերել կտրուկ փոփոխություններ։ Բայց որ սա կազդի իշխանության քարոզչության վրա, իշխանության նկատմամբ առանց այն էլ բացասական վերաբերմունքը էլ ավելի կմեծանա, դա միանշանակ է։ Ուզում եմ ասել, որ հիմա իշխանության խնդիրն է, ինչպես անել, որ «Հաց բերողի» մահվան համար իր պատասխանատվությունը մեղմի, որովհետև հարուցված քրեական գործն արդեն ցույց է տալիս, որ փորձում են մեղադրանքը տեղափոխել ոչ պատշաճ բժշկական օգնության տիրույթ։ Ակնհայտորեն փորձում են դրանով մոռացության մատնել Արթուր Սարգսյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու այդ ապօրինի քայլը և առաջին տեղում դնել բժշկական ծառայության հետ կապված հարցերը։ Դա նպատակ ունի մեղմել կամ ընդհանրապես վերացնել իրենց անմիջական պատասխանտվության հարցը։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ Ազգային ժողովի ընդամենը 26 պատգամավոր ստորագրեց Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդության փաստաթղթի տակ։ Այսինքն՝ ընդամենը 26 պատգամավորներ էին, որ այն ժամանակ, երբ Արթուրը ողջ էր և տեղի էր ունենում այդ ապօրինությունը, ունեին հստակ դիրքորոշում։ Եթե հաշվի առնենք, որ ԱԺ-ն ունի 131 պատգամավոր, պարզ է, որ քաղաքական ներկապնակի փոքրամասնությունն է, որ Արթուր Սարգսյանի մահվան հետ կապված իրավիճակին կարող է տեր կանգնել։ Բայց այդ 26-ն էլ միասնական չեն։ Այսինքն՝ ունենք այնպիսի իրավիճակ, որ հանրային ընկալման մեջ առկա նեգատիվն իշխանությունների նկատմամբ չեմ տեսնում, որ կարող է կազմակերպական տեսք ստանալ։ Դա կլիներ այն ժամանակ, եթե այդ 26 պատգամավորները, որոնք ստորագրել են Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդության համար, հավաքվեին և միասնական ինչ-որ գործողություններ մշակեին, թույլ չտային, որ իշխանությունը շունչ քաշի, թույլ չտային, որ քրեական գործը, որ հարուցվել է, հենց այդպես հարուցվեր, մոբիլիզացնեին հանրային ամբողջ դժգոհությունը։
Իսկ այդ դժգոհությունը միայն Արթուր Սարգսյանի մահով չի պայմանավորված, ուղղակի նրա մահը այդ դժգոհության վառ արտահայտությունն էր, որովհետև դա արհամարհանք էր ոչ միայն Արթուր Սարգսյանի, այլև բոլորիս նկատմամբ։ Մարդը 26 օր գտնվում է հացադուլի մեջ և չեն ուզում բացարձակապես որևէ փոփոխություն կատարել, չեն ուզում խոսել անգամ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Այդ 26 պատգամավորների և նրանց ներկայացրած ուժերի միասնականության բացակայությունը շատ մտահոգիչ է։ Հակառակ պարագայում, եթե նրանք հավաքվեին և իրապես պահանջեին ՀՀԿ-ն դուրս գա քարոզարշավից, և ոչ թե միայն հայտարարություններուվ, այլ անմիջական գործողություններով ՀՀԿ-ի պատասխանատվության հարցն ամրագրեին, ես վստահեցնում եմ, որ հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիներ կհավաքվեին թե Ազատության հրապարակում, թե Բաղրամյան 26-ում։ Բայց այդ մոբիլիզացիան չարեցին, բավարարվեցին ցավակցություններով, բանավոր գնահատականներով, որը բոլորս էլ տալիս ենք։ Սակայն քաղաքական ուժերը այս նախընտրական քարոզչության ընթացքում ունեն նաև հանրային ռեսուրսները մոբիլիզացնելու պարտականությունը, եթե իսկապես ուզում են, որ իշխանությունը հեռանա։
