Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողները «Project weeks» ծրագրի շրջանակներում հյուրընկալվել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում
16:14, October 20, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հյուրընկալել էր Դիլիջանի միջազգային դպրոցի մի խումբ ուսանողների՝ Սիրիայից, Ճապոնիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Հնդկաստանից և այլ երկրներից: Ուսանողները Վանաձորում էին «Project weeks» ծրագրի շրջանակներում, որի նպատակը Հայաստանի տարբեր կազմակերպությունների հետ ծանոթացումն ու հետագա համագործակցությունն է: Այս անգամ ուսանողների ընտրությունը կանգ էր առել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա, քանզի Կազմակերպության առաքելությունը նաև կոնֆլիկտների կարգավորումն ու խաղաղասիրական ծրագրերի իրականացումն է, ինչի շուրջ Դիլիջանի միջազգային դպրոցի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեսակետները համընկնում են:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Օֆելյա Զալյանը ներկայացրեց կազմակերպության առաքելությունը, գործունեության ոլորտները: Այնուհետև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, պատասխանելով հյուրերի հարցերին, ներկայացրեց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում և աշխարհում, մասնավորապես՝ անդրադառնալով կոնֆլիկտների առաջացման ուղիներին՝ առանձնացնելով դրանցից ամենաէականը՝ համակարգի կողմից մարդու արժանապատվությունը չհարգելը:
Հանդիպման ընթացքում հյուրերն առաջարկեցին, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր մասնակցությունն ունենա դպրոցի կողմից իրականացվող «CAS» ծրագրին, որի շրջանակներում ուսանողներն ընդգրկվում են տարբեր կազմակերպություններում, մասնակցում կատարվող աշխատանքներին, ինչպես նաև իրականացվում են փոխայցեր: