ՀՔԾ-ն չի պատրաստվում քրեական գործ հարուցել ոստիկանապետի հանդեպ
15:14, August 20, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | ՈստիկանությունՀատուկ քննչական ծառայությունը չի պատրաստվում քրեական գործ հարուցել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և ազատամարտիկ Վարդան Վարդանյանի վերջին հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին Lragir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ վերջին դատական նիստերի ժամանակ Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը ցուցմունքներ էին տվել՝ հայտարարելով, որ նախորդ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի շրջանակներում ոստիկանական բաժանմունք բերման ենթարկվելուց հետո իրենց նկատմամբ բռնություններ են կիրառվել:
Շանթ Հարությունյանն ասել էր, որ ոստիկանական բաժանմունքում իրեն հարվածել է նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Վարդան Վարդանյանը դատարանում ասել էր, որ իրեն ծեծել է անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա հայտարարել էր, որ 5 հոգով իրեն բռնել են, իսկ ոստիկանապետն այլ ոստիկանների հետ իրեն ծեծի է ենթարկել: Վարդան Վարդանյանի խոսքով՝ իրեն այն ժամանակ սպառնացել են, այդ պատճառով հակասական ցուցմունքներ է տվել. «Ասում էին՝ քո տղան զինվորական ա, կվնասենք: Էդ պայմաններում ինչ թուղթ էլ տային, ես կստորագրեի»:
«ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնություն կիրառելու մասին Շանթ Հարությունյանի հաղոդման վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությանը դեռևս 2013 թվականի նոյեմբերին գրություն էր հասցեագրել Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել էր՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի` ևս մեկ անգամ արված նույնաբովանդակ հայտարարության առթիվ նոր գործ չի կարող հարուցվել»,- ասվում է Lragir.am-ին ուղղված ՀՔԾ գրավոր պատասխանում:
Lragir.am-ը գրավոր հարցման մեջ ներառել էր նաև Վարդան Վարդանյանի հայտարարության վերաբերյալ հարցը: Սա նոր հայտարարություն է, նախկինում ազատամարտիկը չէր խոսել Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին: Սակայն նրա հայտարարության վերաբերյալ գործ հարուցելու մասին հարցը ՀՔԾ-ն շրջանցել է:
«Վարդան Վարդանյանն այն ժամանակ նման հայտարարություն չի արել: Հիմա եթե հաղորդում կա, Հատուկ քննչական ծառայությունն ամեն դեպքում պետք է քննարկի: Իրենք ընդհանուր են պատասխանում, որ այն ժամանակ հարցը քննարկվել է, բայց Վարդան Վարդանյանը նոր է նման հայտարարություն արել»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Նա նշեց, որ Հատուկ քննչական ծառայությունը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ Շանթ Հարությունյանն այն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, հրաժարվել է բացատրություն տալ, սակայն հիմա Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկան:
«ՀՔԾ-ն կարող է արդեն որպես նոր հանգամանք դնել հիմքում և վերսկսել գործի քննությունը և նորից բացատրություն վերցնել: Այդ անձինք հայտարարությամբ հիմա հանդես են եկել, այն ժամանակ այդ մասին չխոսելու պատճառ են ունեցել, նախաքննություն է ընթացել, որը ոստիկանությունն է իրականացրել: Նախաքննությանը չեն վստահել, այն ժամանակ ուղղակի չեն ցանկացել բարձրաձայնել այդ մասին: Հիմա հրապարակային այդ մասին հայտնել են»,- ասաց փաստաբանը:
Ինեսա Պետրոսյանը նշեց, որ սա սպասված գործելաոճ էր, իրենք ակնկալում էին, որ ՀՔԾ-ն նմանօրինակ պատասխան պետք է տա: Փաստաբանն առաջիկայում հարցը քննարկելու է իր պաշտպանյալների հետ, եթե Վարդան Վարդանյանն ու Շանթ Հարությունյանը ցանկանան, կարող են հաղորդում ներկայացնել ՀՔԾ: Ինեսա Պետրոսյանը, սակայն, չի բացառում, որ ՀՔԾ-ն նույն հիմքով նրանց հաղորդման հիման վրա գործի հարուցումը կարող է մերժել:
«Դա ակնհայտ անգործություն և հանցագործության կոծկում է»,- Հատուկ քննչական ծառայության գործունեությունն այսպես բնութագրեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նա նշեց, որ քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերը կան:
Իրավապաշտպանը հիշեցնում է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ դատարաններում արված հայտարարություների հիման վրա քրեական գործեր են հարուցվել: «Դատաքննության ընթացքում մարդը ցուցմունք է տալիս, դա ցուցմունք է, դա գրանցվող ցուցմունք է, դատական նիստի արձանագրության մեջ գրանցվում է: Իրենց նպատակադրված գործ չեն հարուցում, քանի որ հարցը կապված է Վովա Գասպարյանի հետ»,- նշեց Սաքունցը:
Նա ասաց, որ բացի Վարդան Վարդանյանի հայտարարությունից, Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը նույնպես բոլորովին նոր հայտարարություն արեց վերջին դատական նիստերից մեկի ժամանակ: Շահեն Հարությունյանն ասել էր, թե ոստիկանական բաժանմունքում իրեն տեղեկացրել են, որ հայրն ու ընկերները մահացել են: «Դա ընդհանրապես նոր հանգամանք է: ՀՔԾ-ն արդյոք այդ հանգամանքը նույնպես ուսումնասիրել է, բացահայտե՞լ են, թե ոչ: Վարդան Վարդանյանի հայտարարությունը նույնպես նոր է, և պետք է դրան ընթացք տրվի»,- ասաց Արթուր Սաքունցը:
Հոդվածը պատրաստվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների զարգացումը որպես մարդու իրավունքների խախտման կանխարգելման երաշխիք Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Հոդվածը պատրաստել է Lragir.am-ի լրագրող Ռոզա Հովհաննիսյանը