ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ – “YAVAŞ-GAMATS 2014”/«ՅԱՎԱՇ-ԿԱՄԱՑ 2014»
16:50, July 4, 2014 | Համատեղ, ՀայտարարություններԴԻՄՈՒՄ ՀԱՅՏ
ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ – “YAVAŞ-GAMATS 2014”/«ՅԱՎԱՇ-ԿԱՄԱՑ 2014»
Օգոստոսի 11-17, 2014 Դերբենթ-Կոչաելի, Թուրքիա
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Ստամբուլի (Թուրքիա) եւ Վանաձորի գրասենյակները հայտարարում են ամառային դպրոցի մասնակցության մրցույթ Հայաստանի եւ Թուրքիայի շուրջ 40 երիտասարդ ուսուցիչների եւ ուսանողների համար:
«Յավաշ-կամաց» ծրագրի շրջանակներում անցկացվող ամառային դպրոցը նպատակ ունի կառուցել վստահություն երկու երկրների հասարակությունների միջեւ:
«Յավաշ-կամաց» ամառային դպրոցը տեղի կունենա 2014 թ-ի օգոստոսի 11-17-ը Թուրքիայի Դերբենթ-Կոչաելի քաղաքում:
7-օրյա ծրագիրը ներառում է Հայաստանից եւ Թուրքիայից փորձագետների, հեղինակների, լրագրողների, ռեժիսորների կողմից մատուցվող թեմատիկ դասախոսություններ, աշխատանքային քննարկումներ, կլոր սեղաններ, խմբային աշխատանքներ, հայերեն-թուրքերեն լեզուների արագացված դասընթաց եւ ֆիլմերի ցուցադրում, որոնք նպատակ ունեն ընդլայնելու մասնակիցների աշխարհայացքը եւ հզորացնելու նրանց կարողությունները կոնֆլիկտի տրանսֆորմացիայի գործում:
Ծրագրին կարող են մասնակցել մինչեւ 5 տարի աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչները եւ մանկավարժական կրթություն ստացող ուսանողները:
Ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը իրականացվում են կազմակերպիչների կողմից: Ծրագրի ամբողջ ընթացքում կապահովվի հայերեն-թուրքերեն համաժամանակյա թարգմանություն:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2014 թ-ի հուլիսի 6-ը: Այստեղ կարող եք բեռնել ուսանողների և ուսուցիչների համար նախատեսված հայտերը:
Հայտերը կարող եք ուղարկել հետեւյալ էլ-հասցեով՝ asadikyan@hcav.am
Ծրագրի հետ կապված մանրամասների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական բաժնի համակարգող Արմինե Սադիկյանին:
Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
Հեռախոս՝ 0322 4 22 68
Ամառային դպրոցն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» նախաձեռնության շրջանակներում։ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է դրամաշնորհների մրցույթին մասնակցելու համար առաջարկներ ներկայացնելու հրավեր: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» նախաձեռնության շրջանակներում։
Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով։
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը կտեւի 18 ամիս՝ 2014 թ-ի հունվարից մինչեւ 2015 թ-ի հուլիսը: Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը։