Դատարանն ընդունել է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կողմից իր դիտորդի իրավունքների խախտման փաստը վարչական դատարանում վիճարկելու իրավունքը
12:15, April 20, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունքԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և նրա դիտորդը վիճարկում են 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունների իրավաչափությունը: Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի թիվ 14/10 ընտրական տեղամասում նույն անձի կողմից երեք անգամ ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձանց օգնելու դեպքեր նկատելով՝ «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում դիտորդություն իրականացնող Օ. Ա.-ն հանձնաժողովի նախագահին առաջարկել է գրանցամատյանում գրառում կատարել խախտման մասին, սակայն մերժում է ստացել: Դրա վերաբերյալ բողոքը մերժել է նաև Թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովը՝ պնդելով, որ խախտման մասին գրառում կատարվել է:
Նկատենք, որ վարչական դատարանում նույն հարցի շուրջ պատասխանող կողմն այլ տեսակետ հայտնեց՝ նշելով, որ խախտման մասին գրառում կատարելու առաջարկ դիտորդի կողմից չի ներկայացվել:
Տարածքային ընտրական հանձնաժողովը հրաժարվել էր նաև բողոքի քննությանը ներգրավել ՀՔԱ Վանաձորի գրասենյակին՝ պատճառաբանելով, թե չեն խախտվել Կազմակերպության իրավունքները:
ՀՀ Վարչական դատարանը, սակայն, այս պնդումն անհիմն համարեց՝ մասնավորապես, նշելով, որ «պատասխանողի մոտ (Տարածքային ընտրական հանձնաժողով) առկա է որոշակի շփոթ երրորդ անձի ինստիտուտի և համատասխան հանձնաժողովի անգործությունը վիճարկելու, հանձնաժողով դիմում ներկայացնելու իրավասությամբ օժտված շահագրգիռ անձի ինստիտուտի միջև, և ըստ այդմ՝ հաշվի առնելով երրորդ անձի կարգավիճակի բովանդակությունն ու էությունը, դատարանը գտնում է, որ նման պատճառաբանությունն անընդունելի է»:
Չնայած դրան՝ Դատարանը համարել է, որ դիտորդը տվյալ դեպքում միջնորդավորված կերպով ներկայացրել է նաև Կազմակերպության շահերը, և Տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին բողոքի քննությանը մասնակից չդարձնելը չի հանգեցնում վիճարկվող ակտի անվավերության: Այնուամենայնիվ այն, որ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը ՀՀ Վարչական դատարանում կարող է վիճարկել իր դիտորդի իրավունքների խախտումը, կարող ենք համարել որպես արձանագրված փաստ դատական պրակտիկայում: