Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն էլ է պատժելի. Ա. Սաքունցը՝ աղմկահարույց նախագծի մասին
10:24, June 20, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը միանշանակ կողմ է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրինագծին, որով արգելվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ «միմյանց դեմ լարելը, առանց ցավազրկողի ամորձատելը, կենդանիների մարմինների դյուրազգաց մասերը ճզմելը, պոչից քաշելը» և այլն:
«Դուք գիտեք, որ դրա համար պատասխանատվություն է նախատեսվում նաև Քրեական օրենսգրքով»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը:
«Նույնիսկ խորհրդային տարիներին կար նման օրենք, որը, թեև, ոչ մի անգամ չի գործել»,-հայտնեց իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցը նկատեց, որ եթե բնության մեջ դաժանությունը կենդանիների նկատմամբ բնական երևույթ է, որովհետև առյուծին չես սովորեցնի՝ դաժանորեն չհոշոտել զոհին, բայց մարդկային հասարակությունը, վերջին հաշվով, տարբերվում է կենդանական աշխարհից իր գիտակցության շնորհիվ:
«Եվ այդ գիտակցությունը չպետք է ընթանա կենդանական՝ ջունգլիների օրենքով»,-ասաց իրավապաշտպանը:
Նշենք, որ ողջ աշխարհում կան կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ, որոնք լուրջ պայքար են մղում կենդանիների մորթուց և կաշվից տարբեր իրերի պատրաստման դեմ և այլն:
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, որ օրենքի նախագծում առանձնապես զվարճալի բան չի տեսնում:
«Այն և´ եվրաչափորոշիչների մեջ է միանգամայն տեղավորվում, և´ կենդանիների նկատմամբ հումանիտար վերաբերմունք է, որը միանգամայն նորմալ է, և օրինագծում, անկեղծ ասած, զվարճալի ոչինչ չեմ տեսնում: Միգուցե որոշ ձևակեպումներ կարող են հումորի տեղիք տալ, բայց անձամբ ես գտնում եմ, որ կենդանիների հանդեպ պետք է ցուցաբերել նորմալ վերաբերմունք»:
Աղբյուրը՝ www.tert.am