Երանոսյանի արջերի աչքի տակ ՊՆ ՛՛Զինառ՛՛-ը ի՞նչ է անում
15:10, November 20, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՎերջապես Հայաստանի ՊՆ-ը կատարեց ՀՀ վարչական դատարանի որոշումը. 2014 թ. նոյեմբերի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ներկայացրեց 2010 թ.-ին ՀՀ ՊՆ կարիքների համար մատակարարումներ իրականացնող կազմակերպությունների և նրանց կողմից մատակարարված սննդի, հագուստի, վառելիքի և գրենական պիտույքների ցանկը: Այդ մասին տեղեկացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Այդ ցանկում է նաև բանակին համազգեստ՝ կոստյում, կիտել, բաճկոն, տաբատ մատակարարող ՛՛Զինառ՛՛ ՓԲ ընկերությունը: Այն ստեղծվել է 2000թ.-ին՝ 13մլն. դրամ հիմադիր կապիտալով և կառավարության որոշմամբ, որը վավերացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը, իսկ հիմնադրի լիազորությունները վերապահվել են ՊՆ-ին:
Քանի որ ՓԲԸ-ների բաժնետերերի մասին տեղեկատվությունը խնամքով և օրենքով թաքցնում են, կարող ենք ընդամենը տեղեկացնել, որ ՛՛Զինառի՛՛ տնօրենը Սեյրան Երանոսյանն է, և որ մամուլն այդ ընկերությունը կապում է նախկինում՝ ՊՆ 3-րդ կորպուսի հրամանատար, այժմ՝ ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի անվան հետ: Նա, ի դեպ, աչքի է ընկնում իր արջասիրությամբ: Երևի հենց դրանով է բացատրվում ՛՛Զինառի՛՛ տարածքում չգիտես ում հաշվին արջեր պահելու շքեղությունը: Որպեսզի նշվածը մերկապարանոց չհնչի, արձանագրենք, որ նույն ՛՛Զինառը՛՛ դատական վեճ ուներ ՛՛Սարգա-Սար՛՛ ՍՊԸ-ի հետ. վերջինիս պատվիրել էր արջի բներ կառուցել, բայց փողը չէր տալիս…
Հնարավոր է, որ ՛՛Զինառի՛՛ աշխատողները արջերին տեսնում ու համազգեստներն ավելի որակով են կարում /չնայած՝ ՛՛Զինառ՛՛ խանութում հայկական արտադրության հագուստներ գրեթե չկան. դրանք ռուսական, վրացական և սիրիական արտադրության են/, իսկ ահա ՊՆ մեկ այլ մատակարար Ալբերտ Օհանջանյանը, ով մսամթերքի մատակարարներից էր, արջի աչքի տակ չէր, այլ գենշտաբի, երևի դրա համար էլ տավարի մսի տեղը գոմեշի միս էր ուղարկում բանակ:
Մնացած մատակարարներին կանդրադառնանք ավելի ուշ:
Աղբյուրը՝ lakmoes.am