«Կրեմլը ակնհայտորեն տրոյական ձի է մտցնում Հայաստանի քաղաքական դաշտ՝ հանձինս Արա Աբրահամյանի». Արթուր Սաքունց
09:53, October 20, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱրա Աբրահամյանը կասի՝ իսկ ումի՞ց եմ վատը, ե՞ս ումից եմ պակաս, հնարավորություն չունե՞մ, թե՞ չեմ կարող:
«Դա ավելի շատ վկայում է քաղաքական դաշտի անմխիթար վիճակի մասին, որ այսպիսի մակարդակում է գտնվում: Դրա պատասխանատուները հենց քաղաքական դաշտի դերակատարներն են, որ Արա Աբրահամյանը եւ նման անձը կարող է իրեն թույլ տալ հայտ ներկայացնել եւ քաղաքական դաշտում որպես կուսակցություն ստեղծող, հայտարարություն անել»,- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի վերջին հայտարարության մասին, որ հնարավոր է կուսակցություն բացի եւ Հայաստանում մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ըստ Սաքունցի, այն, որ Արա Աբրահամյանը նման հայտարարություն է անում, կա Կրեմլի գործոնը. «Կրեմլը ակնհայտորեն տրոյական ձի է մտցնում Հայաստանի քաղաքական դաշտ՝ հանձինս Արա Աբրահամյանի՝ արդեն անթաքույց: Եթե մինչ այդ իրենց առաքելությունն իրականացնում էին գործող քաղաքական ուժերի հետ մանիպուլյացիաների, գործարքների միջոցով, ապա հիմա ուղղակի անթաքույց, հրապարակային իրենց մասնակցությունն են ուզում ունենալ եւ հայտնվել ՀՀ քաղաքական դաշտում ինքնուրույն միավորի տեսքով: Բայց դա վերստին խոսում է քաղաքական դաշտի անմխիթար վիճակի մասին: Եթե դու չափորոշիչները, մոտեցումները, գաղափարական մակարդակը պատշաճ դիրքում պահեիր, ապա նման գործողության տեղ չէր մնա: Դրա պատասխանատվությունը կրում են բոլոր նրանք, ովքեր կողմ քվեարկեցին ԵՏՄ անդամակցությանն ԱԺ-ում, ովքեր իրենց քվեարկությամբ իրենց գերեզմանափոսը փորեցին՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական պետության սկզբունքներով առաջնորդվող քաղաքական ուժերի: Դադարեցին որպես այդպիսին գոյություն ունենալ: Այդ պարագայում Արա Աբրահամյանը կասի՝ իսկ ումի՞ց եմ վատը, ե՞ս ումից եմ պակաս, հնարավորություն չունե՞մ, թե՞ չեմ կարող: Սա է իրական պատկերը, թե չէ ինչ է ասում Արա Աբրահամյանը, ոնց է խոսում եւ այլն, դրա վրա ուշադրությունը շեղելով՝ չպետք է բուն պատճառները մոռացության մատնել»:
Աղբյուրը՝ aravot.am