Որևէ հիմնավորում չկա, որ Պերմյակովի դատը ռուսական բազայում լինի. Սաքունց
14:08, December 20, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԳյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավարության ընթացքում ի հայտ եկած խնդիրների շուրջ Lragir.am-ը զրուցել է իրավապաշտպան, Ավետիսյանների իրավահաջորդի ներակայացուցիչ Արթուր Սաքունցի հետ:
Պարոն Սաքունց, դեկտեմբերի 18-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի տարածքում տեղի ունեցած առաջին դատավարության ընթացքում արդեն ակնհայտ դարձավ, որ ռուսական ազդեցությունը մեծ է հայկական դատարանում: Դուք ի՞նչ արձանագրեցիք:
Մեր կողմից հիմնական արձանագրումը կայանում է նրանում, որ կարծում ենք բացարձակ որևէ հիմնավորում չկա, որպեսզի արտագնա դատական նիստ անցկացվի ռուսական բազայի տարածքում, որովհետև առաջին դատական նիստում արդեն ակնառու երևաց, որ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը, արդարադատությունն ու իրավապահները բավարար ռեսուրսներ ունեն՝ ապահովելու այն ենթադրյալ խնդիրը, որն իբր կապված է Պերմյակովի անվտանգության սպառնալիքի հետ: Դատարանն արտագնա նիստ կազմակերպելը հիմնավորում է նրանով, որ քանի որ ռուսական դատարանի կողմից Պերմյակովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման ու պատիժը կրում է այնտեղ, հետևաբար նիստերն այնտեղ պետք է անցկացվեն: Բայց դա նախ առաջին հերթին իրավական տեսակետից հիմնավոր չի կարելի համարել: Պատիժը կրելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում դատական նիստը չանցկացնելու համար, որովհետև մարդիկ, ովքեր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կրում են պատիժը և նրանց նկատմամբ կա այլ քրեական գործ, ապա քրեական գործով դատաքննությունն իրականացվում է դատարանի դահլիճում: Երկրորդ կարևոր հանգմանքն այն է, որ սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին հսկում էին ՌԴ ռազմաբազայի զինծառայողները՝ զինված ռետինե մահակներով, որն անթույլատրելի է ՀՀ Դատավարական օրենսգրքով: Որևէ իրավական կարգավիճակ չունեցող անձինք փաստորեն մասնակցում էին դատավարությանը և գործառույթներ էին իրականացնում: Չկա նման որևէ հիմք, նրանք կարող են, իհարկե, որպես դատաքննությանը հետևողներ լինել դահլիճում, կանգնել քաղաքացիներին հատկացված տեղում, ոչ ռետինե մահակներով զինված: Ցավոք սրտի, դատարանն այդ կարևոր հանգամանքին չանդրադարձավ: Եվ ընդհանրապես դատաքննությունը կազմակերպելով ռուսական բազայի տարածքում՝ այդ փոքր դահլիճում որևէ աշխատանքային նպաստավոր պայման չէին ապահովել:
Կարծես դիտավորյա՞լ էին նման պայմաններ ստեղծել:
Ես չեմ կարող ասել՝ դիտավորյալ էր, թե ոչ, բայց այն, որ դատարանն այդ ռուս զինծառայողներին դատարանի դահլիճից հեռացնելու միջնորդությունը քննարկելու համար 15 րոպե ընդմիջում հայտարարեց և չգիտեմ, թե ում հետ խորհրդակցելուց հետո մերժեց այդ միջնորդությունը, վառ ապացույց է այն բանի, որ դատարավորը կաշկանդված է ակնհայտ հանգամանքներով: Մենք հաջորդ դատական նիստին դրան կանդրադառնանք, թե որտե՞ղ է գտնվում դատավորի խորհրդակցական սենյակը և արդյոք ինքը խորհրդակցական սենյակում մենակ է լինում, թե՞ ոչ: Բնականաբար, սրանք կարևոր հանգամանքներ են, որոնք լուծվեն՝ դատական քննության իրականացման համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովման տեսակետից, երկրորդ, դատավորի անկախության ապահովման տեսակետից, նաև դատաքննությանը խոչընդոտող հնարավոր հանգամանքները վերացնելու և կանխելու տեսակետից: Դատական նիստի ընթացքում մեզ համար տեսանելի չէր Պերմյակովը, որն ապակեպատ խցում առանձնացված էր դատաքննության մասնակիցներից: Հետո մենք լուսանկարներից նկատեցինք, որ նա դատաքննության ժամանակ շարունակում էր գտնվել ձեռնաշղթաներով, ինչն անթույլատրելի է: Նաև մենք հնարավորություն չունեցանք տեսնելու Պերմյակովի դեմքը, միմիկան, վարքագիծը, այն ամենը, ինչը շատ կարևոր է դատաքննության մասնակիցների համար գաղափար կազմելու մեղադրվող անձի հոգեվիճակի, ֆիզիկական վիճակի մասին: Դա էական նշանակություն ունի՝ պատկերացում կազմելու նրա պատասխանի իսկության և ճշմարտացիության մասին:
Այսինքն՝ հենց առաջին նիստում արձանագրեցինք, որ այս գործն արդար քննելու համար խոչընդոտներ կա՞ն, թափանցիկ չէ՞ գործընթացը: Հայկական կողմը կարծես այդպես էլ չի կարողանում գործը ռուսական ազդեցությունից դուրս քննել:
Մենք արձանագրում ենք հետևյալը՝ Պերմյակովի նկատմամբ քրեական գործով քննությունը չի համապատասխանում արդար դատաքննության համար անհրաժեշտ չափանիշներին: Մնում են չփարատված հիմնավոր կասկածները հետագա արդար դատաքննության հնարավորության վերաբերյալ: Ռուսական ազդեցությունը միանշանակ էր, որովհետև ՀՀ դատարանը դատաքննություն իրականացնում է ռուսական բազայի անմիջական հսկողության ներքո: Ես չեմ կարող հիմա կանխատեսել, թե հետագա իրադարձություններն ինչպես կզարգանան, բայց այն, որ մենք հետամուտ ենք լինելու, դա միանշանակ է: Անընդհատ ենք պահանջելու, անհնար ենք համարում դատաքննության իրականացումը նման պայմաններում: Պահանջելու ենք, որ հայաստանյան դատարանի շենքում լինի դատաքննությունը՝ իմ նշած խոչընդոտները վերացնելու համար: Ընդհանրապես, պետք է ապահովեն բնականոն դատաքննություն: