2010 թ. հուլիս ամսվա իրավախորհրդատվության արդյունքները Վանաձորում
00:00, August 7, 20102010 թ. հուլիսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 21 քաղաքացիներ:
1 քաղաքացու խնդրի կապակցությամբ պատրաստվել է համապատասխան տեղեկատվության հարցում:
Այսպես, Վանաձորի քաղաքացիները դիմել են հետևյալ խնդիրներով և հարցերով.
Սոցիալական ապահովության իրավունք
1. Քաղաքացին ցանկանում էր իմանալ, թե ինչ հիմքով է անապահովության նպաստ տրամադրվում:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անապահովության նպաստից օգտվում են այն ընտանիքները, որոնց անապահովության գործակիցը երեսունից բարձր է:
2. Ինչպե՞ս է անձը հաշմանդամ ճանաչվում:
Հայաստանի Հանրապետությունում «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5¹ հոդվածի դ եւ ե կետերով ՀՀ կառավարությունը սահմանում է հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնելու և վերականգնման անհատական ծրագրերը կազմելու, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների գործունեության կարգերը, բժշկասոցիոլոգիական փորձաքննության ժամանակ օգտագործվող հիմնական դասակարգիչները, եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները:
3. ՀՀ տարածքից դուրս մահացած ՀՀ կենսաթոշակառու քաղաքացու հարազատներն օգտվում են արդյո՞ք մահվան նպաստից:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն` հուղարկավորության միանվագ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է և ունի ընտանեկան նպաստի իրավունք:
Եթե անձը ՀՀ տարածքում չի բնակվել, չի օգտվել ՀՀ-ում կենսաթոշակի իրավունքից, նրա մահվան փաստը չի գրանցվել ՀՀ տարածքում, անձի ընտանիքի անդամներն այդ իրավունքից չեն կարող օգտվել:
4. Ու՞մ և ի՞նչ կարգով է տրամադրվում միանվագ դրամական օգնություն:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն` միանվագ դրամական օգնության իրավունք ունի ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքը անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (…կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում` սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ:
5. Որքա՞ն է կազմում բազային կենսաթոշակի չափը:
Բազային կենսաթոշակի չափը կազմում է 8000 ՀՀ դրամ, որը յուրաքանչյուր տարի ենթակա է փոփոխման:
Սեփականության իրավունք
6. Ովքե՞ր են հանդիսանում առաջին հերթի ժառանգներ:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն` առաջին հերթի ժառանգներ են հանդիսանում ժառանգատուի երեխաները, ամուսինը, ծնողները:
7. Ի՞նչ իրավունքներ ունի անձը սեփականության իրավունքով իրեն չպատկանող բնակարանի նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ սեփականության իրավունքով իրեն չպատկանող բնակարանի նկատմամբ անձը չունի տնօրինման (գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորություն) եւ տիրապետման ( փաստացի տիրապետում) իրավունքներ, սակայն սեփականատիրոջ համաձայնությամբ նա կարող է ձեռք բերել օգտագործման իրավունք:
8. Ինչպե՞ս է համասեփականատերերի կողմից օգտագործվում ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող բնակարանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի սահմանած կարգով:
Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել, որ իր տիրապետմանը և օգտագործմանը տրամադրվի ընդհանուր գույքի մեջ իր բաժնին համաչափ մաս, իսկ դրա անհնարինության դեպքում` գույքը տիրապետող և օգտագործող մյուս մասնակիցներից պահանջել իր բաժնի արժեքը:
9. Բնակարանը գտնվում է ընդհանուր բաժնային սեփականության ներքո: Կարո՞ղ է համասեփականատերերից մեկը արգելել գազի օգտագործման նպատակով մյուս համասեփականատիրոջ կողմից խողովակաշարի ացկացումն իր տարածքով, եթե այլ կերպ հնարավոր չէ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` էլեկտրահաղորդման, կապի գծերի և խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման և հողաբարելավման, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատիրոջ այլ կարիքների համար սահմանվում է տարածքի սահմանափակ օգտագործման իրավունք:
10. Կտակի առկայության դեպքում ժառանգությունն ու՞մ է բաժին հասնում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ եթե ժառանգության մեջ բացակայում է ընդհանուր ժառանգության մասը, այսինքն՝ եթե չկա համասեփականատեր, հաշմանդամ երեխա կամ 60 և ավելի տարիք ունեցող անձ, ապա ժառանգությունը բաժին է հասնում նրան, ում անունը նշված է կտակում:
11. Ովքե՞ր կարող են արտահերթ կարգով ստանալ ԽՍՀՄ ներդրված ավանդների փոխհատուցումը:
«ԽՍՀՄ ավանդների փոխհատուցման մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ առաջնահերթ փոխհատուցվում են այն անձանց ավանդները, ովքեր հանդիսանում են 70 և ավելի տարիք ունեցող նպաստառու և թոշակառու կամ Հայրենական մեծ պատերազմի մասնակից:
12. Ի՞նչն է հիմք հանդիսանում քաղաքացուն անօթևանի կարգավիճակից զրկելու և ՀՀ-ում կորցրած բնակարանի դիմաց փոխհատուցում չտրամադրելու համար:
«Անօթևաններին բնակարանի հատկացման մասին» կառավարության որոշման համաձայն՝ անձը զրկվում է փոխհատուցում ստանալու իրավունքից, եթե նրա պայմանները բարելավվել են, փոխել է բնակության վայրը կամ գնել է բնակարան:
Սպառողների իրավունք
13. Ի՞նչ կարող է անել քաղաքացին, եթե «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն դատական կարգով պահանջ է ներկայացրել իր ունեցած պարտքի վճարմանը հակադրելու պահանջով, սակայն ինքը համաձայն չէ պարտքի չափի հետ:
ՀՀ քաղաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վճարման կարգադրություն ստացած կողմը կամ համաձայնում է ներկայացված պահանջի հետ, կամ ներկայացնում է իր առարկությունները:
Քաղաքացիական իրավունք
14. Ինչպե՞ս կարելի է հարթել հարևանների միջի առկա վեճը:
Եթե հարևանները չեն կարողանում փոխադարձ համաձայնությամբ կարգավորել իրենց փոխհարաբերությունները, ապա անհրաժեշտ է դիմել ոստիկանություն:
15. Ինչպե՞ս է կատարվում ՀՀ քաղաքացիների հաշվառումը:
ՀՀ քաղաքացիների հաշվառումը կատարվում է ըստ նրանց ժամանակավոր եւ մշտական բնակության վայրի միայն մեկ հասցեով: Տվյալ հասցեում հաշվառվելու համար անհրաժեշտ է սեփականատիրոջ թույլտվությունը:
Քրեական իրավունք
16. Քաղաքացին ցանկանում էր իմանալ, թե ինչ պատիժ է նախատեսված պարտադիր զինծառայությունից խուսափելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ զինծառայությունից խուսափելու համար նախատեսված է պատիժ՝ կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամանակով կամ ազատազրկում՝ 3 տարի ժամանակով:
Աշխատանքային իրավունք
17. Քաղաքացին 25 տարի աշխատել է Լեռնային Ղարաբաղի կոլտնտեսությունում որպես զոդող, սակայն աշխատած տարիներն աշխատանքային գրքույկում չեն գրանցվել, իսկ արխիվային փաստաթղթերը ռազմական գործողությունների հետևանքով ոչնչացել են: Ինպե՞ս կարող է հաստատել աշխատանքային ստաժը:
Աշխատանքային ստաժի հաստատման համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին համապատասխան անհրաժեշտ է իրավաբանական նշանակություն ունեցող փաստի վերաբերյալ դիմում ներկայացնել դատարան:
Դատավարական իրավունք
18. Կարող է արդյո՞ք հայցադիմումի մեջ վնասի փոխհատուցման պահանջի չափը ավելացվել:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն` անձը կարող է փոխել հայցային պահանջի չափը մինչև դատաքննության սկսվելը: Անհրաժեշտ է դատարան ներկայացնել միջնորդություն համապատասխան լրացուցիչ ծախսերով եւ դրանց ապացույցներով:
Ընտանեկան իրավունք
19. Ի՞նչ կարգով է կատարվում ամուսնալուծությունը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` եթե առկա է ամուսինների համաձայնությունը, ապա ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում: Ամուսիններից մեկի համաձայնության բացակայության դեպքում ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով` դատարանին ամուսիններից մեկի հայցադիմում ներկայացնելու միջոցով:
Պետական տուրքի վճարման պարտավորություն
20. Նոտարական վավերացում պահանջող գույքի օտարման պայմանագիր կազմելու դեպքում որքան է կազմում պետական տուրքը:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն` նոտարական վավերացում պահանջվող գույքի օտարման համար վճարվում է պետական տուրք 15.000 ՀՀ դրամի չափով:
Իրավապահ մարմիններ
21. Քաղաքացին առանց պայմանագրի աշխատանքի է անցել անհատ ձեռներեցի մոտ` որպես պանրավաճառ: Աշխատանքի պայմանների և կարգի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Մոտ 10 օր աշխատելուց հետո ձեռներեցը բանավոր բողոք է ներկայացրել վաճառողուհուն` պանրի պակասոդի վերաբերյալ, թեև ապրանքի ընդունում եւ հանձնում աշխատանքի ամբողջ ընթացքում չի իրականացվել: Այնուհետև ձեռներեցը որոշել է, որ պանրի պակասոդի դիմաց վաճառողուհու աշխատավարձից պահումներ կարվի: Եվս 10 օր անց վաճառուղուհուն ձեռներեցը նորից պանրի նոր պակասորդի բողոք է ներկայացրել և դրան ավելացրել նախկին պակասորդի չափը:
2010 թվականի հունիսի 16-ին ձեռներեցը վեճի է բռնվել վաճառողուհու հետ, քաշքշել, սպառանցել նրան և ստպել գրել պարտքով վերցված գումարի վերցման պարտավորագիր` 90.000 դրամի չափով, միաժամանակ խլել և մինչև օրս իր ձեռքում է պահում նրա անձնագիրը:
Մինչև 2010 թվականի օգոստոսի 6-ը ոստիկանությունը որևէ կերպ չի արձագանքել:
Պատրաստվել է ոստիկանությանն ուղղված տեղեկատվության հարցում, որը ոստիկանությունում չեն վերցրել, այն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն և Լոռու մարզի դատախազություն:
2010 թվականի օգոստոսի 9-ին քաղաքացուն հրավիրել են ոստիկանություն, վերադարձրել անձնագիրը, ոչնչացրել ճնշումների ազդեցությամբ պատրաստված պարտավորագիրը: