Ինչու իշխանությանը պետք եղավ նոր «կոնսենսուսը»
15:15, June 20, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ զրուցել ենք օրերս Ընտրական օրենսգրքի շուրջ կայացած իշխանություն-ընդդիմություն կոնսենսուսից
Նախորդ շաբաթ իշխանությունը և խորհրդարանական ընդդիմադիր 4 ուժերը եկան կոնսենսուսի Ընտրական օրենսգրքի շուրջ, սակայն քաղհասարակությունը չմասնակցեց դրան։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում ձեռք բերված կոնսենսուսը և արդյոք սա գործարք չէր 2017-ի ընտրություններից առաջ։
Միանգամից նշեմ, որ բացարձակապես համաձայն չեմ «խորհրդարանական ընդդիմություն» արտահայտության կիրառմանն այս իրավիճակում և ընդհանրապես Հայաստանում այն բանից հետո, երբ ոչ միայն ՀՀԿ-ն, այլև Ազգային ժողովի բացարձակ մեծամասնությունը քվեարկեցին ԵՏՄ օգտին։ Ավելի շատ պետք է խոսել իշխանական և ոչ իշխանական կուսակցությունների մասին։ Իհարկե, կոնսենսուսը ԵՏՄ-ին կողմ քվեարկելով արդեն կայացվել էր։ Հետագա իրադարձությունները, նկատի ունեմ թե սահմանադրական փոփոխությունները, թե ընտրական օրենսգրքի փոփոխությունները, մեկ տրամաբանություն ունեին, որպեսզի իշխանական և ոչ իշխանական կուսակցությունների միջև որոշակի հարաբերություններ պարզվեն: Եվ այն գործիքակազմը, որը ձևավորվեց սահմանադրական փոփոխություններով և նոր ընտրական օրենսգրքով, մեկ նպատակ ուներ՝ ինչպես անել, որ ՀՀԿ-ն չունենա անառարկելի բացարձակ մենիշխանություն, և ոչ իշխանական կուսակցությունները կարողանան պահպանել տեղերն ապագա օրենսդիր մարմնում և ընդհանրապես քաղաքական դաշտում: Խնդիրն այն է, որ խորհրդարանից դուրս մնացած կուսակցությունները, որպես այդպիսին, բացարձակ որևէ հնարավորություն չունեն իրենց քաղաքական գործունեությունն իրականացնելու, որովհետև փաստացի Հայաստանում քաղաքականության հնարավորությունը միայն ԱԺ-ում գտնվելով է ապահովվում։ Իսկ խորհրդարանում հայտնվելու հնարավորությունը քաղաքական առևտուրն է։ Այնպես որ, ընտրական օրենսգրքի փոփոխությունների այդ 4+4+4 ձևաչափը, որի առաջարկությամբ հանդես եկավ ՀԱԿ-ի ներկայացուցիչը և իշխանությունն ընդառաջ գնաց, լրիվ տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։
Իհարկե, այստեղ ինձ համար փոքր ինչ անհասկանալի ու որոշ առումով անտրամաբանական էր այդ ձևաչափում քաղաքացիական հասարակության առկայությունը։ Ես անձամբ հայտարարել եմ, որ մենք անելիք չունենք այդ ֆորմատում։ Այլ բան էր, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք փաթեթով ներկայացրել էին իրենց մոտեցումները ընտրական օրենսգրքի վերաբերյալ, միայն հրապարակեին դա և այդ օրակարգի մեջ գտնվեին։ Իսկ հիմա ստացվեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առաջարկված ձևաչափը ուղղվեց քաղաքացիական հասարակության այդ ընդհանուր օրակարգի միայն մի հատվածին և աղճատեց ամբողջ պատկերը։ Ես չեմ կարող դա անվանել կոնսենսուս, դա ավելի շատ կոնսենսուս է ապագա ԱԺ-ում տեղ գտնելու կամ մանդատների բաշխման ուղղությամբ, որը քաղաքական հստակ առևտուր է։ Այս պահին ուղղակի նախկին ոչ իշխանական կուսակցություններից մեկը՝ ՀՅԴ-ն, արդեն իսկ մտավ այդ առևտրի մեջ և հայտնվեց դե ֆակտո կայուն մեծամասնության կազմում, ու հիմա առևտուրը գնում է մնացած կայուն քաղաքական փոքրամասնության մանդատների բաշխման շուրջ։ Այս տրամաբանության մեջ էր նաև ապրիլյան պատերազմի ժամանակ համախմբման կոչը Սերժ Սարգսյանի շուրջ, իբր նա ուժեղ զգա Ղարաբաղի հարցում սպասվող բանակցություններում։ Ես կարծում եմ, որ այդ համախմբման կոչը գտնվում էր կոնսենսուսի տրամաբանության մեջ, և ոչ թե իսկապես Սերժ Սարգսյանն իրեն ուժեղ զգալու կարիք ուներ, որովհետև նա բացարձակապես կարծես թե չհայտարարեց, որ ուժեղացել է կամ իրեն ուժեղ է զգացել այդ համախմբումից հետո։
Որևէ ազդեցություն չի՞ ունեցել այդ համախմբումը։
Սերժ Սարգսյանի վրա բացարձակապես ազդեցություն չի ունեցել այդ համախմբվածությունը ԼՂ հարցով բանակցություններում։ Նա վերստին պատրաստ է գնալ զիջումների։ Միակ չխոչընդոտող գործոնն այդ քաղաքական առևտրում պետք է հանդիսանար քաղաքացիական հասարակությունը, որի մի հատվածը, հանձինս 18-20 տարեկանների, կարողացավ դիմագրավել ու կանխել շատ լուրջ վտանգը, ավելին՝ խափանել կոնսենսուսի պայմանավորվածությունները շատ ավելի բարձր մակարդակներում։ Ու հիմա քաղաքացիական հասարակությունը ներքին մարտահրավերների տեսակետից պետք է այդ նույն կանխարգելող դերը խաղա, որպեսզի ելնի ոչ թե իշխանական և ոչ իշխանական կուսակցություների տրամաբանությունից, այլ իր օրակարգից։
Իսկ օրակարգի խնդիրները չեն լուծվել. մասնավորապես չի լուծվել դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների սահմանափակման հարցը, որի վերաբերյալ որևէ տրամաբանական հիմնավորում չեղավ նախագծի հեղինակների կողմից։ Նաև չհանվեց դիտորդների պարտադիր ստուգարքի այդ նորմը, որը ևս սահմանափակիչ է։ Ընդհակառակը, նվազեցվեցին և սահմանափակվեցին դիտորդների լիազորությունները, այսինքն՝ քաղաքացիական հասարակության վերահսկողության հնարավորություններն ապագա ընտրություններում ընդհանրապես սահմանափակված են, որովհետև մենք այլևս հնարավորություն չունենք պահանջել դիտողություններ, պահանջել վերացնել թերությունները։ Ընդամենն ունենք ուշադրություն հրավիրելու իրավունք, որը բացարձակապես անարդյունավետ է։ Ավելին, մնում է նաև ընտրական գործընթացի ժամանակ քվեարկությունը վերացնելու այդ նորմը։ Բացի այդ, անձեռնմխելի մնացին երկու հիմնական նորմերը, որոնք կենսական նշանակություն ունեն իշխանական կուսակցության համար։ Դա կոալիցիա կազմելու վերաբերյալ իշխանությունների քանակի սահմանափակվածությունն է՝ ընդամենը երկու այլ կուսակցությունների հետ կոալիցիայի ձևավորման նորմը և մյուսը՝ տարածքային ցուցակներով ռեյտինգավորման մոտեցմամբ ընտրության սկզբունքը։ Այս երկու գործիքները, որոնք իշխող կուսակցության վերարտադրության հիմնական գործիքներն են, մնացին անձեռնմխելի, և այդ առումով մնացած կոնսենսուսը որևէ էական ազդեցություն քաղաքական համապատկերում չի ունենալու։ Ընտրական օրենսգիրքը լիովին ելնում է ՀՀԿ-ի՝ որպես միակ կառավարող ուժի եղած ռեսուրսների օրինականացման տրամաբանությունից։ Այսինքն՝ իրավականորեն ամրագրում է այդ հնարավորությունների անխափան օգտագործումը, և այդ առումով, իհարկե, որևէ գնահատական, որն ուղղված կլինի այդ փոփոխություններն իբր դրական համարելուն, անտեղի է։
Այս փոփոխությունները որևէ էկան նշանակություն չեն ունենալու, որովհետև իշխանության վերարտադրության հիմնական գործիքները մնացել են անփոփոխ, և միշտ ունենալու ենք ընդամենը կայուն քաղաքական մեծամասնության այսօրվա արդեն վերարտադրությունը՝ հանձին ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի, իսկ մյուս կուսակցությունները կունենան ընդամենը որոշակի արդյունքներ։ Ի վերջո, ասեմ, որ նաև շատ անտրամաբանական է խոսել կոնսենսուսի մասին այն պայմաններում, երբ մի կուսակցություն 17 տարուց ավելի գտնվելով իշխանության մեջ, երկիրը հասցրել է այնպիսի աղետալի վիճակի, որ համատարած տիրում է աղքատություն, պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունն ամենացածր մակարդակի վրա է, երկիրը զրկված է իր զարգացման հնարավորություններից, մարդու իրավունքների ոլորտում վերցված պարտավորությունների պարբերական և համակարգային խախտումները շարունակվում են, արտագաղթը շարունակվում է, վտանգված է պաշտպանությունը։ Այսինքն՝ եթե մի կուսակցություն, լինելով իշխանության կրողը, տապալել է բոլոր բնագավառները, նրա հետ կոնսենսուսի գնալը պարզապես կոնսենսուս է սատանայի հետ, որը տրամաբանական հենք չունի։ Սա նշանակում է կոնսենսուս այն գաղափարի շուրջը, ըստ որի՝ ՀՀԿ-ն շարունակելու է մնալ որպես կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորող ուժ։
Իշխանությանը ինչո՞ւ էր ամեն գնով պետք այդ կոնսենսուսը ԸՕ-ի շուրջ, ԵՄ-ին ապացուցելու ինչ-որ բա՞ն ուներ, գումարնե՞ր պետք է ստանար։
Տապալված բոլոր բնագավառներում ոչ լեգիտիմությունը հաղթահարելու համար էր կարևոր։ Սահմանադրական հանրաքվեի արդյունքների խայտառակ կեղծումներից հետո ԸՕ-ն միակ ճանապարհն էր, որ կարող էր այսպիսի մտայնություն ձևավորել, թե այնուամենայնիվ, քայլ ենք կատարում, որ պատրաստ ենք ուղղել սխալները։ Բայց սխալների առաջացման պատճառը այդ կուսակցության բացարձակ մենիշխանությունն է, ինչը հիմա էլ մնում է անձեռնմխելի։ Ավելին, այդ մենիշխանության ապահովման գործիքները մնացել են անփոփոխ։ Եվ երևութական այս կոնսենսուսի միջոցով փորձում է լեգիտիմության պաշար ձեռք բերել՝ իհարկե նաև վարկաբեկելով իր հետ կոնսենսուսի գնացողներին, որպեսզի իր ոչ լեգիտիմությունն ավելի մեղմվի։ Սա է պարզ տեխնոլոգիան և պարզ տրամաբանությունը, որը հաջողությամբ իրականացրեց ՀՀԿ-ն։