Սա է այն հնարավոր սցենարը, որը կարող է տեղի ունենալ
13:33, July 20, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Վերջին օրերին մի շարք ուշագրավ դեպքեր տեղի ունեցան, նախ Գորիկ Հակոբյանը խոսեց իշխանության հանդեպ հասարակության վստահության դեֆիցիտի մասին, սրան հաջորդեց նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից Արման Սաղաթելյանի հրաժարականը, մինչ այդ էլ հրաժարական էր տվել արդարադատության նախարարը։ Այս ամենն ինչի՞ մասին է խոսում։ Կարո՞ղ ենք հերթական իշխանական խաղի համատեքստում դիտարկվել։
Այս կադրային փոփոխությունները, գումարած ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի տարօրինակ ակտիվությունը բոլորովին ոչ իր ծառայությանը վերաբերող թեմայով, գումարած դրան մի ինչ-որ անհայտ կազմակերպության կողմից պետական հեղաշրջում իրականացնող կառույցների թեմայով տվյալների ներկայացումը, նաև սոցիալական ցանցերում որոշակի ակտիվությունն ուղղված հասարակական կազմակերպություններին, նաև գնահատականների ժամանակ օգտագործվող բառապաշարը բավական նույնն էր։
Մասնավորապես բանալի բառերն արձանագրեմ՝ Սորոսի հիմնադրամ, ԱՄՆ, Եվրոպա։ Այս թիրախային բառերը բնութագրում են որպես առաջին անգամ ՀՀ իրականության մեջ ռուսական անվտանգության ծառայությունների ոչ թե միջնորդավորված, այլ ուղղակի հանդես գալը քաղաքացիական հասարակության դեմ։Ավելին, դրա ուղղակի դրսևորումն եմ համարում մեկ օրվա կամ նույնիսկ ժամերի ընթացքում նախագահի մամուլի խոսնակի հրաժարականն ու նոր քարտուղարի նշանակումը։
Ընդ որում՝ նշանակվում է ԱԱԾ 9 տարվա աշխատակիցը, որը բացարձակապես որևէ առնչություն չունի լրատվամիջոցների հետ։ Եվ միայն հայտնի է որպես ակտիվիստներին «վերբովկա» անելու փորձ արած անձնավորություն։Հիշեցնեմ, որ ինչպես 2013-ի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը ժամանակ չուներ, և ստիպված էր մեկ գիշերվա ընթացքում պատասխան տալ և համաձայնել Պուտինի թելադրանքին և հայտնել, որ ՀՀ-ն հրաժարվում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց և միանում է ԵՏՄ-ին, հիմա էլ նույն կերպ Սերժ Սարգսյանին հնարավորություն չտվեցին ընտրություն կատարելու և ստիպեցին, որ նա մամուլի քարտուղար նշանակի ԱԱԾ բնագավառի աշխատակցին։ Ես նաև այս համատեքստում եմ տեսնում քաղաքացիական ակտիվիստների նկարները Երևանի տարբեր հատվածներում փակցնելը՝ նպատակ ունենալով նրանց պարսավանքի ենթարկել և հասարակության աչքում նրանց նկատմամբ ձևավորել բացասական կերպար։ Դա շատ նման է 1930-ական թվականներին, երբ ժողովրդի թշնամիների նկարները տարբեր լրատվական միջոցներ շրջանառության մեջ էին դնում և պարսավանքի ենթարկում։ Հիմա այդ ոճը կիրառվեց «Ոչ թալանին» շարժման ակտիվիստների նկատմամբ։ Հետաքրքիրն այն է, որ իմ նշած այդ անհայտ ՀԿ-ի ուսումնասիրության թեման էր քաղաքացիական նախաձեռնությունները որպես գունավոր հեղափոխություն իրականացնող, որտեղ դրանք գնահատվում էին որպես ազգային շահերի դեմ հանդես եկող կազմակերպություններ, քանի որ ֆինանսավորվում են Արևմուտքից, ԱՄՆ-ից ու Սորոսի հիմնադրամից։
Այստեղ պետք է դիտարկել նաև արդարադատության նախարարի հրաժարականը, որը այլ բացատրություն չունի բացի հետևյալից. Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի օրոք արմատապես փոխվեց ՀԿ-ների մասին օրենքը, որի սկզբնական տարբերակում ենթադրվում էր կոշտ վերահսկողություն իշխանության կողմից քաղաքացիական հասարակության ինստիտուտների նկատմամբ, բայց որը քննարկումների արդյունքում փոխվեց և ստացավ այն տեսքը, որով իշխանության միջամտությունը քաղաքացիական հասարակության ինստիտուտների նկատմամբ, ըստ էության, վերացավ։ Հիմա կարող եմ արձանագրել, որ Հովհաննես Մանուկյանի հեռանալով կա վտանգ, որ այդ օրենքի նախագիծը կարող է վերադառնալ իր սկզբնական տեսքին, և ԱԺ ներկայացվի բոլորովին այլ բովանդակությամբ օրենքի նախագիծ, որը լիովին կհամապատասխանի պուտինյան ռեժիմի կողմից քաղաքացիական հասարակության հասարակության ինստիտուտների գործունեության դեմ ուղղված օրենսդրության։
