«Սերժ Սարգսյանը հրապարակային զոհեր է տալու»
10:42, August 21, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանում վերջին շրջանում իշխանական թևի անձանց մասնակցությամբ տեղի ունեցող հացագործությունները ապացուցում են, որ կրիմինալ իրավիճակն արդեն դարձել է անվերահսկելի: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով վերջին օրերի դեպքերին, երբ «Էյր Արմենիա» ընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանը ծեծի էր ենթարկվել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի ու նրա կողմնակիցների, իսկ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի «բանդայի» կողմից:“Կրիմինալ վիճակ ստեղծողներն այլևս դուրս են եկել իրենց կրիմինալ ղեկավարների հսկողությունից: Այն գործիքները, որով ղեկավարվում ու վերահսկվում էր իրավիճակը, կարելի է ասել, որ այդ գործիքներն այլևս կամ արդյունավետ չեն, կամ որոշ ժամանակ գիտակցված անգործության են մատնել, թե ինչ նպատակով, մի քիչ դժվար է պատկերացնել: Բայց, մյուս կողմից, անխուսափելի էր, և տրամաբանորեն դա պետք էր ակնկալել, որ տնտեսական ու ֆինանսական ռեսուրսների սղության պարագայում այդ լատենտ և դե ֆակտո գոյություն ունեցող կրիմինալ իրավիճակը պետք է ունենար նման հրապարակային դրսևորումներ՝ բռնությունների, ծեծի, ապօրինությունների տեսքով”,- ասաց Սաքունցը:Նրա խոսքով՝ թարախն այնքան է կուտակվել, որ այլևս տեղ չկա պահելու, և դուրս է հորդում: Ըստ իրավապաշտպանի՝ սա շատ կարևոր պրոցես է, որ այն, ինչ մինչև հիմա խոհանոցային մակարդակում էր մնում, հիմա արդեն հրապարակային է դարձել:«Միաժամանակ, ցավոք սրտի, պետության իրավական իմունիտետը, որը երկար ժամանակ մաշվել էր, քայքայվել և դիմադրողականությունը նվազել էր, որովհետև անընդհատ ոչնչացվում էր հենց այդ կրիմինալ գործելակերպի պատճառով, բավական թույլ է: Սա լուրջ մարտահրավեր է արդեն հանրությանը՝ այն տեսակետից, որ մենք նոր իրավիճակում արդեն պետք է կարողանանք խնդիրների լուծման ճանապարհը գտնենք”,- ասաց նա:Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ «Էյր Արմենիա» ընկերության սեփականատիրոջ ծեծի առիթով Ռուբեն Հայրապետյանը քրեական պատժի չի ենթարկվի, բայց կզրկվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Արթուր Սաքունցի խոսքով՝ այս անգամ արդեն Ռուբեն Հայրապետյանն անմիջականորեն առնչվեց բռնությանը, և այլևս որևէ հիմք չունի ժխտելու իր ուղղակի մասնակությունն այդ հանցագործությունը, ինչպես Վահե Ավետյանի սպանության ժամանակ:“Այս անգամ չկա այդ հնարավորությունը, որովհետև դե ֆակտո ինքը ներկա է եղել: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից զրկելը անհամաչափ պատիժ է, ինչպես ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելը: Ինքը պետք է ներգրավվի որպես կասկածյալ և մեղադրյալ: Արդյոք կլինի դա, թե ոչ, խորը կասկածներ ունեմ, ինչպես նույն Լիսկայի դեպքում: Եթե Լիսկան Բուդաղյանի սպանության դեպքում այնքան համոզված էր, որ պաշտոնից ազատվելու դիմումը գրեց՝ իմանալով, որ կարող է նշանակվել, այս անգամ ինքը դիմում չի գրում, չնայած այս անգամ իր ընտանիքից ոմանց են կալանքի տակ պահում: Սա խիստ անտրամաբանական է”,- ասաց նա:Արթուր Սաքունցը կարծում է, որ Սերժ Սարգսյանը հրապարակային զոհեր է տալու, ըստ երևույթին, ժամանակավոր, որպեսզի ինքը որոշակի լեգիտիմության պաշար ձեռք բերի: Նրա հիմնական խնդիրը, իրավապաշտպանի խոսքով, ոչ թե այս պահին օլիգարխների, կրիմինալ զանգվածի շահերի պաշտպանությունն է, այլ այդ նույն կրիմինալ շահերն իրավական տեսակետից ամրագրող ու պաշտպանող Սահմանադրության անցկացումը:“Այդ տեսակետից շատ կարևոր է, որ Սերժ Սարգսյանն այդ Սահմանադրության ընդունման պրոցեսում ձեռք բերի վստահության որոշակի պաշար հանրության մոտ՝ հանձինս նման քայլերի՝ զոհաբերությունների: Բայց դրանք ժամանակավոր զոհեր են, ոչ թե բովանդակային, որովհետև նրանք շարունակելու են չվճարել հարկեր, կշարունակեն իրենց ապրօրինի գործունեությունը”,- ասաց նա:Սաքունցը հավելեց, որ չեն կանխվելու հանցագործություները, ինչպես համոզվեցինք Վահե Ավետյանի ու Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո: Իսկ երբ մարդը մնում է անպատիժ, հետո հաջորդ հանցագործությունն է կատարում:«Այնպես որ, սա ես լրիվ տեղավորում եմ պատասխանատվության ենթարկելու գործակազմի ժամանակավոր թուլացման շրջանակներում, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ բրեսպրեդելի կարգավորումը կարող է լինել այդ նոր Սահմանադրության ընդունումը: Որից հետո նորից կվերադառնան ի շրջանս յուր, արդեն իբր նոր Սահմանադրական հագուստով, բայց որը բովանդակային տեսակետից կրողի առումով ոչ մի բան չի փոխելու»,- նշեց Արթուր Սաքունցը:
– See more at: http://www.lragir.am/index/arm/0/country/view/119176#sthash.MxUNb6bL.dpuf