«Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ը՝ ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժ. Ամարիկյանի» գործով վճռի հրապարակման օր նշանակվեց
19:00, May 20, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ժուլետա ԱմարիկյանԻնչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թ. ապրիլի 28-ին նշանակված էր «Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ը՝ ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժ. Ամարիկյանի» գործով վճռի հրապարակման օր, սակայն ավելի ուշ դատարանը որոշում կայացրեց գործի դատաքննությունը վերսկսկելու մասին:
2016 թ. մայիսի 19-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Վ. Հովնանյանի, վերսկսկվեց գործով դատաքննությունը: Դատական նիստին հայցվոր կողմը չէր ներկայացել: Պատասխանող կողմը, ի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Ա. Զալյանի, չառարկեց դատական նիստը հայցվորի բացակայությամբ անցկացնելու դեմ:
Դատարանը նշեց, որ գործի դատաքննությունը վերսկսելու պատճառը հայցվոր կողմի ներկայացուցիչ Է. Բադեմյանի լիազորագրի ժամկետի լրանալն է, մասնավորապես՝ նշվեց, որ Է. Բադեմյանի լիազորագրի ժամկետը լրացած է եղել դեռևս նախորդ դատական նիստի ժամանակ:
Դատարանի հարցին ի պատասխան՝ պատասխանողի ներկայացուցիչ Ա. Զալյանը նշեց, որ անհրաժեշտություն չկա կրկնելու այն բոլոր դատավարական գործողությունները, որոնք տեղի են ունեցել հայցվորի ներկայացուցչի լիազորագրի ժամկետի լրանալուց հետո, քանի որ հայցվոր կազմակերպության մյուս ներկայացուցիչները ևս ներկա են եղել դատավարական բոլոր գործողություններին, ինչը փաստում է, որ Է. Բադեմյանը ևս հանդես է եկել հայցվոր կազմակերպության անունից: Ինչից հետո Դատարանը որոշեց չկրկնել վերոնշյալ դատավարական գործողությունները և գործի դատաքննությունը համարեց ավարտված:
Դատարանի վճիռը կհրապարակվի 2016 թ. մայիսի 30-ին՝ ժամը 17:00-ին: