2011-ին բանակում 10 զինվոր է ինքնասպանություն գործել
07:32, September 20, 2012 | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՆախորդ տարի զինված ուժերում հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում 11 մահացության դեպք է գրանցվել, 9 հոգի մահացել են կանոնադրական հարաբերությունների խախտման արդյունքում, 6-ը` դժբախտ պատահարի, 3-ը ` անվտանգության կանոնների խախտման, մեկ դեպքի պատճառները հայտնի չեն , 10 –ը ինքնասպանություն են գործել, դիտավորյալ սպանության մեկ դեպք է գրանցվել, 2 հոգի մահացել են առողջական խնդիրների պատճառով:
Այս տվյալները տեղ են գտել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարեկան զեկույցում, որը այսօր ասամբլեայի անդամները ներկայացրին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ասամբլեայի փաստաբան Տաթեւիկ Մատինյանի խոսքերով` Հայաստանի համար պատասխանատվության հարց է առաջանում խաղաղ պայմաններում մահացության դեպքերի արդյունավետ քննության առումով:
Ասամբլեան իր զեկույցում դիտարկել է նաեւ այն դեպքերը, որոնք չեն առնչվում զինված ուժերին, սակայն որոնց մեղավորները դեռ չեն բացահայտվել: Մասնավորապես, 2010-ին համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում 10- ամյա Դերենիկ Գասպարյանի մահվան դեպքին, 2007-ին Ոստիկանության Շենգավիթի բաժնում անհայտ պատճառներով մահացած Լեւոն Գուլյանի դեպքին, 2010-ին կրկին ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանի եւ նմանատիպ այլ դեպքեր:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ հանդիպման ժամանակ հավելեց, որ Հայաստանը դեռ 2001-ին Եվրախորհրդին անդամագրվելու ժամանակ վերացրել է մահապատժի կիրառումը . «Մարդու կյանքի իրավունքի ապահովման տեսակետից պետությունն ունի պարտականություն մահապատիժ չկիրառելու, բայց նաեւ մահացության դեպքերը շատ հաճախ տեղի են ունենում պետության կողմից վերահսկման մարմիններում: Հայաստանում պետության կողմից կյանքի իրավունքի խախտման փաստը պատշաճ քննելու առումով դեռ խնդիրներ կան, մահապատիժը վերացվել է , բայց պետությունը մահացության դեպքերում ամբողջապես չի կատարում իր պարտականությունները, չունենք իրավական կարգավորում, համարժեք փոխհատուցման մասին կարգավորում»:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/09/19/111054/