Դատարանի որոշմանը հակառակ՝ դատապարտյալը կրկին չի կարողանում օգտվել վաղաժամկետ ազատման իրավունքից
15:22, October 20, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունքՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ամատունին արդեն երրորդ անգամ «Դիմում-խնդրագիր» է ուղարկում Tert.am-ի խմբագրություն և երրորդ անգամ բարձրացնում է պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված հարցը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 175 հոդվածի (Ավազակություն) 2-րդ մասի համաձայն` 7 տարվա ազատազրկման դատապարտված ամբաստանյալը իր նախորդ երկու նամակներում գրել էր, որ ինքը որևէ կարգապահական տույժի չի ենթարկվել, սակայն Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը անհիմն պատճառաբանություններով երեք անգամ մերժել է իրեն ազատ արձակել, չնայած, որ ինչպես օրենքն է սահմանում՝ կրել է պատժի 1/2-րդ մասը:
Այս անգամ դատապարտյալը նամակով տեղեկացնում է, որ դեռևս տարեսկզբին՝ հունվարի 31-ին, երբ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը մերժել է իրեն պայմանական վաղաժամկետ ազատել, ինքը բողոք է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել անհիմն որոշումը:
Ապրիլի 23-ին դատարանը՝ դատավոր Ս. Մնոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մասնակի բավարարել բողոքը՝ վերացնել մերժման որոշումը և վերականգնել դատապարտյալի խախտված իրավունքները՝ պարտավորեցնելով ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին միջնորդագիր ներկայացնել անկախ հանձնաժողովին, քանի որ վաղաժամկետ ազատման բոլոր պահանջները առկա են:
Հետևելով դատարանի պահանջին «Կոշ» ՔԿՀ-ի ադմինիստրացիան հունիսի 16-ին միջնորդագիր է ներկայացրել անկախ հանձնաժողովին պահանջելով ազատել դատապարտյալին, սակայն անկախ հանձնաժողովը մերժել է միջնորդագիրը՝ հավանություն չտալով «Կոշ» ՔԿՀ-ի միջնորդագրին և դատարանի որոշմանը, որը ենթակա է պարտադիր կատարման ՀՀ ողջ տարածքում:
««Անկախ հանձնաժողովը» իր անհիմն ու ապօրինի որոշումը կայացրել է հուլիսի 23-ին՝ գաղտնի և փակ քվեարկությամբ, հանձնաժողովի 7 անդամներից կեսը և նախագահը իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են»,-գրել է դատապարտյալը և տեղեկացրել, որ այս վերջին որոշումը ևս բողոքարկել է նույն դատարանում:
«Ես հուսով եմ, որ ինչպես «Կոշ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի դեպքում հիմա ևս կկայացվի արդարացի և օբյեկտիվ որոշում: Առաջին անգամ համոզվեցի, որ կա արդարություն՝ շնորհիվ դատավոր Ս. Մնոյանի կողմից կայացված արդարացի որոշման: Ես չեմ կարող հանդուրժել իմ իրավունքների խախտումը, ոտնահարումը և ՀՀ օրենքների անտեսումը, քանի որ պատիժս կրելու (4 տարի 7 ամիս) ընթացքում բավարարել եմ ազատվելու բոլոր պահանջները»,-գրել է Ռուբեն Ամատունին:
ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ անկախ հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ Նախագահի հրամանագրով, որն իր որոշումները իրականացնում է փակ ընթացակարգով:
«Իրենք են այդպես վճռել՝ տարբեր հանգամանքներից ելնելով, մենք չենք կարող որևէ բան ասել: Հարցը մեր իրավասության շրջանակում չէ»,-ասաց նա:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցից հետաքրքրվեցինք, թե արդյոք անկախ հանձնաժողովն իրավունք ունի մերժելու դատարանի պահանջը:
«Դատարանը միայն ընթացակարգային իրավունքն է վերականգնել: Դատարանի որոշումը չի պարտադրում անկախ հանձնաժողովին, որպեսզի կիրառի պայմանական վաղաժամկետ ազատումը»,-ասաց նա:
Անդրադառնալով այն փաստին, որ ամբաստանյալը երեք անգամ դիմել է անկախ հանձնաժողովին պայմանական ազատ արձակվելու համար, դատարանն էլ մասնակի բավարարել է հայցը՝ գտնելով, որ բոլոր պահանջները առկա են, սակայն կրկին դատապարտյալը չի կարողանում օգտվել իր այս իրավունքից, նշեց, որ ամբողջ խնդիրը նրանում է, որ այս հանձնաժողովի որոշումների ընդունման կարգը օրենքով հստակեցված չէ:
«Իրենք առաջնորդվում են սուբյեկտիվ մոտեցումներով՝ նույն կարգավիճակով մի դատապարտյալի ազատում են, մյուսին՝ ոչ: Այսինքն` ընտրողական է վերաբերմունքը: Այսօր բացակայում են այն չափանիշները, որոնց հիման վրա պետք է որոշումներ ընդունվի: Այս ամենը թողնված է հանձնաժողովի կազմի անդամների սուբյեկտիվ գնահատման հիման վրա, և դրանով պայմանավորված մեծ է կոռուպցիոն ռիսկը: Իրավական որոշակիության սկզբունքը խախտված է»,-ասաց նա:
Արթուր Սաքունցն ընդգծեց, որ ներկայումս անհրաժեշտ է պայմանական վաղաժամկետ ազատման սկզբունքների մասին հստակ օրենք ընդունել, կիրառել հստակ իրավական կանխատեսելի ընթացակարգ, որը կպարունակի որոշման կայացման համար անհրաժեշտ չափորոշիչները, ժամկետները և բողոքարկման մեխանիզմը:
Աղբյուրը` www.tert.am