Արթուր Սարգսյանի մահից հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հանդես եկավ հայտարարությամբ՝ ազգային համերաշխության իշխանություն ձևավորելու առաջարկություն անելով, բայց քաղաքական ուժերը, ըստ էության, մերժեցին այդ առաջարկը, առնվազն այս փուլում։
Այս պահին ոչ թե իշխանություն ձևավորելու հարցը պետք է քննարկվի, այլ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելու խնդիրը։ Իշխանություն կարող է ձևավորվել, եթե դու լուծում ես առաջին խնդիրը, այն է՝ հասնել նրան, որ ժողովուրդը մերժի ՀՀԿ-ն որպես այդպիսին։ Այսինքն՝ դու պետք է տրամադրություն ստեղծես, որ մինչև քվեարկության հասնելը ՀՀԿ-ն պարտված լինի։ Միայն դրանից հետո կարելի է բանակցություններ վարել և իշխանություն ձևավորել, որի մեջ կարող են լինել ինչ-ինչ ուժեր, կամ չլինել։ Դա արդեն երկրորդ հարցն է, իսկ այս պահին պետք է դրվի ՀՀԿ-ին հեռացնելուն ուղղված գործողությունների հարցը։ Դրա համար փաստարկներն առավել քան շատ են։
ՀՀԿ-ին հեռացնելու խնդիր են դնում նաև «Ծառուկյան» դաշինքը, ՕՐՕ դաշինքը։ Համենայն դեպս այդպես են նշում մեզ հետ զրույցներում։ Գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու դաշինքներն իրենց ելույթներում դնում են այդ խնդիրը։ Ի՞նչն է խանգարում Ձեր նշած մոբիլիզացիային։
Կարծում եմ՝ եթե նրանք իսկապես ցանկանան, որ ՀՀԿ-ն հեռանա իշխանությունից, ապա չպետք է կարևորեին, թե ով է գալու իշխանության։ Այսինքն, եթե անկյունաքարային խնդիրը Սերժ Սարգսյանի կուսակցությանն իշխանությունից հեռացնելն է, հենց դա պետք է դրվի որպես նպատակ, այլ ոչ թե իշխանության գալը։ Նման պարագայում, երբ դու իշխանությունը վերցնելու խնդիր ես դնում, դու դրանով մասնատում, թուլացնում ես իշխանությանը հեռացնելու գաղափարը։ Այսինքն՝ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը կարևորում է իրեն իշխանության մեջ տեսնելու հարցը։ Պետք է շատ ռացիոնալ գնահատել իրավիճակը, որ ամեն մեկի առանձին ռեսուրսները բավարար չեն, բայց միասնական մոտեցումն առավել քան բավարար է ՀՀԿ-ին հեռացնելու համար։ Իսկ թե քվեարկության արդյունքում ինչ պատկեր կստեղծվեր, ովքեր քաղաքական կայուն մեծամասնություն կձևավորեին, դա երկրորդ պլանում կարելի էր թողնել։ Հիմա խանգարում է ամեն մեկի՝ ինքնուրույն իշխանություն վերցնելու միտումը։ Սա շատ պարզ թվաբանական հաշվարկ է։
Իսկ ՀՀԿ-ն պատրա՞ստ է արդար ընտրությունների միջոցով հանձնել իշխանությունը։