Բացի այդ, մի շատ հետաքրքիր երևույթ նկատեցի։ Վտանգավոր համարվում են այն ՀԿ-ները, որոնք շատ հստակ քննադատական դիրքորոշում ունեն Պուտինի քաղաքականությանը։ Այդ կազմակերպությունները կամ անհատները համարվում են նաև ազգային շահերին դավաճանողներ։ Այսինքն՝ ՀՀ շահերին դեմ գնացող են համարվում այն կազմակերպությունները, որոնք քննադատում են Պուտինի քաղաքականությունը։ Իհարկե, կան նաև հստակ կազմակերպություններ, որոնք շատ ակտիվ են, բայց, կարծում եմ ռուսաստանյան ԱԴԾ-ն փորձում է կիրառել «բաժանիր և տիրիր» սկզբունքը և փորձում է ճեղք և լարում մտցնել քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև, որպեսզի ավելի հեշտ տարանջատի։ Ես այս գործելակերպն ակնհայտորեն տեսնում եմ և շատ կարճ ժամանակահատվածում այդ ողջ զինանոցը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության կողմից գործի դրվեց ՀՀ-ում։
Եթե մինչև վերջերս մենք կարող էինք խոսել միջնորդավորված կամ այսպես կոչված փափուկ գործողությունների մասին, ապա այս կարճ ժամանակահատվածում, վերջին 2-3 օրերի ընթացքում կտրուկ ու կոշտ տեսք ստացան հարձակումները քաղաքացիական հասարակության ինստիտուտների նկատմամբ։ Կամ իրադարձություններն իրապես շատ ավելի արագ են ընթանում և չեն համբերում և շտապում են, որ Հայաստանը ոչ միայն դե յուրե, այլ նաև փաստացի ամբողջովին համապատասխանի ԵՏՄ համակարգին, կամ հոսանքի թանկացման դեմ շարժումից Կրեմլը լուրջ վախեցավ։
Տեսեք, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո մի շարք իրադարձություններ տեղի ունեցան, որոնք բոլորովին նպաստավոր չեն Հայաստանում ռուսական կայսրության դիրքերի համար։ Դա և Ավետիսյանների ընտանիքի սպանդն էր, և ղարաբաղյան ճակատում լարվածության ուժեղ թեժացումները, և հոսանքի թանկացման որոշումը։ Սրանք բոլորը այն գործոններն են, որոնցում ռուսական մասնակցությունը կա։ Ավետիսյանների ընտանիքի սպանդը կատարվել է ռուսական ռազմակայանի ռուս զինծառայողի կողմից, սահմանին լարվածությունը կապվում է նաև ռուսական կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ հարձակողական զենքի վաճառքի հետ, որը փորձ արեցին 200 մլն դոլարով փոխհատուցել, բայց դա անհամարժեք է, և երրորդ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացնելու նախաձեռնողը ռուսական ընկերությունն էր՝ հանձին ՀԷՑ-ի։ Այսինքն՝ այս մարտահրավերները, որ հայ հասարակության մեջ ընդվզումներ առաջացրեցին, բավական վախեցրին Կրեմլին, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, և ՀՀ իշխանությունները չկարողանան տիրապետեն, դրա համար իրենք ուղղակիորեն սկսեցին հանդես գալ իրենց էմիսարների միջոցով այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք դեռևս չեն ենթարկվում Կրեմլին, կամ Կրեմլը չի կարողացել նրանց կառավարելի դարձնել։ Նկատի ունեմ քաղաքացիական ակտիվիստներին, ակտիվ քաղաքացիական խմբերին ու հասարակական մի շարք կազմակերպություններին։
