Դատարանը կքննարկի Գայանե Առուստամյանի ներկայացուցչի միջնորդությունը
13:03, April 20, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Տեղաշարժի ազատություն | Գայանե Առուստամյան2016 թ. ապրիլի 19-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Գայանե Առուստամյանը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր աշխատանքային օրվա ավարտի և հայցվորի կողմից դատարանին փաստաթուղթ ներկայացնելու հիմքով:
Դատաքննությանը մասնակցում էին հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը ու պատասխանող և հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Դատական նիստի ընթացքում Ս. Մելիքյանը դատարան ներկայացրեց ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի արդյունքում կայացված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը: Գ. Առուստամյանի ներկայացուցիչն առարկեց նշված փաստաթուղթը գործին որպես ապացույց կցելու միջնորդության դեմ՝ նշելով, որ այդ որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ Գ. Առուստամյանի ներկայացուցչի կողմից բողոքարկվել է նախ ՀՀ Գլխավոր դատախազություն, ապա՝ ընդհանուր իրավասության դատարան: Ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված բողոքը մերժելու մասին որոշումը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, և դեռևս բողոքի քննություն չի կայացել: Այդպիսով՝ Տ. Սիրադեղյանը խնդրեց հիշյալ փաստաթուղթը չկցել գործին:
Դատարանը փորձեց պարզել, թե ինչ փաստական հանգամանքների հաստատման համար է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը ներկայացվում դատարան, ի պատասխան՝ Ս. Մելիքյանը հայտնեց, որ այդ փաստաթուղթն ապացուցում է, որ ՀՀ Ոստիկանության աշխատակիցների գործողությունները ոչ իրավաչափ չեն համարվել: Այնուհետ Ս. Մելիքյանը խնդրեց կասեցնել գործի վարույթը՝ մինչև քրեական վարույթով բողոքարկման ավարտը:
Գ. Առուստամյանի ներկայացուցիչը հայտարարություն կատարեց այն մասին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ, միաժամանակ նշեց, որ նրանց արարքներում հանցագործության հատկանիշների բացակայությունը դեռևս չի կարող փաստել գործողությունների իրավաչափության մասին, քանի որ ամեն մի ոչ իրավաչափ գործողություն չէ, որ իր մեջ կարող է հանցակազմի տարրեր պարունակել:
Այնուհետև Ս. Մելիքյանը միջնորդեց նշված ապացույցը կցել գործին և դրա վերաբերելիությանն ու թույլատրելիությանն անդրադառնալ վերջնական դատական ակտով:
Դատարանը որոշեց կցել փաստաթուղթը գործին, որից հետո Տ. Սիրադեղյանը խնդրեց հնարավորություն տալ դատարան ներկայացնել ապացույցներ նշված որոշումն օրինական ուժի մեջ մտած չլինելու վերաբերյալ, որպեսզի դատարանը կարողանա գնահատել տվյալ փաստաթղթի վերաբերելիությունն ու թույլատրելիությունը: Որից հետո Ս. Մելիքյանը նշեց, որ չի ցանկանում, որ գործի դատավարությունը ձգձգվի, և հետ պահանջեց իր կողմից ներկայացված փաստաթուղթը:
Դատաքննության ընթացքում Տ. Սիրադեղյանը որոշ հարցեր ուղղեց հակընդդեմ պատասխանողի ներկայացուցչին, որոնք վերաբերում էին Գ. Առուստամյանին ձերբակալելու ժամին, նրան տեսանկարահանելու հիմքերին, որից հետո, մինչ ապացույցների հետազոտմանն անցնելը Տ. Սիրադեղյանը դատարան ներկայացրեց գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդություն:
Մասնավորապես, նշված միջնորդությամբ Տ. Սիրադեղյանը հիմնավորումներ ներկայացրեց այն մասին, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածը, որով Գ. Առուստամյանը պետք է ենթարկվի վարչական ատասխանատվության, չի պարզաբանում «վիրավորանք» հասկացությունը, որպիսի պայմաններում պատասխանողը չի կարող վարչական պատասխանատվության ենթակվել մի արարքի կատարման համար, որից պարզ չէ, թե ինչպիսի վարքագիծը կարող է համարվել որպես զանցանք և հիմք հանդիսանալ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար: Տ. Սիրադեղյանը վկայակոչեց ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածը, որով մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին, ինչպես նաև 79-րդ հոդվածը, համաձայն որի՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
Այսպիսով, Տ. Սիրադեղյանը գտավ, որ 172.3-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին և միջնորդեց կասեցնել գործի վարույթը ու դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու համար:
ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ շուրջ 4 տարի է նշված հոդվածը լրացվել է օրենսգրքում, բազմաթիվ անձինք ենթարկվել են վարչական պատասխանտվության, ու նման խնդիր չի ծագել:
Տ. Սիրադեղյանը հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրական դատարանը որևէ դրույթի սահմանադրականության հարցը քննարկում է միայն դիմումի առկայության դեպքում և ՀՀ-ում միայն Սահմանադրական դատարանն է իրավասու քննելու իրավական ակտերի դրույթի (դրույթների)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Դատարանը միջնորդությունը քննարկելու համար անհրաժեշտ համարեց հետաձգել դատական նիստը՝ այն նշանակելով 2016 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 14:45-ին:
Տես նաև՝ aravot.am