Ոչ, կամք չի լինելու։ Ոչ ոք կամավոր չի հանձնում իշխանությունը։ Խնդիրն այն է, թե Սերժ Սարգսյանն իրեն պարտվա՞ծ է համարում, թե ոչ, կամ ինչու չի պարտված համարում։ Սրանք շատ կարևոր հարցեր են։ ՀՀԿ-ն հույսը դրել է այդ մասնատվածության վրա։ Երբ տեսնում է, որ հանրային դժգոհությունը, իր նկատմամբ բացասական վերաբերմունքը չունի կազմակերպված տեսք՝ հանձինս քաղաքական դաշտում սուբյեկտների միասնության, հենց դրա վրա էլ հույսը դրել է։ Այլապես ինքը գիտի, որ հանրային վստահության ռեսուրս չունի։ Այսինքն՝ քաղաքական դաշտի մասնատվածության հետ, բայց քաղաքական դաշտի կողմից իրեն՝ որպես միասնական խնդիր հեռացնելու բացակայությունը Սերժ Սարգսյանին թույլ է տալիս ունենալ այն հոգեբանական ընկալումը, որ ինքը կարող է իշխանությունը պահել։ Բայց ես վստահեցնում եմ, որ եթե լինի քաղաքական ուժերի միասնական պլատֆորմ, ծրագիր մինիմում՝ ապրիլի 2-ին քվեարկության արդյունքներով հասնել իշխանության հեռացնելուն, ապա Սերժ Սարգսյանին մնա մեկ տարբերակ՝ երկրորդ մարտի մեկ։ Բայց վստահեցնում եմ, որ երկրորդ մարտի մեկ իրականացնելու համար Սերժ Սարգսյանը որևէ ռեսուրս չունի։ Երբ հասցնեն այն վիճակի, որ Սերժ Սարգսյանը ստիպված լինի, որպես իշխանությունը պահելու միակ մեթոդ, ուժի կիրառմանը, ինձ համար այդ պարտությունն ակնհայտ է դառնալու։
Եթե իշխանությունը վերարտադրվի այս ընտրություններին, ի՞նչ եք կարծում առաջիկա հինգ տարիներին վարչապետ է լինելու Կարեն Կարապետյա՞նը, թե իշխանությունը նրան այդ հնարավորությունը չի տա։
Եթե նույնիսկ ապրիլի 2-ին Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն ունենան քաղաքական կայուն մեծամասնություն, ապա դա լինելու է միայն փաստաթղթով իշխանություն, քանի որ իշխանություն իրականացնելու որևէ ռեսուրս չունեն անգամ այս մասնատվածության պարագայում։ Եվ եթե ապրիլի 2-ին չստացվի պարտության մատնել ՀՀԿ-ին, ապա ես դա կհամարեմ պյուռոսյան հաղթանակ, որովհետև ինքը շախմատային լեզվով ասած ցայտնոտի մեջ է, քանի որ ինչ քայլ էլ անի, պարտված է, ինքը ուղղակի գլխի չէ, քանի որ գլխի գցողները համարժեք և համապատասխան վարքագիծ չեն դրսևորում, և ապրիլի 2-ից հետո նա չի կարողանալու իշխանություն իրականացնել։ Եվ միակ տարբերակը լինելու է կամ բացարձակ ավտորիտար համակարգի ամրագրումը, որը անհնար է, քանի որ դրա համար չունի ռեսուսներ՝ ֆինանսական, քաղաքական և այլն, կամ մարդկանց հեռացնել երկրից, ընդդիմադրազերծել, կամ երրորդ տարբերակը՝ դե ֆակտո Ռուսաստանին հանձնված Հայաստանը հանձնվի նաև դե յուրե։
Կարծում եմ, որ բոլոր երեք տարբերակներն էլ չաշխատող են, ոչ կարողանալու է հանձնել, ոչ կարողանալու է մարդկանց հեռացնել, միակ տարբերակը մնալու է ստիպված հեռանալը, բայց հեռանալու իրավիճակը քաոտիկ է լինելու, որի պատասխանատվությունը հենց ինքն է կրելու, քանի որ պատասխանատու քաղաքական ուժը պետք է նաև անցնցում հանձնի իշխանությունը՝ հետևում չայրելով բոլոր կամուրջները։ Հետագա անկայունության հնարավոր վիճակների համար ուղղակի պատասխանատվություն են կրելու Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն իրենց պնդաճակատությամբ և իշխանամոլության պատճառով, որովհետև իմ նշած բոլոր տարբերակները դատապատված և տապալված են, և միակ ելքը մնում է հեռանալը։