Ըստ էության, Հայաստանի քաղաքական ամբողջ դաշտը հլու-հնազանդ է Կրեմլի պահանջներին, որը մենք տեսանք ԱԺ-ում ԵՏՄ-ին անդամակցության քվեարկության փաստով, որը ձևակերպվեց որպես «անշրջելի» գործընթաց։ Եվ միակ կազմակերպությունները, որոնք դա անշրջելի չեն համարում և ընդվզում են օրեցօր վատթարացող վիճակի դեմ, մնացել են քաղաքացիները և քաղաքացիական հասարակության ինստիտուտները։ Կրեմլն այլևս չի ուզում հանդուրժել նման իրավիճակը և փորձում է արդեն սպառնալիքների լեզվով խոսել։ Տիպիկ ԿԳԲ-կան վարքագծով են իրենց դրսևորում, ոչ միայն հրապարակային, այլև ստվերային տարբեր մեթոդներ են կիրառում։
Այս իրավիճակն ինչի՞ կարող է հանգեցնել՝ հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխություններն են առջևում։
Սահմանադրական փոփոխությունները Կրեմլին չեն հուզում։ Կրեմլին ընդհանրապես չի հուզում՝ այստեղ կլինի խորհրդարանական, թե նախագահական կառավարման համակարգ, կլինի Սերժ Սարգսյանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Գագիկ Ծառուկյանը։ Կրեմլի և ՀՀ իշխանությունների շահերը համընկնում են այն տեսակետից, որ նա ուզում է կառավարելի դարձնել իր կողմից իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով, իսկ Սերժ Սարգսյանին և իր արբանյակներին ձեռք է տալիս, որ վերահսկելի դարձնեն Սահմանադրական փոփոխությունները սահուն անցկացնելու տեսակետից։ Արձանագրում եմ, որ ՀՀ իշխանությունը և քաղաքական ուժերը զոհաբերում են ՀՀ քաղաքացիներին իրենց կայսերական շահերին և իրենց իշխանությունը անխռով պահպանելու մանր նպատակներով։
Սա կարող է հանգեցնել կամ հետագա ռեպրեսիաների ուժեղացմանը, այն սցենարի կրկնությանը, որը կատրավեց և կատարվում է ՌԴ-ում, երբ քաղաքական ամբողջ ինստիտուտները վերացվեցին, ազատական ուժերը ոչնչացվեցին և մնացին մի քանի հոգի, իսկ մեր քաղաքական դաշտում չկա այդպիսի կարկառուն ներկայացուցիչ, որին սպանեն։Հիմա մեզ մոտ հնարավոր է գնա ռեպրեսիաների ուժեղացում, կարող է գնալ հակառակը, որ, այնուամենայնիվ, Հայաստանը, հանձինս իր քաղաքացիական ինստիտուտների, պետք է ընդվզի, կամ Ռուսաստանը պետք է փորձի օկուպացիոն համակարգ ձևավորի Հայաստանում։ Այսինքն՝ կարող են լինել առճակատումներ, թեժացումներ, որը ես կարող եմ անվանել իրապես անկախության համար ռեալ պայքար, կամ ճնշումների, հետապնդումների սրացում կլինի, և Հայաստանից դուրս կվանեն վերջին մնացած անկախ ինստիտուտները։
Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ Սեր Սարգսյանը նորից վերահաստատել է, որ իրեն պետք չէ ԱԺ նախագահի պաշտոնը։ Այս դեպքում ինչո՞ւ են պետք այս փոփոխությունները։
Սերժ Սարգսյանն ունի իր գործողությունների ժամանակացույցը, որի հետ Կրեմլն արդեն հաշվի չի նստում։ Կրեմլն արդեն իր՝ Հայաստանում գործող դե յուրե իշխանությունից անջատ է գործում, այնպես որ այս խնդիրը շատ նման է օկուպացված երկրի վիճակին, որտեղ անունով դրված է երկրի ղեկավարը, ինչպես Պետենը նացիստական օկուպացիայից հետո, անունով նա էր Ֆրանսիայի ղեկավարը, բայց իրականում ղեկավարում էր Բեռլինը։ Այնպես որ, Սերժ Սարգսյանի գործողության տարածքն էլ է նվազել, այսինքն՝ ինքը համաձայնվում է ավելի նեղ տարածքում յոլա գնալ զուտ իր իշխանությունը պահպանելու համար։ Իսկ Հայաստանի այսպես կոչված ֆեոդալական վերնախավը, ինչպես ժամանակին շատ հստակ հայտարարեց Թոխմախի Մհերը, առանց ռուսի յոլա չեն կարող գնալ, հիմա ուղղակի կծառայեն Կրեմլին։ Սա է այն հնարավոր սցենարը, որը կարող է տեղի ունենալ և որի միակ արգելող պատվարը և ուժը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական հասարակությունը, որը գոյատևում է և գործում է ոչ Կրեմլի խողովակներով սնուցման աջակցության շնորհիվ, և դրանում է անհանգստությունը։ Ֆեոդալական վերնախավը իր ամբողջ կոռուպցիոն մեխանիզմով լիովին տեղավորվում է Կրեմլի կոռուպցիոն համակարգի մեջ։
Աղբյուրը՝ www.lragir.am