Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է կալանավոր Հրաչյա Գևորգյանի գործով ներկայացված միջնորդությունը
18:32, May 20, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունՄենք արդեն տեղեկացրել ենք, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ կալանավոր Հրաչյա Գևորգյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Սաֆարյանի կողմից միջնորդություն է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Հրաչյա Գևորգյանին անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք տրամադրելու ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորը առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով զրկված է իր պահանջմունքները ինքնուրույն հոգալու հնարավորությունից: ՔԿՀ ղեկավարությունը հրաժարվում է քայլեր ձեռնարկել Հրաչյա Գևորգյանին համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխելու և անհրաժեշտ խնամք կազմակերպելու ուղղությամբ, ինչի պատճառով կալանավորը շաբաթներ շարունակ գտնվել է հացադուլի մեջ:
ՄԻԵԴ ներկայացված միջնորդությունը արդեն իսկ կոմունիկացվել է Դատարանի կողմից:
ՄԻԵԴ-ն իր հարցադրումներն է ներկայացրել ՀՀ Կառավարությանը՝ կալանավոր Հրաչյա Գևորգյանին տրամադրված բժշկական օգնության, խնամքի և համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ պահանջվել է տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ինչ ընթացք է ստացել ՔԿՀ ղեկավարության 2016 թ. ապրիլի 11-ի գրությունը, որով թույլատրվել էր կալանավորին տեղափոխել ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան բուժական հաստատություն՝ հետազոտություններ և մասնագիտական խորհրդատվություններ կազմակերպելու համար: Ինչպես նաև՝ հարցադրումներ են ներկայացվել Հրաչյա Գևորգյանին նախկինում տրամադրված բժշկական օգնության և խնամքի վերաբերյալ:
ՀՀ Կառավարությունն այս հարցադրումներին պետք է պատասխանի մինչև 2016 թ. մայիսի 29-ը: